Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

10 մլն-անոց Nissan է վարում, 5000 դրամ չի ուզում տա

Ապրիլ 14,2011 00:00

Պտղնիի գյուղապետը բյուջեի հաշվին թանկ մեքենաներ վարելու համար փող ունի, իր համայնքի բնակչի կյանքը փրկելու համար՝ ոչ

Կոտայքի մարզի Պտղնի համայնքի գյուղապետի ծառայողական մեքենան 2008 թվականի արտադրության «Nissan Altima» է: Այն գնվել է հենց 2008-ին՝ հատուկ Պտղնիի գյուղապետի համար: Հարցն այն չէ, որ գյուղապետն արժանի չէ, որ «Նիսսան Ալթիմա» քշի կամ Պտղնիում ի՞նչ կարիք կար այդքան թանկարժեք ծառայողական մեքենա գնել: Պարզապես 2008-2009-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում, երբ նախարարությունների գնած մի քանոնն ու գրիչը հաշվում էին, երբ վարչապետը պարբերաբար նախարարներին հորդորում էր ավելորդ ծախսեր չանել, գործուղումները ցրել, բյուջեն չծանրաբեռնել, Պտղնիի համար նոր «Նիսսան Ալթիմա» գնելն իսկապես ճոխություն է երեւում, հատկապես որ՝ գյուղապետը մյուս համայնքապետերի պես «Մոսկվիչով» կամ «Ժիգուլիով» յոլա չէր գնում, վարում էր «Audi» մակնիշի դարձյալ բավականին թարմ մեքենա, որը հիմա տվել է իր տեղակալին:
Մի քանի օր առաջ «Առավոտը» հրապարակել էր Պտղնիի մի բնակչի՝ Մելանյա Հայրապետյանի խնդրի մասին, որի  բնակելի տունը գտնվում է «Հայէլցանցերի» բարձր լարման հենասյան կողքին՝ ընդամենը 7.5 մետր հեռավորության վրա: Պտղնիի համայնքապետը բնակչին հողհատկացում է արել ու հիմա պարզվել է, որ ամեն րոպե Մելանյայի ընտանիքը կարող է մոխրանալ, որովհետեւ սահմանված նորմատիվներով՝ այդպիսի բարձր լարման օդային գծերից պետք է պահպանվի առնվազն 15 մետր տարածություն: Արդեն 4 տարի է՝ բնակիչը տարբեր պաշտոնական դռներ է թակում ու իր կյանքի, անվտանգության հարցն այդպես էլ չի լուծվում, քանի որ հենասյունը տեղափոխելու ծախսը մոտ 10 մլն դրամ է, իսկ այդ գումարը ո՛չ գյուղապետը, ո՛չ էլ բնակիչը չեն ուզում տալ: Նշենք, որ գյուղապետի «Նիսսան Ալթիման» էլ ճիշտ այդքան է գնվել՝ բյուջեի հաշվին:
Երեկ մենք գյուղապետ Առաքել Վիրաբյանից հետաքրքրվեցինք, թե ընդամենը 29 մլն դրամ բյուջե ունեցող համայնքի գյուղապետը ո՞նց է իրեն թույլ տալիս նման թանկ մեքենաներ վարել ու որքա՞ն գումար է պատրաստվում տալ՝ Պտղնիի բնակչի անվտանգության համար, հատկապես որ, թե՛ մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, թե՛ տարածքային կառավարման նախարարությունը վստահեցնում էին, որ «համայնքապետը կառավարության թիվ 313 որոշման պահանջների խախտումով հողհատկացում է արել, խնդիրը համայնքային նշանակության է, այն պետք է  լուծի համայնքը՝ սեփական միջոցներով»: «Առավոտի» հետ զրույցում գյուղապետը սխալ հանեց մարզպետին ու նախարարությանը. «Մարզպետը հո չի՞ իմանում մեր գյուղում ինչ կա, ինչ չկա, ես սխալ որոշում չեմ կայացրել, հողհատկացումը բարձր լարման գոտում չի արվել, բնակիչն ինքնակամ մեծացրել է տարածքը: Էդ իրե՞նք են որոշում, թե ով է մեղավոր ու ինչքան ծախս պիտի փակի: Եթե ես որոշ գումար այդ հենասյան տեղափոխման համար տալու լինեի, ոչ թե որպես մեղավոր պիտի տայի, այլ՝ որպես մեր գյուղացու պիտի օգնեինք: Բայց ես նույնիսկ 5000 դրամ էլ դրա համար չեմ հատկացնի»: Մեր հարցին՝ համայնքի բնակչի կյանքի համար 5000 դրամ չեք հատկացնի, բա ինչպե՞ս եք համայնքի հաշվին 10 մլն դրամի հատկացում արել՝ այդքան թանկ մեքենա եք գնել, պարոն Վիրաբյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, մեր բյուջեն ձեւավորվում է հիմնականում հողերի վաճառքից: Այն ժամանակ աճուրդային հողեր ենք վաճառել թանկ գներով՝ փող ունեինք, հիմա հող չունենք, որ վաճառենք: Որ հիմա փող չունեմ՝ որտեղի՞ց տամ»: Երբ հարցրինք գյուղապետին՝ փող ունենայիք՝ կտայի՞ք, բնակչի համար «5000 դրամ չտվող» համայնքապետն արդեն խոսքը փոխեց. «Ունենայի՝ մեծ սիրով կտայի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել