Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ուղղակի ժողովրդի ջղերն են մաշվում»

Ապրիլ 14,2011 00:00

Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները  չեն սպասում լուրջ «կատակլիզմներ»

ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում առաջին նախագահը հայտարարեց, որ ակնկալում է մինչեւ ապրիլի 28-ի հանրահավաքը «հանուն երկխոսության մեր կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները, որոնք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը, կատարված պետք է լինեն: Եթե դա տեղի չունենա, ապա ՀԱԿ-ը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը»:
Միաժամանակ ասվել էր նաեւ՝ «մենք իրադարձությունները չենք փութացնելու, գործելու ենք Սահմանադրության ու օրենքների շրջանակում եւ մեր պահանջների իրականացմանը հասնելու ենք քայլ առ քայլ, սահուն ընթացքով՝ երկիրը զերծ պահելով սոցիալական ընդվզումներից ու քաղաքական ցնցումներից, ոչ ամենեւին պայքարի հեղափոխական մեթոդների օրինականությունը մերժելու, այլ բացառապես Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգը չմեծացնելու նկատառումով»: Խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից ՀԱԿ-ի այս հայտարարությունները մեկնաբանվում են որպես խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներ եւ իրենց ասելով՝ նորմալ են վերաբերվում ՀԱԿ-ի հայտարարություններին:
Ի դեպ, ընդդիմության այս թեւի հայտարարություններին նորմալ է վերաբերվում նաեւ ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Մեր հարցին՝ ի՞նչ կարող է նշանակել ՀԱԿ-ի ներկայացրած ջրբաժանը, պարոն Շահբազյանն ասաց. «Արդեն չորրորդ տարին կա մի խնդիր, եւ կարծում եմ՝ այդ խնդիրը կշարունակվի մինչեւ այս տարվա վերջ՝ ժողովրդին պահել հրապարակում, ինչ-որ կերպ պահել: Դուք հիշո՞ւմ եք որեւէ հանրահավաք, որին նախորդող ընթացքում այդպես չլարվի մթնոլորտը, չտաքացվի, չասվի, որ դարակազմիկ մտքեր են ասվելու, որ շրջադարձային, պատմական է լինելու եւ այլն:
Սա միշտ էլ եղել է, պարզապես ժողովուրդ պահելու խնդիրը կա: Ուղղակի ժողովրդի ջղերն են մաշվում, այլապես որքանո՞վ են այդ խոստումները իրականանում, այդ ակնկալիքները արդարանում»: Ըստ մեր զրուցակցի, ՀԱԿ-ը գնում է հերթական ընտրությունների. «Եվ նույնիսկ այն պարագայում, երբ տոնը փափկել է, խոսել այն մասին, թե արտահերթ ընտրություններ են լինելու, ուղղակի տարօրինակ է: Ինչպե՞ս են տեղի ունենալու, այսօր այդպիսի պայմաններ չկան: Այսօր աշխարհում շատ կատակլիզմներ են լինում, բնական եւ ոչ բնական, մեզ, բարեբախտաբար, դա կարծես չի սպառնում, որպեսզի մենք ասենք, թե դրանից հետո կարող է եւ անխուսափելի դառնան»:
Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը իր հերթին հայտարարեց, թե մեր քաղաքական դաշտում կա մի տխուր ավանդույթ՝ շարունակ ժամկետներ հայտարարելը. «Մեր քաղաքական մշակույթը իր դառը կողմերն էլ ունի, դրանք կրկնվող մտքերն են, անընդհատ ժամկետներ ասելը, եւ չեմ կարծում, թե ջրբաժանների մասին հայտարարությամբ հզոր միտք է ասված: Քաղաքական իրավիճակներն այնպիսին են, որ հնարավոր չի լինի մեկ մտքով կամ մեկ որոշումով առաջ շարժել ժողովրդին: Խնդիրները պետք է ավելի լավ ուսումնասիրել: Իսկ մենք վճռական ենք եւ շարժվում ենք մեր սկզբունքներով»: Գալուստ Սահակյանը վստահ է, որ կան խնդիրներ, եւ խնդիրները կամաց-կամաց լուծվում են, եւ դրա համար չարժե միտինգներ անել: Ըստ Գալուստ Սահակյանի՝ այսօր քաղաքական դաշտում ստեղծվել է իրարամերժ կարծիքների մի ամբիոն, որը կապված է խորհրդարանական ապագա ընտրությունների հետ. «Կարծում եմ, քաղաքական տարամերժ կարծիքների մի ամբիոն է ստեղծվել այսօր քաղաքական դաշտում՝ կարծեք թե կապված առաջիկա ընտրությունների հետ: Դրանք զուտ տեսակետներ են, եւ միշտ էլ մեր քաղաքական գործիչները փորձում են ավելին ասել, քան հնարավոր է պատկերացնել, այնպես որ՝ դրանք պարզապես հնչած մտքերն են, որոնք չեմ կարծում, որ գաղափար կամ սկզբունքներ կառաջացնեն»: Մեր հարցին՝ այդուհանդերձ, ՀԱԿ-ը կոնկրետ առաջարկներ կամ պահանջներ է ներկայացրել՝ հավաստիացում, որ կբացահայտվեն մարտի մեկի զոհերի մեղավորները, որ Ազատության հրապարակը բաց կլինի հանրահավաքների համար (իսկ մի՞թե բաց չի- Մ. Ե.) եւ երրորդ՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց. «Առավել տրամաբանական չէ, որ երբ երկխոսության մասին են խոսում, եւ այն նյութերը, որոնք երկխոսության պահանջ են ներկայացնում, փորձեն որպես նախապայման առաջարկել: Ծիծաղելին այն է, որ երբեւիցե միտք չի առաջանում, որ իրենց ենթադրյալ առաջարկությունների լուծման դեպքում ի՞նչ հարցի շուրջ պիտի երկխոսենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել