Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁԵՌՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԽԽՎ-ՈՒՄ

Ապրիլ 14,2011 00:00

\"\"Հայաստանի պատվիրակության նամակի հետքերը կորցնելուց հետո հիմա էլ Թուրքիայի վարչապետին ապահովագրեցին անհաճո հարցեր լսելուց:

Երեկ ԵԽԽՎ-ում հանդես գալով ուղերձով՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետո պատասխանեց պատվիրակների հարցերին: Նախավերջինը Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն էր, որը հարց ուղղեց, թե ո՞րն էր հայ-թուրքական արձանագրությունների տակ ստորագրություն դնելու իմաստը, եթե Թուրքիան մինչ օրս շարունակում է հայ-թուրքական սահմանի բացումը պայմանավորել ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ: Հիշատակեց նաեւ Կարսի հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանը ապամոնտաժելու մասին Թուրքիայի վարչապետի պահանջը եւ հետաքրքրվեց՝ արդյոք այդ քայլը նպաստո՞ւմ է հարեւան երկրի հետ հարաբերությունների կարգավորմանը: Հարցի վերջին մասին որեւէ կերպ չանդրադառնալով՝ Էրդողանը պատասխանեց. «Թեեւ Թուրքիան ստանձնել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պարտավորություն, այնուամենայնիվ՝ մտադիր չէ անտեսել բարեկամ, եղբայրական ժողովրդի՝ Ադրբեջանի շահերը: Ես շատ ազնիվ եմ ձեզ հետ՝ որոշակի քայլեր պետք է ձեռնարկվեն առկա խոչընդոտները վերացնելու համար, ինչից հետո մենք պատրաստ ենք բացել սահմանը։ Այդ իսկ պատճառով մենք միշտ հրավիրել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ քննարկելու այս հարցը: Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն պետք է մասնակցեն այս խոչընդոտների հաղթահարմանը։ Երբ նրանք իրականացնեն իրենց պարտավորությունները՝ մենք կկարողանանք գտնել լուծում։ Սակայն եթե նրանք արդյունքների չհասնեն՝ ամեն ինչ բավականին կբարդանա: Իմ երկրում 70 հազար հայ կա՝ Թուրքիայի քաղաքացի։ Ի հավելումն, եւս 40 հազար հայ է ապրում առանց քաղաքացիության։ Մենք նրանց հետ չենք ուղարկում Հայաստան, թեեւ կարող ենք՝ եթե ցանկանանք։ Նրանք շարունակում են ապրել, որովհետեւ դժվարություններ ունեն սեփական երկրում»: Միջանկյալ հիշեցնենք, որ 2009-ի մարտին BBC-ին տված հարցազրույցում պրն Էրդողանը հայ ապօրինի ներգաղթյալների այլ թիվ էր նշել՝ 100 հազար հոգի: Իսկ ԵԽԽՎ-ում հայտարարեց. «Երբ մենք ստորագրեցինք արձանագրությունները՝ գնացինք այդ քայլին, որ լուծենք առկա խնդիրները։ Սակայն ես տեսա, որ հայկական կողմը որեւէ քայլ չի ձեռնարկում, երբ գործը հասնում է սեփական սփյուռքին։ Եթե Հայաստանի կառավարությունը կարողանա առաջ շարժվել առավել նպատակաուղղված կերպով եւ գնա ճիշտ ճանապարհով, ապա, վստահ եմ, մենք կկարողանանք շատ արագ առաջ ընթանալ եւ բացել սահմանը»:
Հարց տալու համար հերթագրվել էին նաեւ Նաիրա Զոհրաբյանն ու Զարուհի Փոստանջյանը: Վերջինս «Առավոտին» փոխանցեց, որ Թուրքիայի վարչապետին մասնավորապես հարցնելու էր, թե ե՞րբ են մտադիր առերեսվել սեփական պատմությանը, ստանձնել պատասխանատվությունը հայ ժողովրդի դեմ իրականացրած Մեծ ցեղասպանության համար: «Մենք գրանցվել էինք հարց տալու համար հենց նույն օրն ու վայրկյանին, երբ ստացել էինք օրակարգը»,- ասաց տիկին Փոստանջյանը: Սակայն ինչպես պատմեց Նաիրա Զոհրաբյանը՝ հարցերի համար հերթագրվածների ցուցակում նախ ընդհանրապես չեն հայտնաբերել իրենց անունները, հետո սխալը շտկվել է: ԵԽԽՎ քարտուղարությունից պարզվել է, որ իրեն 3-րդն է տրվելու հարց հնչեցնելու հնարավորություն, իսկ Զարուհի Փոստանջյանին՝ 4-րդը: Բայց Էրդողանի ելույթը սկսվելուց հետո բաժանվել է հերթագրվածների ցուցակը, ըստ որի՝ տիկին Զոհրաբյանը հայտնվել էր 21-րդ տեղում, իսկ տիկին Փոստանջյանը՝ 26-ում:
Նաիրա Զոհրաբյանն այնուամենայնիվ կարողացավ իր հարցն ուղղել պրն Էրդողանին, երբ նա ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի եւ մի մեծ խմբի ուղեկցությամբ դուրս էր գալիս դահլիճից: «Չնայած հատկապես կին թիկնապահի կոպիտ վերաբերմունքին, որն ուղղակի հրեց պատվիրակության քարտուղարին, որը պիտի թարգմաներ իմ խոսքը, եւ ոչ մի կերպ թույլ չէր տալիս, որ մենք մոտենանք Էրդողանին՝ բղավեցի, թե պրն վարչապետ, հետ նայեք: Նա նայեց ու մոտեցավ մեզ: Ես ասացի, որ ԵԽԽՎ քարտուղարությունն ամեն ինչ արեց, որ չկարողանամ իրեն հարց ուղղել»: Հարցը մասնավորապես հետեւյալն էր, որ մարտի 27-ին Թուրքիայի արդարադատությունը կրկին մեղավոր ճանաչեց Օրհան Փամուկին՝ «Թուրքերը 1,5 մլն հայ եւ 30 հազար քուրդ են սպանել» արտահայտության համար. «Մինչեւ ե՞րբ է Թուրքիան շարունակելու առաջնորդվել միջնադարյան ինկվիզիցիայի մեթոդներով»: Այս հարցի մասին հիշատակելով՝ Նաիրա Զոհրաբյանը նրան նվիրել է նույն ալբոմը, որը նախօրեին տվել էր նաեւ Թուրքիայի ԱԳ նախարարին: Էրդողանի համար մակագրությունը հետեւյալն էր. «Նայելով այս երեխաների աչքերին, որոնք Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերից են՝ դուք, պարոն վարչապետ, նայում եք ճշմարտության աչքերին։ Եվ այդ ճշմարտությունից փախչել չեք կարող»։ Էրդողանը թերթել է ալբոմը եւ ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ ասել. «Թուրքական կողմը կարող է ներկայացնել անսահմանափա՛կ թվով նկարներ եւ փաստեր, քան դուք եք ներկայացնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել