Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց գողական չափանիշների

Ապրիլ 13,2011 00:00

Հայկական եթերը կարոտ է մանկական սերիալների  եւ հաղորդումների

Այն, որ երեխաներն այսօր գիրք չեն կարդում՝ ցավալի փաստ է: Այն, որ երեխաները հիվանդագին կախվածություն ունեն համացանցից եւ հեռուստատեսությունից՝ նույնպես ցավալի փաստ է: Այսօր 6-17 տարեկան դեռահասները ոչ միայն անգիր են անում սերիալների միջոցով հրամցվող անճաշակ, այլանդակ անհեթեթությունները եւ «թեւավոր խոսքերը», այլեւ «համոզված» են, որ իրենց դիտածը բարձրարժեք հեռուստաարտադրանք է: Բայց չէ՞ որ այսպես այլեւս չի կարելի շարունակել, երեխաներին պետք է հրամցվի այլընտրանք, զերծ՝ այսօրվա աղբից: Մեր եթերը այսօր կարոտ է մանկական հաղորդումների, ֆիլմերի, հեռուստասերիալների: Ցանկալի է, որ հայ ռեժիսորները, պրոդյուսերները էկրանավորեն հայկական հեքիաթները, դասական ստեղծագործությունները, որոնք, այսպես թե այնպես, դեռահասներին կվերադարձնեն հայ մշակույթի ակունքներին: Միակ մանկական հեռուստաալիքը, որի հետ կարելի էր հույսեր կապել՝ դադարեց ամիսներ առաջ եթեր սփռվել: Միջին սերնդի մեր քաղաքացիները հավանաբար կհիշեն, թե 1970- 80-ականներին դեռահասները ինչպիսի անհամբերությամբ էին սպասում ինչպես խորհրդային, այնպես էլ արտասահմանյան (հիմնականում նախկին սոցճամբարի երկրների) մանկական, պատանեկան ֆիլմերին եւ հեռուստասերիալներին: Չնայած դրանց մեծ մասը ուներ որոշակի գաղափարախոսական ենթատեքստ, սակայն ընդհանուր առմամբ սիրելի էին հազարավոր անչափահասների համար, դրանք սպասելի էին եւ, ամենակարեւորը, ճանաչողական էին ու չէին սերմանում հանցաշխարհի ծիլեր, այնպես, ինչպես այսօր է արվում: Գիտատեխնիկական նվաճումների այսօրվա պայմաններում, երբ մեր հեռուստաալիքների մի մասը արբանյակային հեռարձակմամբ հասու է նաեւ սփյուռքում, առավել քան կարեւորվում են մանկական բնույթի հաղորդումները եւ հեռուստասերիալները, քանզի սփյուռքում մատաղ սերունդը կարոտ է հետաքրքիր, ուսուցողական, ճանաչողական ծրագրերի: Համոզված եմ, որ հայ մեծահարուստների հովանավորությունը մանկական հեռուստաարտադրանքի ստեղծման ոլորտում հսկայական դաստիարակչական, ռազմավարական նշանակություն կարող է ունենալ, որովհետեւ մի ամբողջ սերունդ չի կարող մեծանալ գողական աշխարհի կամ հանցաշխարհի իդեալներով եւ չափանիշներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել