Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶԳՈՒՇԱՑԵՔ ՕՆԼԱՅՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ապրիլ 13,2011 00:00

Վերահսկեք երեխաների համացանցային հաճույքները

Մարդը երազեց շփվել, հաղորդել սեփական մտքերը եւ ստեղծեց հեռախոսը: Այնուհետեւ երազեց տեղափոխվել ծովի մի ափից մյուսը՝ ստեղծեց ինքնաթիռը… Ապա առաջընթաց ապրելով, զարգանալով եւ չբավարարվելով եղածով՝ մարդը ստեղծեց համակարգիչը, համացանցը:

Այսօր մեզանից շատերն իրենց առօրյան անգամ մեկ օր չեն պատկերացնում առանց համացանցի: Վերջինս սարդոստայնի նման օր օրի ընդլայնում է իր շառավիղները եւ արդեն դարձել է անկառավարելի: Իսկ այն տեղեկությունները, որոնցով «սնվում» է ամբողջ աշխարհը, զանազան են եւ անտարբերակելի:

Իսկ արդյո՞ք այդ սարդոստայնը վտանգ է ներկայացնում նրանց համար, ովքեր օգտվում են համացանցից, այդ հարցերի շուրջ զրուցեցի Ռումինիայից ժամանած ինժեներ եւ հոգեբան Միրճյա Պոպեսկու հետ: Ըստ նրա. «Համացանցը արագացնում է աշխարհի ռիթմը, օգնում է մարդկանց ավելի արագ եւ հեշտ շփվել միմյանց հետ: Հանգամանք, որն այլեւս ոչ մեկի չի զարմացնում: Ցավոք, տարբեր տեղեկություններից օգտվելու ժամանակ այն կարող է շատ վտանգավոր լինել, հատկապես անչափահասների շրջանում: Ասեմ, որ ամենատարածված վտանգներից են սեռական օնլայն բռնությունները, որոնցից առավել հաճախ հանդիպում են ինֆանտիլ պոռնոգրաֆիան եւ պեդոֆիլիան: Այնպես որ, թող հատկապես մայրերը ուշադիր լինեն իրենց երեխաների նկատմամբ»:

Վիճակագրությունը ցույց է տվել, որ բազմաթիվ են այն երեխաները, որոնց մոտ համացանցից առանց ծնողների վերահսկողության օգտվելու արդյունքում առաջացել են կամային գործունեության խանգարումներ:

Հոգեբաններն ասում են, որ յուրաքանչյուր կամային ակտ բաղկացած է երկու փուլից՝ առաջին փուլը դրդապատճառների պայքարն է, որն ավարտվում է որոշման ընդունմամբ, երկրորդ փուլը նպատակասլաց գործողությունն է: Կամքը հոգեկան գործընթաց է, որի ժամանակ իրականացվում է նպատակաուղղված, մոտիվացված եւ գիտակցված գործունեություն:

Կամային ոլորտը, ըստ իր բովանդակության եւ ուղղվածության, լինում է ստորակարգ եւ բարձրակարգ կամային ոլորտ, որտեղ ստորակարգը ինֆանտիլ գեդոնիստական՝ մանկական-հաճույքային ոլորտն է ֆիզիոլոգիական մակարդակի վրա, եւ բարձրակարգ ոլորտը, որը անվանում են էգոիստական պրագմատիկ, երբ հակումը դեպի գործունեություն մոտիվացվում է անձնական հետաքրքրություններով, հաճախ՝ ի վնաս շրջապատողների:

Վիճակագրությունից կարելի է նաեւ տեղեկանալ, որ աշխարհում 6-17 տարեկան երեխաների 75%-ը օգտվում է համացանցից, իսկ 60%-ը վերջինի միջոցով տուժում է պեդոֆիլների պատճառով: Օրինակ՝ ԱՄՆ-ում այս պահի դրությամբ 400000 մարդ դատապարտված է՝ սեռական օնլայն ոտնձգությունների պատճառով, բայց դա, կարելի է ասել, այնքան էլ չի անհանգստացնում ամերիկացիներին, եւ այնտեղ 18 տարեկանից ցածր 45 միլիոն հոգի օգտվում է համացանցից:

Այն, որ համացանցը, իր լավ կողմերից բացի, պարունակում է նաեւ բազմաթիվ վատ հանգամանքներ, վնասակար սովորություններ, ազդեցություններ եւ այլն, դա արդեն մեզ վաղուց պարզ է դարձել: Սակայն, թե ինչպես կարելի է կանխել կամ առնվազն փորձել կառավարել այն, դեռ շատերի համար գլխացավանք է մնում:

«Օրինակ, երեխաների հանդեպ համացանցի միջոցով հետապնդվող սեռական օնլայն ոտնձգությունների առիթով «Hօlline Safernet.ro» եւ նմանատիպ կայքերի միջոցով ոստիկանության աշխատակիցները կանխում են այդօրինակ դեպքերը՝ հետեւելով այդ բնույթի հանցավոր գործողություններ կատարողների ամեն մի քայլին՝ համացանցում», – Ռումինիայի օրինակը մեզ հետ զրույցում ներկայացրեց Մ. Պոպեսկին:

Վերահսկող մարմինները պարտավոր են նվազեցնել մարդկությանը սպառնացող վտանգավոր հանգամանքները:

Հայտնի չէ, թե Հայաստանում համապատասխան մարմինների աշխատակիցները ինչպես են վերահսկում կամ կանխում սեռական օնլայն ոտնձգությունները, բայց որ այդպիսի դեպքեր այստեղ էլ կան՝ դա փաստ է: Եվ չնայած հայերը սովորության համաձայն կամ գուցե ամոթին զոհ գնալով չեն բարձրաձայնում իրենց՝ օնլայն ոտնձգությունների ենթարկվելու փաստը, ամեն դեպքում մեր իրավապահ մարմիններն էլ չպետք է անլուրջ մոտենան այն քիչ «համարձակներին», որոնք դիմում են իրենց օգնությանը, օրինակ, այն դեպքերում, երբ սոցիալական ցանցից վերցրել են իրենց լուսանկարներն ու օգտագործել՝ տվյալ անձին վարկաբեկող ձեւով շփումներ ծավալելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել