Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միանձնյա առաջատարը «Ուլիսն» է

Ապրիլ 13,2011 00:00

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանը հատեց հասարակածը՝ հաճելի անակնկալ մատուցելով հայկական ֆուտբոլում միօրինակություն տեսնող երկրպագուներին: Իհարկե, գունապնակում նոր ներկեր չեն հայտնվել, փոխարենը՝ նոր «լուսավորվածությունը» էապես փոխել է սովորական դարձած պատկերը. չորս տուրից հետո ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Երեւանի «Ուլիսը»: Սեւադա Արզումանյանի թիմն իր ակտիվում միայն մեկ ոչ-ոքի է գրանցել՝ երեք հաղթանակների դիմաց, այն էլ՝ «Գանձասարի» հետ առաջին տուրի հետաձգված խաղում: Իսկ հաղթանակները մրցանակային տեղերի հիմնական հավակնորդների նկատմամբ էին. «Բանանցի» ու «Շիրակի» 3:1, եւ «Փյունիկի»՝ 1:0:

Չորրորդ տուրը մասնակիցների կազմով կրկնեց մի քանի գավաթային հանդիպումների ելքերը: Այդպես, «Ուլիսը» մրցեց «Շիրակի» հետ ու կրկին հաղթանակ տոնեց, միայն թե ավելի խոշոր՝ 3:1 հաշվով, իսկ «Միկան» հանդիպեց «Իմպուլսի» հետ: Այստեղ նույնպես ուժերի վերադասավորություն տեղի չունեցավ՝ կրկին հաղթեց «Միկան»: Այս խաղն էլ աչքի ընկավ գոլառատությամբ. գրանցվեց հինգ գոլ ու հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով՝ հօգուտ դաշտի տերերի: Ի դեպ, այս հանդիպումը միակն էր չորրորդ տուրում, որում հաջողությունն ուղեկցեց դաշտի տերերին: Պայմանականորեն սեփական հարկի տակ, սակայն դե ֆակտո՝ «Միկա» մարզադաշտում, նախորդ առաջնության արծաթե մեդալակիր «Բանանցը» գոլառատ ու դրամատիկ խաղում զիջեց «Փյունիկին»: Երկու անգամ Կուզմանոսկու սաները հաշվի մեջ առաջ անցան, սակայն խաղավարտից հինգ րոպե առաջ նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Գեւորգ Ղազարյանը վճռեց խաղի ելքը՝ 4:3, հօգուտ «Փյունիկի»: Բայց անգամ հաղթանակը գործող չեմպիոնին մրցաշարային աղյուսակում առաջընթաց չապահովեց: «Փյունիկը» 7 միավորով միայն չորրորդն է՝ իրենից առաջ թողնելով «Ուլիսին», «Միկային» եւ «Գանձասարին»: Վերջինս չորրորդ տուրում հաղթանակ էր տոնել «հատակում» գտնվող «Արարատի» նկատմամբ: Ընթացիկ առաջնությունում Արկադի Անդրեասյանի «Արարատը» միայն մեկ միավոր է վաստակել մեկնարկային խաղում, որին երեք անընդմեջ պարտություն է հաջորդել: Այժմ արարատցիները 1 միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը ու սպասում հաջորդ տուրում կայանալիք խաղին՝ առաջատարի հետ: Իհարկե, դժվար թե այդ հանդիպումը որեւէ փոփոխություն մտցնի մրցաշարային աղյուսակում՝ կապված «Արարատի» գրաված հանգրվանի հետ, սակայն ամեն ինչ դեռ հնարավոր է էապես շտկել, քանի որ աղյուսակի ստորին հատվածում թիմերին միմյանցից մեկական միավորներ են բաժանում: Այդպես, «Շիրակը» 4 միավորով հինգերորդն է, «Իմպուլսը»՝ 3 միավորով վեցերորդը, «Բանանցն» էլ 2 միավորով զբաղեցնում է նախավերջին տեղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել