Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեն Գրիգորյանի երեք արծաթե մեդալները

Ապրիլ 13,2011 00:00

\"\"Երեկ ծանրամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Էլեն Գրիգորյանը գերազանց մրցելույթ ունեցավ՝ զիջելով միայն աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Թուրքիայի ներկայացուցիչ Այլին Դաշդելենին: 23-ամյա հայ մարզուհին մինչեւ 53 կգ քաշային կարգում նվաճեց միանգամից երեք արծաթե մեդալ՝ բարձրացնելով այսօրվա դրությամբ իր հնարավորությունների ներած առավելագույն կիլոգրամներ:

Պոկում վարժությունն սկսելով 82 կիլոգրամից, այնուհետեւ Էլենը գլխավերեւում պահեց նաեւ 85 կիլոգրամը, սակայն երրորդ մոտեցումն 88 կգ-ին անհաջող ստացվեց: Այդուհանդերձ, այդ արդյունքն էլ լիովին բավարարեց փոքր արծաթը նվաճելու համար: Իսկ 90 կգ-ով առաջին ճանաչվեց Դաշդելենը:

Հրում վարժությունում էլ պայքարն ընթացավ հենց այս երկու մարզուհիների միջեւ: Էլենը կատարեց երեք հաջող մոտեցում՝ 103, 106 եւ 110 կիլոգրամներին, որին Դաշդելենը պատասխանեց 110 եւ 112 կիլոգրամներով՝ երրորդ անգամ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Թուրք մարզուհին վերջին մոտեցմամբ փորձեց մեկ կիլոգրամով գերազանցել հրում վարժությունում իրեն իսկ պատկանող Եվրոպայի ռեկորդը, սակայն 122 կիլոգրամանոց ծանրաձողը չենթարկվեց նրա կամքին:

Երկամարտում Այլին Դաշդելենը 202 կգ-ով կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին, Էլեն Գրիգորյանը 195 կգ-ով առաջին անգամ դարձավ Եվրոպայի մեծահասակների փոխչեմպիոն, իսկ երրորդ տեղը գրավեց գերմանուհի Յուլիա Ռոդեն՝ 187 կգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել