Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԲԱՌԱՐԱՆ

Ապրիլ 13,2011 00:00

«Արեգ» հրատարակչությունը, որը հիմնականում հրատարակում է երկլեզվյա բառարաններ, զրուցարաններ եւ հանրագիտարանային գրքեր, լույս ընծայեց իր հերթական՝ «Հայ-ռուսերեն, ռուսերեն-հայերեն» բառարանը (կազմողներ՝ Սամվել Գասպարյան, Մարիամ Կիրակոսյան): Բառարանն ամփոփում է գիտության եւ տեխնիկայի (հատկապես՝ համակարգչային), գրականության եւ արվեստի, քաղաքականության եւ դիվանագիտության, սպորտի եւ այլ բնագավառներում, ինչպես նաեւ հոգեւոր կյանքում հանդիպող բառերի բավականին հարուստ ընտրանի:

Ինչո՞վ է առանձնանում սույն բառարանը հրապարակի վրա եղած մյուս բառարաններից: Նախ՝ չափի եւ տառատեսակի ընտրությամբ. բառարանը դյուրակիր է, դրանից հարմար է օգտվել եւ հեշտ ընթեռնելի է: Այնուհետեւ՝ նման հարուստ բառացանկ (55.000 բառ եւ արտահայտություն) չի ունեցել նախկինում հրատարակված եւ ոչ մի երկլեզվյա բառարան: Եվ, վերջապես, բառարանը գրավիչ է նաեւ վերջին շրջանում մեզանում լայնորեն գործածվող բազմաթիվ նոր բառերի, հայերեն ու ռուսերեն ամենագործածված առածների ու ասացվածքների առատությամբ: Պակաս կարեւոր չէ խոսակցական լեզվի, ինչպես նաեւ ժարգոնային մի շարք բառերի առկայությունը:

Սույն բառարանը կարող է օգտակար լինել ռուսերեն գրքեր ու թերթեր կարդալու եւ թարգմանելու, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում առօրյա շփումների համար:

Բառարանը հասցեագրված է հանրակրթական դպրոցի բարձր դասարանի աշակերտներին, ուսանողներին, թարգմանիչներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել