Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գագարինի թռիչքը միայն սկիզբն էր»

Ապրիլ 13,2011 00:00

«Տիեզերական» միջոցառումները շարունակվում են

Յու. Գագարինի թռիչքի 50-ամյակի առթիվ Հայաստանում տեղի են ունենում մի շարք միջոցառումներ, մրցույթներ ու գիտաժողովներ: Երեկ էլ ԳԱԱ-ում մեկնարկեց գիտական նստաշրջան, որի ընթացքում ակադեմիկոսները հանդես էին գալիս տիեզերական հետազոտությունների վրա հիմնված գիտական զեկուցումներով:

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանի զեկուցումը նվիրված էր աստղագալակտիկական աստղագիտության ուսումնասիրությանը՝ ոչ օպտիկական տիրույթներում: «Գագարինի թռիչքը միայն սկիզբն էր, իսկ ամբողջ իմաստն այն էր, որ դրանից հետո տիեզերական հետազոտություններն ակտիվացնեն: Տիեզերքից շատ հետազոտություններ են կատարում նաեւ տնտեսական, կենցաղային նշանակություն ունեցող ոլորտներում՝ օդերեւութաբանության, գյուղատնտեսության, կապի եւ այլն»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Ա. Միքայելյանը: «Առավոտի» հարցին, թե ի՞նչ դերակատարում են ունեցել հայերը Գագարինի թռիչքի հետ կապված, մեր զրուցակիցը պատասխանեց, որ մեր հայրենակիցների կողմից մասնակցությունը մեծ է եղել հատկապես նախապատրաստական աշխատանքներին: Տիեզերական կենսաբանության եւ բժշկության ոլորտներում մեր ամենահայտնի գիտնականը Նորայր Սիսակյանն է, որին շատերն անվանում են տիեզերական կենսաբանության հիմնադիր:

Զեկուցումներից մեկն էլ նվիրված էր տիեզերական անվտանգությանը, այսինքն՝ ուղեծրում շարժվող տիեզերանավերի եւ այլ տիեզերական ապարատների բեկորներին, որոնք խանգարիչ ազդեցություն են ունենում հետագա թռիչքների համար:

Ակադեմիկոս Վահագն Գուրզադյանն էլ նշեց, որ Գառնիում նախաթռիչքային պատրաստություն է անցել մոտ 40 տիեզերագնաց: Հայերի դերակատարության մասին նա հիշեցրեց. «2001 թվականին Գառնիում բացված Տիեզերքի թանգարանի բացման ժամանակ կրկնակի հերոս, տիեզերագնաց Լեբեդեւն ասել է. «Մեր ճանապարհը դեպի տիեզերք սկսվել է Գառնիից»:

Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն էլ հավելեց, որ հայերը թռիչքից առաջ Բյուրականում կազմակերպել են տիեզերագնացների վերապատրաստումներ:

Նրա զեկուցումը վերաբերում էր տիեզերական աղտոտվածության խնդիրներին: «Ցանկացած տեխնոլոգիական նորություն բերում է ինչպես առաջադիմություն, այնպես էլ որոշ բացասական երեւույթներ: Մերձերկրյա տարածության մեջ այսօր տարբեր գնահատականներով կուտակվել է մոտ 5000 տոննա մետաղական ջարդոն՝ հին նավեր, սարքավորումներ եւ այլն, որոնք ստեղծել են «էկրան», ինչը դժվարեցնում է նոր տիեզերանավերի արձակումը: Դրանք նաեւ «վթարների» պատճառ կարող են հանդիսանալ»,- ասաց պարոն Հարությունյանը: Նրա փոխանցմամբ, անցյալ տարի արձանագրություն է ստորագրվել ռուսական կողմի հետ, աստղադիտարան կբերվեն նոր դիտակներ, որոնք կտեղադրվեն Բյուրականի աստղադիտարանի տարածքում:

Հ. Գ. Երեկ նաեւ Երեւանի Գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց կերպարվեստի ստուդիա-քոլեջի սաների աշխատանքների «Տիեզերք առանց սահմանների» ցուցահանդեսը` նվիրված Յու. Ա. Գագարինի տիեզերք թռիչքի 50-ամյակին: Միջոցառման կազմակերպիչներն են Գեղագիտության ազգային կենտրոնը եւ Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնը Երեւանում: Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, տարբեր երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել