Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՈՐՈՇԵՑԻ ԲԱՎԱՐԱՐԵԼ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ»

Ապրիլ 13,2011 00:00

Բուլղարիայում կարիերա անող երգչուհի Լուսինե Հովսեփյանը՝ իր եւ Հայաստանի մասին

\"\"
Լ. Հովսեփյանը՝ Մադամ Բաթերֆլայի կերպարում:

Արեւմտյան օպերային թատրոններում ցանկացած նոր բեմադրություն իրականացնելիս ընդունված է ճանաչված երգիչ-խորհրդատուների հրավիրման գործընթացը, ինչը մեզանում կիրառվել է երկու անգամ: 2008թ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունը Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի բեմադրությունն իրականացնելու նպատակով հրավիրեց անվանի մանկավարժ Նատալյա Աֆեյանին, իսկ 2010-ին Ազգային օպերային թատրոնը՝ իտալացի երգչուհի Պատրիցիա Պաչեին՝ Վերդիի «Աիդայի» համար: Երգիչ- խորհրդատուների դերը նշանակալի է ոչ միայն զուտ մասնագիտական իմաստով, այլեւ նրանց միջոցով հաճախ բացահայտվում եւ սկսվում է երիտասարդ կատարողի կարիերան:

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, սոպրանո Լուսինե Հովսեփյանի (դոցենտ Վիոլետ Սահակյանի դասարան) երեւանյան հանդիպումը Նատալյա Աֆեյանի հետ՝ շրջադարձային եղավ երիտասարդ երգչուհու կյանքում, թեպետ նա դեռեւս ուսանելու տարիներին 2003թ. մասնակցելով Սիցիլիայի Ալկամո քաղաքում կայացած երիտասարդ վոկալիստների միջազգային մրցույթին, արժանացել էր «Լավագույն ձայն» տիտղոսին: Ն. Աֆեյանի հրավերով Լուսինեն մեկնում է ուսանելու Սոֆիայի Նոր բուլղարական համալսարանի մագիստրատուրայում: Մեկ տարի Աֆեյանի դասարանում կատարելագործվելուց հետո նա հանդիպում է աշխարհահռչակ սոպրանո Դարինա Տակովային, ում մոտ էլ 2010-ին ավարտում է համալսարանը:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Լ. Հովսեփյանն ասաց, որ իր պրոդյուսերը Դ. Տակովան է, ում շնորհիվ էլ դեռեւս ուսումնառության տարիներին գլխավոր դերերգերով հանդես է եկել Պլովդիվի, Ռուսեի, Ստարա Զագորայի օպերային թատրոններում, ունեցել բազմաթիվ մենահամերգներ, այդ թվում՝ նաեւ Սոֆիայի ֆիլհարմոնիայի կամերային նվագախմբի հետ, վարպետության դասեր է առել մեծանուն երգիչներ Ստոյան Պոպովից եւ Ժիվկո Պրանչեւից: Տարբեր նախագծերում էլ համագործակցել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Դիան Չոբանովը եւ Վեսելին Բայչեւը: Հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ո՞ր օպերային ներկայացումներում է երգել եւ արդյո՞ք ժամանակը չէ բեմ բարձրանալ նաեւ Ազգային օպերային թատրոնում: «Բուլղարիայի տարբեր թատրոններում գլխավոր դերերգերով ներկայացել եմ Մոցարտի «Այդպես են վարվում կանայք», «Կախարդական սրինգ», «Ֆիգարոյի ամուսնությունը», Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» եւ Վերդիի «Տրուբադուր» ներկայացումներում: Ինչ վերաբերում է Երեւանի օպերային թատրոնին, անշուշտ, հրավերի դեպքում սիրով կընդունեմ այն»: Հայաստանցի ունկնդրին դեռեւս անծանոթ երգչուհուց հետաքրքրվեցինք նաեւ՝ ի՞նչ առիթով է հայրենիքում: Ասաց, որ թողարկել է իր CD-ն եւ հետո էլ հավելեց. «Մադամ Բաթերֆլայի» պրեմիերայից առաջ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկն ինձ հարց տվեց, թե ի՞նչ կապ ունեմ Հայաստանի հետ: Պատասխանեցի՝ Հայաստանը հայրենիքս է, ես էլ հայ եմ: Հաջորդ օրը կարդում եմ, թե սոպրանո Հովսեփյանը հավանաբար խզել է իր կապերը Հայաստանի հետ… Չգիտես ինչու, անընդհատ լրագրողներին հետաքրքրում է այն հարցը, թե ինչու չեմ երգում Հայաստանում: Եվ սա դարձել էր իմ մասին գրված գերակշիռ հոդվածների առանցքը: Ես էլ որոշեցի CD-ս թողարկել Հայաստանում, դրանով գուցե որոշ չափով բավարարած կլինեմ արտերկրյա լրագրողների հետաքրքրությունը»:

Մեր զրուցակիցն ասաց, որ շատ կուզենար բեմ բարձրանալ նաեւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կամ վերջինիս փոքր կազմով ելույթներ ունենալ հայաստանյան եկեղեցիներում, ինչը ընդունված է Արեւմուտքում: Օրինակ էլ բերեց, թե վաղօրոք պլանավորված համերգների, ներկայացումների թվում աշնանը Սոֆիայի հայտնի տաճարում նշանակված է իր մենահամերգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել