Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՈՏ Դ’ԻՎՈՒԱՐՈՒՄ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎԵՑ

Ապրիլ 13,2011 00:00

Միջազգային մամուլը հաղորդում է Կոտ դ՛ Իվուարում ամիսներ շարունակվող զինված դիմակայության հանգուցալուծման մասին: Կոտ դ’Իվուարի նորընտիր եւ միջազգայնորեն ճանաչված նախագահ Ալասսան Ուատտարան հեռուստատեսային ուղերձում երկրի բնակչությանը կոչ է արել ձեռնպահ մնալ բռնությունից: Ապրիլի 11-ի գիշերը Աբիջայի իր նստավայրում կալանավորվել է ամիսներ շարունակ իր պաշտոնը լքել չցանկացող նախկին նախագահ Լորան Գբագբոն: Որոշակի եւ ստույգ տեղեկություններ այն մասին, թե ով է հատկապես իրականացրել նրա կալանավորումը՝ չկա: Կան տեղեկություններ, թե դա արել են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կազմում գործող ֆրանսիացի զինվորականներն ու Գբագբոյին հանձնել են ընդդիմությանը: Բայց ֆրանսիացիները հերքել են իրենց մասնակցությունն այդ օպերացիային: Այլ աղբյուրների հաղորդմամբ, Գբագբոյին կալանավորել են Ուատտարային հավատարիմ ուժերը: Ինչեւէ, Գբագբոյի կալանավորման փաստը ողջունել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման՝ հույս հայտնելով, որ մի քանի ամիս իշխանության համար մղված զինված պայքարից հետո նոր նախագահը ազգային հաշտեցմանը նպաստող քայլեր կձեռնարկի: Գբագբոն իրեն հավատարիմ ուժերին կոչ է արել դադարեցնել դիմադրությունը, իսկ Ուատտարային հավատարիմ ուժերը շարունակում են վերահսկողության տակ պահել երկրի ամենամեծ քաղաքի՝ Աբիջանի փողոցները: ՄԱԿ-ում Կոտ դ’Իվուարի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, թե ողբերգական իրադարձություններն իր երկրում հանգուցալուծում են ստացել, եւ Գբագբոն կկանգնի դատարանի առաջ՝ իր կատարած հանցագործությունների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել