Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱՆ ՈՒ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՆԱՏՕ-Ի ՋԱՆՔԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ

Ապրիլ 13,2011 00:00

\"\"Հյուսիսատլանտյան դաշինքը Լիբիայում քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար բավարար ջանքեր չի գործադրում: Reuters-ի մատուցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպենը՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ տապալվել է Աֆրիկյան միության կողմից հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկված ծրագիրը:

Ժյուպենը կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ի թիրախ պետք է լինի Լիբիայի հյուսիսում գտնվող եւ ապստամբների կողմից վերահսկվող Միսուրատայի շուրջ Քադդաֆիի բանակի տեղակայած ծանր տեխնիկան: Հատկապես այդ քաղաքի համար են հակամարտող կողմերը ծանր մարտեր մղում, ինչը ստիպել է ընդդիմությանը Աֆրիկյան միության՝ կրակը դադարեցնելու կոչերը որակել անիմաստ: «Աֆրիկյան միության նախաձեռնությունը չի նախատեսում Քադդաֆիի եւ նրա որդիների հեռացումը երկրի քաղաքական ասպարեզից, ուստիեւ՝ ակտուալ չէ»,- հայտարարել է ապստամբների առաջնորդ Մուստաֆա Աբդել Ջալիլը՝ Աֆրիկյան միության պատվիրակների հետ Բենգազիում տեղի ունեցած բանակցություններից հետո: Քադդաֆիի որդին՝ Սաիֆը, իր հերթին բացառել է հոր կողմից իշխանությունից հրաժարվելու որեւէ հնարավորություն:

«ՆԱՏՕ-ն պետք է ամբողջ ծավալով կատարի իր ստանձնած խնդիրը: Նա ուզում էր ստանձնել օպերացիայի ղեկավարությունը՝ մենք համաձայնեցինք: Նա պետք է կատարի իր առջեւ դրված խնդիրը՝ թույլ չտալ, որպեսզի Քադդաֆին ծանր հրազենի կիրառմամբ ռմբահարի քաղաքացիական բնակչությանը»,- հայտարարել է Ժյուպենը՝ Լիբիայում ստեղծված իրավիճակի հարցով շփման խմբի հետ Դոխուում կայանալիք հանդիպմանը մեկնելուց առաջ: Լիբիայում ջանքերն ակտիվացնելու կոչով ՆԱՏՕ-ին է դիմել նաեւ բրիտանական ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը:

Կարմիր խաչը հաղորդել է, թե Տրիպոլիում գրասենյակ է բացում ու Միսուրատայի բնակիչներին օգնություն տրամադրելու համար այդ քաղաք է գործուղում իր աշխատակիցներին: Սակայն լիբիացի նախարարներից մեկը զգուշացրել է, թե որեւէ մարդասիրական օպերացիա՝ օտարերկրյա զորքերի մասնակցությամբ՝ կգնահատվի որպես Լիբիային պատերազմի հայտարարություն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոն Ռասմուսսենը հայտարարել է, թե լիբիական իշխանությունները նախկինում էլ էին հայտարարել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց այդպես էլ չեն պահել իրենց խոստումը: Ընդսմին, Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը երեքշաբթի օրը հայտարարել է, թե Քադդաֆիի կողմնակից զինվորները, ըստ ամենայնի, «մահապատժի են ենթարկել ավելի վաղ գերի վերցրած ապստամբներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել