Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատժելու փոխարեն պարգեւատրո՞ւմ են

Ապրիլ 13,2011 00:00

ՀՀ-ում երեխաների կրթության իրավունքը՝ վտանգի տակ

Հայաստանը 1993 թ. միացել է Երեխաների իրավունքների միջազգային կոնվենցիային, իսկ 1996 թվականին ընդունել է «Երեխաների իրավունքների մասին» օրենքը, որտեղ ամրագրված են կոնվենցիայի պահանջները: Մասնավորապես, Կոնվենցիայի 12-րդ կետով ամրագրված են հետեւյալ սկզբունքները՝ պաշտպանություն ցանկացած տեսակի բռնություններից, կրթության, առողջության իրավունքների պաշտպանություն, պաշտպանել նրանց մասնակցության իրավունքը՝ իրենց վերաբերվող հարցերի քննարկման ու օրենքների ստեղծման դեպքերում:

Չնայած ՀՀ օրենքներով նույնպես ամրագրված են այս սկզբունքները, սակայն ստիպված եմ մեկ անգամ եւս բարձրաձայնել այն մասին, որ հատկապես դպրոցներում մեր երեխաները պաշտպանված չեն տնօրենների ու մանկավարժների բռնություններից, լրատվությունը շարունակում է հրապարակել նման փաստեր, ոստիկանություններում հարուցվում են քրեական գործեր, սակայն ոչինչ չի փոխվում: Մեր ապագա քաղաքացիները մեծանում են ոտնահարված արժանապատվությամբ, լսելի չեն նրանց կարծիքները, տեսակետները: Որոշ դպրոցներում տոտալիտար կառավարման արդյունքում ձեւավորվող համատարած վախի մթնոլորտը պարարտ հող է ստեղծում շողոքորթներ աճեցնելու համար, իսկ մի այլ տեղ տնօրենների ու մանկավարժների ոչ մասնագիտական գործունեության, նրանց անազնիվ, բարոյական քաղաքացու նկարագրի բացակայության հետեւանքով դպրոցներում տիրող անառողջ մթնոլորտը չի նպաստում եւ արմատապես խոչընդոտում է ապագա քաղաքացու, այսինքն՝ երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, որի բացակայությունը մեր պետության մեջ տեղի ունեցող բոլոր խայտառակությունների պատճառն է:

Այժմ՝ երեխաների կրթության իրավունքի ոտնահարման մասին:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը վերջերս հրապարակեց հանրակրթական հաստատություններում 2010-2011 թթ. անցկացրած վեց տարբեր ընթացիկ գնահատման արդյունքները: Ժամանակի սղության պատճառով կներկայացնեմ միայն մեկի՝ 2010թ. փետրվարին Սյունիքի մարզի եւ Երեւանի 40 դպրոցների 9-րդ դասարաններում հայոց լեզվից անցկացված արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները: Երեւանի ենթակայության 20 դպրոցներում հայոց լեզվից կտրվել է 41%-ը, իսկ Սյունիքի մարզի ենթակայության 20 դպրոցներում՝ 48.5%-ը: Գնահատված 1926 9-րդ դասարանցիներից ոչ մեկը հայոց լեզվից 10 միավոր չի ստացել: Իսկ ՀՀ բոլոր ավագ դպրոցներում հայոց լեզվից ամենաբարձր միջին միավորը 10-ից եղել է 5.1-ը՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոց, իսկ մաթեմատիկայից՝ 5.3-ը՝ Ջերմուկի ավագ դպրոց: Ո՞վ է պատասխան տալու երեխաների կրթության սահմանադրական իրավունքն անորակ իրականացնելու համար: Արդյո՞ք տեղերում վերլուծվել են ԳԹԿ-ի արդյունքները, ինչո՞վ են զբաղված Երեւանի քաղաքապետարանի եւ մարզերի մարզպետարանների կրթության վարչությունները: Ակնհայտ է, որ պետական այս օղակները ազնվորեն չեն կատարում իրենց պարտականությունը, պատշաճորեն չեն հետեւում ու արձագանքում տարբեր պետական մարմինների կողմից իրականացվող ստուգումների արդյունքներին: Մի օրինակ եւս, Վերահսկիչ պալատի կողմից Արագածոտնի մարզում իրականացված ստուգումներից պարզվել է, որ մարզի 9 դպրոցներ 2008-2010թթ., ըստ հավելագրված աշակերտների թվի, բյուջեից ավելի ստացել են 21.5 միլիոն դրամ: Սա միայն մի մարզում: Ինչո՞ւ կեղծարար տնօրեններին փոխելու համար այս բացահայտումներից մարզային իշխանությունները հետեւություններ չեն անում: Ի դեպ, այս փաստի մասին դեռեւս անցյալ տարի ես հայտնել եմ դատախազություն, սակայն ստացել եմ մի պատասխան, որից ուղղակի հետեւում է, թե ովքեր են պետության գրպանը մտնողների հովանավորները, ավելին՝ այդ գանձագողերին պատժելու փոխարեն երբեմն պարգեւատրում են: Այս պահին առնվազն երկու դեպք գիտեմ, Երեւանի թիվ 68 եւ Էջմիածնի թիվ 2 դպրոց, որ տնօրենների նկատմամբ կան հարուցված քրեական գործեր, մի դեպքում՝ կեղծարարության, մյուս դեպքում՝ աշակերտին ծեծելու, հայհոյելու եւ Կրթության տեսչության կողմից հայտնաբերված գանձագողության վերաբերյալ, սակայն երկու դեպքում էլ այդ տնօրեններն ունեն իրենց կերպարին համապատասխան հովանավորներ:

Իհարկե, կրթության որակի ապահովումը կախված է նաեւ պետական չափորոշիչից, նրան խստորեն համապատասխանեցված առարկայական ծրագրերից եւ մատչելի գրված դասագրքերից, որակյալ մանկավարժներով ապահովող մանկավարժական բարձրագույն կրթության առկայությունից եւ Գիտելիքների գնահատման վերին աստիճանի վստահելի անկախ կենտրոնի գոյությունից, որտեղից անհնար լինի թեստի արտահոսք, եւ որի հրապարակած ցանկացած արդյունք հասարակության համար լինի հիմնավորված եւ ընդունվի առանց կասկածի:

Եթե մեր հասարակությունն իսկապես քաղաքացիական լիներ, ապա ծնողները նախ պետք է տեղեկացվեին ԳԹԿ-ի արդյունքների մասին, իսկ դպրոցների տնօրեններից՝ որպես ի պաշտոնե կրթության որակի առաջին պատասխանատու, խստորեն պետք է պահանջեին իրենց երեխաների կրթության որակի ապահովման իրավունքի իրականացում՝ բոլոր օրինական ճանապարհներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել