Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ ԴՊՐՈՑՆԵ՞ՐՆ ԵՆ ՎՃԱՐՈՎԻ ԴԱՐՁՆՈՒՄ

Ապրիլ 13,2011 00:00

Կրթության ոլորտի պաշտոնյաները պնդում են, որ նման հայտարարությունները որոշ տնօրենների ինքնագործունեության արդյունք են:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված է ՀՀ քաղաքացիների՝ անվճար ընդհանուր միջնակարգ կրթություն ստանալու մասին նորմը: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի՝ «Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները» խորագիրը կրող 28-րդ հոդվածով էլ սահմանվում է. «Սովորողի ծնողն իրավունք ունի երեխայի ուսուցման համար ընտրել ուսումնական հաստատությունը եւ կրթության ձեւը»:

Սակայն նշված օրենսդրական երաշխիքները արհամարհելով, դրանց վրա աչք փակելով, «Առավոտի» տեղեկություններով՝ վերջին օրերին Երեւանի մի քանի վարչական շրջանների, ինչպիսիք են Էրեբունին, Մալաթիա-Սեբաստիան, Շենգավիթը, դպրոցի տնօրեններ միաձայն հայտարարել են, թե առաջիկա ուսումնական տարվանից բոլոր այն ծնողները, որոնք գրանցված չեն այն վարչական շրջանում, որտեղ գործում է իրենց դպրոցը, երեխաներին նշված դպրոց ընդունելու դեպքում պետք է վճարում կատարեն: Այսինքն՝ եթե Նորքի զանգվածում գրանցված երեխան ցանկանում է դպրոց հաճախել Էրեբունի վարչական շրջանի դպրոցներից մեկում, ապա նրա ծնողը ստիպված է վճարել այդ դպրոցի տնօրեններին: Ավելին, դպրոցի տնօրեններից շատերը այս հայտարարությունները անելիս վկայակոչել են նախադպրոցական կրթության բնագավառում օրերս կատարված փոփոխությունները, ըստ որոնց՝ ապրիլի 1-ից շուրջ 160 մանկապարտեզներ սկսեցին ֆինանսավորվել Երեւանի քաղաքապետարանի կողմից: Սակայն այս որոշումը տարածվում է այն երեխաների վրա, որոնց ծնողներից գոնե մեկը գրանցված է Երեւանում: Դպրոցահասակ երեխաների ծնողներից շատերը վրդովված են: Օրինակ՝ Մարիամ Կարապետյանը, ով սեպտեմբերից պատրաստվում է որդուն դպրոց տանել՝ «Առավոտի» հետ զրույցում նեղսրտեց. «Ախր երեխայի՝ մանկապարտեզ հաճախելը պարտադիր չէ, թողնված է ծնողի հայեցողությանը: Իսկ հանրակրթական ուսումնական հաստատությունում երեխայի կրթությունը պարտադիր է, ուստի կարծում եմ, որ հենց այս դրույթից էլ օգտվում են դպրոցի տնօրենները՝ ծնողներին, այսպես ասած, խաղալիքի տեղ դնելով, կատարում են հայտարարություններ, որոնք իրենց շահերին են ծառայելու»: Մեկ այլ ծնող էլ՝ Հասմիկ Հովսեփյանը, որը ամիսներ առաջ է սկսել հետաքրքրվել, թե որ դպրոց տանի իր դստերը, մեզ հետ զրույցում նկատեց. «Հիմա այնքան բարդ է ամբողջ քաղաքում կարգին դպրոց գտնելը: Այնպիսի բաներ ենք լսում, որ դեռ ներկայիս հանրակրթական համակարգի հետ չշփված՝ սկսում ենք վախենալ: Ուստի այս պարագայում շատ անտրամաբանական կլինի ծնողներին թույլ չտալ երեխաներին իրենց ցանկացած հանրակրթական դպրոցը տանել՝ դրա դիմաց գումար պահանջելով: Միջնակարգ կրթությունն էր միայն անվճար, հիմա դա է՞լ են ուզում դարձնել բիզնեսի միջոց»:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը այս առիթով «Առավոտին» պարզաբանեց. «Դպրոցի տնօրենները նման բան հայտարարելու իրավունք չունեն: Ծնողներից ով, երբ, որտեղ ուզի՝ կարող է իր երեխաներին հանրակրթական դպրոց տանել»:

Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ հավաստիացրեց. «Չկա այդպիսի բան, դա շատ վտանգավոր միտում է, դպրոցում ընդհանրապես նման բան գոյություն չունի: Մասիվի բնակիչը հանգիստ կարող է իր երեխային Շենգավիթ վարչական շրջանի իր նախընտրած դպրոցը տանել: Իսկ աշակերտների հաշվառման գործընթացը ոչ մի կապ չունի նմանատիպ խոսակցությունների հետ: Դրանք խառնում են իրար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել