Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱՄԱԿ՝ ԹՈՒՐՔ ԲԱՐԵԿԱՄԻՍ

Ապրիլ 13,2011 00:00

Հանուն պատմական ճշմարտության

\"\"

2015 թվականին կլրանա մարդկության պատմության ամենաամոթալի էջերից մեկի՝ XX դարի առաջին ցեղասպանության 100-րդ տարելիցը։ 1915թ. Օսմանյան Թուրքիան իր պատմական հայրենիքից տեղահանեց, ապա եւ գաղթի ճանապարհներին բնաջնջեց շուրջ 1,5 մլն հայ։ Հայոց ցեղասպանության փաստն արդեն ճանաչել ու դատապարտել է երկու տասնյակից ավելի պետություն, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Հունաստանը, Արգենտինան եւ այլն։ Եվրոպական մի քանի երկրում քրեորեն պատժվում են ցեղասպանությունը մերժելու փորձերը: Դատապարտման գործընթացը շարունակվում է, սակայն Թուրքիայի Հանրապետությունը համառորեն որդեգրել է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը։

Բաց նամակը, որ այսօր թարգմանաբար տպագրվում է աշխարհի տասնյակ թերթերում, հայ գրողի կոչն է թուրք հասարակությանը՝ հաղթահարել քաղաքական թաբուները եւ հրաժարվել ուրացության կարծրատիպից։

 

Մենք ծանոթացանք պատահաբար, միջազգային մի գրական փառատոնի օրերին։ Զրույցի ընթացքում պարզվեց՝ դու թուրք գրող ես, ես՝ հայ։ Այն ժամանակ (եւ հետագա մեր հանդիպումներին) շատ բան չհասցրի ասել, բայց չասված խոսքերը գուղձի պես խցանում են կոկորդս, ուստի եւ գրում եմ այս նամակը որպես խոստովանանք ու երկխոսության հրավեր։ Գրում եմ, որպեսզի թոթափեմ հիշողությամբ պարտադրված ատելությունը, սրբեմ-աղբանոց նետեմ յուրաքանչյուր թուրքի մեջ իմ ժողովրդի թշնամուն տեսնելու կանխադրույթը, որը չի լքում մեզ շուրջ 100 տարի… Ճիշտ այդքան ժամանակ է, ինչ մենք ներկան ապրում ենք անցյալի մեջ, բայց պիտի լայնախոհություն դրսեւորենք գոնե ապագան ազատագրելու այդ նույն անցյալի մղձավանջից։

Արդեն գիտես՝ ազգանունս Անանյան է, որ ստուգաբանվում է ան-Անի-յան, այսինքն՝ Անին կորցրած, անԱնի հայ։ Իմ նախնիները 1319 թ. Հայաստանի 11-րդ մայրաքաղաք Անիի մեծ երկրաշարժի արհավիրքի պատճառով գաղթել են իրենց տոհմիկ բնօրրանից, լքել հազարումի եկեղեցիների շքեղ ոստանը եւ եկել-ծվարել են Հյուսիս–արեւելյան Հայաստանի Կողբ գյուղում։ Իմ տոհմածառը սերում է Հայոց Բագրատունյաց իշխանական զարմից՝ մինչեւ մեկամյա իմ Անի թոռնուհին, եւ ամեն պատեհ առիթով հայ-թուրքական փակ սահմանի փշալարերի միջով փնտրում եմ պապենական տանս ավերակները… հեռադիտակով։ Եվ ամեն անգամ նախանձով եմ նայում քուրդ անհոգ հովվին ու քաղաքի կիսաքանդ պարսպի ստվերում անհոգորեն մակաղած ոչխարի հոտին…

Չէ՛, ինձ ճիշտ չհասկացար, սա ընդամենը ազգային գենի մեջ անթեղված կարոտախտի մուխն է՝ ֆրանսերեն «Force majeure» ձեւակերպումով, բայց ո՛չ այն պահանջատիրությունը, որ արդեն ինը տասնամյակ, քուն թե արթմնի, խռովում է Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի (որ հիմա բնական վերարտադրությամբ կհատեր 5 մլն-ի սահմանագիծը) եւ նույնքան էլ տարագիրների աշխարհասփյուռ շառավիղների հոգիները՝ սպասելով իր արդար լուծմանը։

Աստծո սիրույն, միայն թե դու էլ չկրկնես Թուրքիո պաշտոնական հանկերգը. իբր, 1893-1923թթ. հայերի ցեղասպանություն չի եղել, այլ սոսկ ցավալի ջարդեր… եւ որ (բացահայտ ցինիզմ) Առաջին համաշխարհային պատերազմի խառնաշփոթից օգտվելով՝ հայերն իրենք են կոտորել «անպաշտպան» թուրքերին… Եվ մանավանդ որ պետք է ճշմարտության բացահայտումը հանձնել պատմաբանների հանձնախմբի դատին։

Պատմությունն իր դատավճիռը վաղուց է կայացրել. տոննաներով փաստաթղթեր, հայ եւ օտար ականատեսների սահմռկեցնող վկայություններ, կինովավերագրեր, բռնազավթված ու ավերված շեներ, ամայացած հողեր, կրոնափոխ եկեղեցիներ…

Սիրիայի Տեր-Զոր անապատում այսօր էլ այցելուների աչքը կուրացնում է հայ անթաղ տարագիրների կմախքների ֆոսֆորը…

Աշխարհը վաղուց գիտի անհերքելի ճշմարտությունը, Էրդողանն էլ գիտի, Օբաման էլ, վստահ եմ՝ նաեւ դու։ ԱՄՆ պետքարտուղար տիկին Քլինթոնն էլ գիտի, թեպետ մի ձեռքով փարիսեցիորեն ծաղիկներ է դնում Ծիծեռնակաբերդում Մեծ եղեռնի հուշարձանին, իսկ մյուս ձեռքով «ժողովրդավարության միջնաբերդ» Սպիտակ տնից երկակի ստանդարտներ է ձեւում՝ անկեղծության պահին խոստովանելով. «Ցավոք, դիվանագիտության մեջ հաճախ պետական շահերն ավելի կարեւոր են, քան ճշմարտությունը»։

Ամերիկյան Կոնգրեսն ու Սենատն էլ գիտեն, թեեւ ամեն անգամ գցել-բռնելով քարկտիկ են խաղում, տաքուհովի մեջ պահելով մի ողջ ժողովուրդ՝ Հայոց ցեղասպանության հարցը օրակարգ մտցնելու քաղաքական անբարո առեւտրով… Երկդիմի, եռադեմ, բազմադիմակ խաղ…

Քեզ հայտնի հանրագիտարանային ճշմարտությունները չեն պատճառը, որ գրում եմ այս նամակը։ Երբ ամիսներ առաջ իմ հրավերով Երեւան այցելեցիր, հարցրիր.

– Ի՞նչ խորն է նստած ատելությունը հայ մարդու մեջ, մի՞թե 21-րդ քաղաքակիրթ դարում հնարավոր է սրբագործել անցյալի ողբերգությունը, երբ արդեն նորանկախ երկիր ունեք եւ այսքան գեղեցիկ մայրաքաղաք։

Որքա՜ն համահունչ էր հարցդ թուրքական «Հուրիեթ» թերթի թղթակցի զարմանքին.

– Ինչպե՞ս հասկանալ՝ Արարատ լեռը օտար երկրի տարածքում է, բայց գրեթե բոլոր հայ պոետները գովերգում են իբրեւ հայոց Մայր լեռ…

Ես նրան պատասխանեցի.

– Արարատը մեր էության մեջ է, թերեւս հենց մեր էությունն է, որ ոչ ոք չի կարող մեզնից օտարել։ Արարատը մեր ինքնության հիշողությունն ու վերածնության խորհրդանիշն է։ Իսկ եթե անկեղծ լինենք, լուսինն էլ ձերը չէ, բայց կեռ յաթաղանի պես թառել է թուրքական դրոշի վրա…

Ես գիտեմ մի անհերքելի ճշմարտություն, որ փոխանցվում է սերնդեսերունդ: Բերանացի գիտեմ, ինչպես մեսրոպյան հինավուրց այբուբենը (405 թ.)։ Դա գիտեն բոլոր հայերը՝ հասարակ հողագործից մինչեւ երկրի նախագահ. Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի, ինչպես որ մեր ազգային ցավի հիշողությունը՝ մթագնելու որեւէ հեռանկար։ Հիմա դուք եկել, հորդորում եք մոռանա՞լ անցյալը։

Ինչպե՞ս մոռանալ 1,5 միլիոն անմեղ զոհերին եւ գաղթի քարավանները, որոնց ժառանգները չեն կորցնում իրենց պատմական հայրենիքում վերահաստատվելու հույսն ու հավատը։ Մոռանա՞լ 1915 թ. ապրիլի 24-ի բարդուղիմեոսյան գիշերը, երբ այլատյացության կացնի մի հարվածով գլխատվեց արեւմտահայ մտավորականության սերուցքը՝ Սիամանթո, Դանիել Վարուժան, Ռուբեն Սեւակ, ժամանակ անց՝ Գրիգոր Զոհրապ… Մոռանա՞լ հայ հոգեւորական, ջարդերի ականատես Գրիգորիս Բալաքյանի «Հայերու գողգոթան» եղերերգությունը (1924 թ.), որի խորագիրն իսկ կանխում է թեմայի մասին հարցումը։ Մոռանա՞լ նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենին, որ Ազգերի լիգայի որոշմամբ (1924 թ.) «Նանսենյան անձնագիր», այսինքն՝ աշխարհաքաղաքացու վկայական տվեց տարբեր երկրներում անհայրենիք դեգերող, Մեծ եղեռնից մազապուրծ 320 հազար հայի։ Մոռանա՞լ ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (1934 թ.) վեպը՝ թուրքական բանակի դեմ հայ բնակչության հուսահատ, բայց հերոսական ինքնապաշտպանության մասին…

Մոռանա՞լ Ադոլֆ Հիտլերի լկտի ինքնարդարացում-հրահանգը հրեաների կոտորածի առիթով. գործի անցեք, հիմա ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը (1938 թ.)։

Ո՞ր մեկը թվեմ…

…Գրքիդ շնորհանդեսին դու խոսեցիր շեմերը հաղթահարելու մասին։ Շատ գեղեցիկ խոսեցիր։ Ասացիր, որ շեմեր կան նաեւ ժողովուրդների եւ երկրների միջեւ, որոնք պետք է ոչ թե արգելք լինեն, այլ անցակետ։ Հայ-թուրքական սահմանը դեռեւս փակ է, եւ դու շատ ժամանակ կորցրիր Անկարայից մինչեւ Երեւան, մինչդեռ կուզենայիր ուղիղ թռիչքով հասնել՝ ձեր ազգային թյուրքյուներում եւ հայ ժողովրդական տաղիկներում գովերգվող «սրտից սիրտը տանող» ճանապարհով: Երբեմն էլ շեմերի վրա կրակ է լինում՝ ասացիր, եւ եթե շեմն անցնելու վարանումը երկար տեւի, ապա օտարացման տառապանքը կարող է վերածվել հիվանդության, ախտի:

Ավա՜ղ, շեմն անցնելու համար բաց դուռ է հարկավոր, իսկ դուք կրնկակոխ փակել եք բոլոր դռները՝ եւ հոգու, եւ օջախի, եւ երկրի առջեւ…

Մի բան ճշմարիտ է, եթե վաղը Ցեղասպանության փաստը ԱՄՆ-ն էլ ընդունի, խուլուհամր ձեւացող մյուս երկրներն էլ, բանակցությունների սեղանի շուրջ հայերն ու թուրքերն են նստելու, եւ հենց թուրք հասարակությանն է պատկանում վերջին խոսքի իրավունքը…

Հրանտ Դինքի սպանությունը ցնցեց աշխարհը (շա՞տ բան է փոխվել գաղթական Միհրանի ժամանակներից), եւ նրա թաղման օրը ծայր առավ «Ես Դինքն եմ, ես հայ եմ» հանրային շարժումը։ 2010 թ. Ստամբուլի կայարաններից մեկում (որտեղից 1915-ին սկսվեց հայ մտավորականների բռնագաղթը) տեղի ունեցավ բողոքի ցույց եւ մոմավառություն։ Վերջերս էլ թուրք մտավորականությունը համացանցով ստորագրահավաք կազմակերպեց Ցեղասպանության ճանաչման օգտին։ Երկխոսությունն արդեն սկսվել է, եւ ոճրի դատապարտումը պահանջում է հասարակական բազմաձայնություն։

Էլի մեկ ձայն։ Քո՛ ձայնը։ Հանուն պատմական ճշմարտության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել