Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոտալյուրի գործարան են ուզում

Ապրիլ 13,2011 00:00

«Ձեռքի աշխատանքի փոխարեն՝ ուղեղին զոռ տալով շահույթ կստանանք»

Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի 18 գյուղերում տարիներ շարունակ գյուղատնտեսության մեջ գերիշխող եւ զարգացած են եղել կարտոֆիլաբուծությունն ու հացահատիկային մշակաբույսերի մշակումը: Հատկապես վերջին տարիներին կարկտահարության եւ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով գյուղացին հողից օգուտ չտեսավ, տարեցտարի անմշակ ցանքատարածությունները ավելացան: 2010 թվականին Ստեփանավանի տարածաշրջանի 9000 հեկտար հողերի 60 տոկոսը մնաց անմշակ: «Այս տարի սերմացուն 400-450 դրամ է, դիզվառելիքն ու պարարտանյութն օրեցօր թանկանում են, 20 տնտեսություն էլ այս տարի ցանք չի անի»,- ասում են Ստեփանավանի շրջանի 740 տնտեսությամբ Գյուլագարակ գյուղի բնակիչները:

Համայնքի ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, տեսնելով, որ գյուղացին իր աշխատանքով չի կարողանում նույնիսկ հողի հարկ վճարել, գյուղում խոտալյուրի գործարան հիմնելու ծրագիր է առաջարկում: Գործարանը կունենա այնքան հզորություն, որ բացի Գյուլագարակից, կսպասարկի շրջակա 5 գյուղերին ու բնակչության մի մասին կապահովի աշխատատեղով: «Գրեթե ոչնչից մեծ շահույթ կարելի է ստանալ, խոպան հողերից, որտեղ մոլախոտ, արմատ եւ այլ բույսեր են աճում (Լոռին հարուստ բնություն ունի)՝ վիտամիններով հագեցած անասնակեր կարելի է ստանալ»,- ասում է Գյուլագարակի համայնքապետը:

Ցանկացած գյուղացի գիտի, որ եթե մոլախոտը անասուններին տրվող այլ բույսերի նման հավաքեն, խտացնեն (տուկ անեն)՝ շատ կոշտ կլինի եւ անասունը չի ուտի: Ալեքսանդր Գրիգորյանը հիշում է, որ խորհրդային տարիներին խոտալյուրի մշակման փորձ եղել է. «Ագրեգատորը շատ էներգատար ու գազատար էր: Այժմ նորագույն տեխնոլոգիաներ կան, որոնք օգնում են տնտեսել եւ շահավետ են»:

Համայնքապետի խոսքով, խոտալյուրի գործարան ունենալը հեռանկարային է: Ըստ նրա, առաջարկը կյանքի կոչելու համար 300-400 հազար դոլար է անհրաժեշտ՝ կոմբայններ, ինքնաթափ մեքենաներ եւ սարքավորումներ գնելու համար. «Պահեստներ ու հողատարածքներ կան, ժամանակի ընթացքում կարելի է բույսերի տեսակները զարգացնել: Կան բույսեր, որոնցից ավելի սննդարար անասնակեր կստացվի, անասնաբուծությունն էլ կզարգանա, գյուղացին եւ հողից օգուտ կտեսնի, եւ գոմից: Առանց այդ էլ բարձրադիր արոտավայրերը շատ հեռու են, մինչեւ անասունը գնում գալիս է, համ մաշվում է, համ տարիներ շարունակ անմշակ հողի խոտով սնված անասունից որակյալ կաթ չի լինում»:

Ալեքսանդր Գրիգորյանը վստահ է, որ խոտալյուրի գործարան ունենալու դեպքում գյուղացին եկամտի աղբյուր կունենա այսօր անցան հողատարածությունից. «Մոլախոտը 2-3 անգամ հնձվում է, մեր գյուղացին էլ, ձեռքի աշխատանքին զուգահեռ, կմտածի ինչ ցանել, որպեսզի քիչ չարչարվի եւ օգուտ ստանա»:

Գյուլագարակի գյուղապետը ծրագրի մասին տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին, մտադիր է ծրագիրը ներկայացրել նաեւ գյուղատնտեսության նախարարին:

Հ. Գ. Գյուլագարակում ավանդականից նորին անցնելու փորձ արդեն կա: Անցած տարի տարածաշրջանը հավազրկվեց՝ հավերի ժանտախտ հիվանդության պատճառով: Գյուլագարակի գյուղապետը Ռուսաստանից սագեր բերեց՝ որոշեց սագաբուծությամբ զբաղվել: Սագի լյարդը Եվրոպայում շատ թանկ դելիկատես է, Գյուլագարակի սագերին էլ Եվրոպա արտահանել հնարավոր էր, սակայն ցորենի գնի կրկնակի թանկացումը խառնեց Գյուլագարակի ղեկավարի հաշվարկները: Սագերը կան, դրանց ոչնչացնելը ափսոս է, բայց պահելն էլ ծախսատար է: Եվրոպան դեռ Գյուլագարակում աճեցրած սագ չի կերել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել