Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԿՍԵԼ ԵՆ ԼԱ՞Վ ԱՇԽԱՏԵԼ

Ապրիլ 13,2011 00:00

ՀՀ մարզպետները հիմնականում թերանում են գյուղատնտեսության, հողօգտագործման, պետական կառույցների հետ համագործակցության եւ «գլուխ գովելու» հարցերում:

Շաբաթ օրը տեղեկացրել ենք, որ ՀՀ տարածքային կառավարման, գյուղատնտեսության, քաղաքաշինության, ֆինանսների նախարարությունների եւ մի շարք այլ գերատեսչությունների գնահատականների համաձայն, 2010 թվականին ամենալավը աշխատել է Սյունիքի մարզպետը եւ 100 հնարավորից 96,080 միավոր ստացել, ամենավատը Շիրակի մարզպետն է՝ 91,610 միավորով: 2009-ին Շիրակը երկրորդն էր: Ուրեմն միակ կին մարզպետ, Շիրակի այն ժամանակվա ղեկավար Լիդա Նանյանը կարողացել էր 9 տղամարդու հետ «պայքարում» երկրորդը լինել՝ ինչը մեծ հաջողություն է: 2010-ի մայիսի 21-ից Շիրակի մարզպետն է Աշոտ Գիզիրյանը եւ Շիրակը դարձել է ետնապահ:

Մոտ օրերս կառավարությունը կհաստատի մարզպետների 2010 թվականի աշխատանքների արդյունքների գնահատականները: Սա երկորդ անգամ է Հայաստանում: Առաջին անգամ անցած տարի գնահատվեց մարզպետների 2009 թվականի աշխատանքը: Այն ժամանակ այսօրվա առաջատարը երրորդն էր, այսօրվա վերջնապահը՝ երկրորդը: Առաջինը Տավուշն էր՝ 93,51 միավորով, վերջինը՝ Արարատը՝ 81,20 միավորով: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջին գնահատականներից հետո հայտարարեց. «Մարզպետները, ցուցանիշները վերլուծության ենթարկելով, պետք է հասկանան իրենց թույլ կողմերը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն 2010 թվականին այդ բացթողումները վերացնելու համար: Որոշ չափորոշիչներով մարզպետի իրական աշխատանքը գնահատելը դժվար է: Այդ իսկ պատճառով գնահատման մեթոդաբանության կատարելագործման անհրաժեշտություն կա» («Առավոտ», 25.02.2010):

Որոշ բաներ իրոք փոխվել են, իսկ կատարելագործում է դա, թե՝ ոչ, դժվար է ասել:

Օրինակ, առաջին գնահատականներում երեւում էր, թե որ գերատեսչությունը որ մարզպետին ինչ է նշանակել, հիմա՝ չի երեւում:

Առաջին գնահատականներում 100 առավելագույնի պարագայում միայն առաջատար Տավուշն էր 90-ից շատ միավորներ ստացել, մյուսները՝ մինչեւ 90: Հիմա բոլորն էլ անցել են 90-ից:

Անցած անգամ գնահատականները ավելի բազմազան էին: Այս անգամ ոչ այնքան: Ասենք՝ «ֆինանսների բնագավառում մարզպետների կատարած աշխատանքների լիարժեքությունը» չափորոշիչով մարզպետը կարող է առավելագույնը 6 ստանալ: Ենթադրաբար այս չափորոշիչով գնահատելը ֆիննախի գործն է: Ֆիննախն էլ կամ գործը «գլխառադ» է արել, կամ էլ մարզպետներն են «մի ուրիշ ձեւի» վերապատրաստվել, ու բոլորը առավելագույն միավոր են ստացել՝ 6: Նույնը՝ առողջապահության, սպորտի եւ երիտասարդության, էներգետիկայի, ջրամատակարարման, ոստիկանության ոլորտներում մարզպետի կատարած աշխատանքների լիարժեքության մասով՝ կամ «գլխառադ», կամ վերապատրաստում «վագրային ցատկով», ու բոլորն էլ առավելագույն միավորի են արժանացել: Այսպես է ստացվել, որ ետնապահ Արարատը դարձել է երրորդը, ութերորդ տեղը զբաղեցրած Գեղարքունիքը բարձրացել է 5-րդ տեղ, իսկ 2009-ի տվյալներով յոթերորդը ճանաչված Վայոց ձորը հասել 4-րդ տեղ, Արագածոտնը անփոփոխ 9-րդ է, իսկ Կոտայքը մեկ աստիճանով զիջել է դիրքը՝ 5-րդից՝ 6-րդ:

Լոռու, Շիրակի ու Արմավիրի մարզպետները մի քիչ թերացել են սոցիալական ոլորտում եւ առավելագույն 5 միավորի դեպքում 4,5-4,8 միավոր հավաքել: Բոլորն են թերացել մարզի ուսումնական հաստատությունները ինտերնետով ապահովելու հարցում, եւ ոչ ոք առավելագույն 1 միավոր չի ստացել: 10 մարզպետ թերացել է նաեւ շատ կարեւոր մի հարցում՝ լիարժեք չէ հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցությունն ու նրանց իրավասությանը վերաբերող ու մարզին առնչվող հարցերը այդ մարմիններին ներկայացնելը: Սա ապացուցում է այն, ինչի մասին ահազանգը հնչում է արդեն քանի տարի՝ մարզպետները կտրված են Երեւանից եւ իրենց տեղական նշանակության «խանիկ», «ֆյուրերիկ» կամ «շեյխիկ» են երեւակայում: Բայց եթե այս դեպքերում 1 առավելագույնից մարզպետները 0,95 կամ 0,96 են վաստակել, ապա գյուղատնտեսության մեջ շատ ավելի են թերացել: 5 հնարավորից անգամ 4 չեն կարողացել հավաքել՝ առավելագույնը՝ 3,6, 3,7 կամ 3,8: Հողօգտագործման հարցում էլ մարզպետները չեն փայլել՝ 3՝ առավելագույն ոչ ոք չի ստացել:

Գուցե զարմանալի թվա, բայց Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի ու Լոռու մարզպետները թերացել են սեփական աշխատանքների՝ հանրային իրազեկման հարցում: Մնացածը դա փայլուն է արել:

Հ. Գ. Կարելի է ուրախանալ, որ մարզպետները սկսել են լավ աշխատել, սակայն երբ այս տվյալը համադրում ես ՀՀ քաղաքացիների չնվազող հոգսերի ու դրանից բխող աճող արտագաղթի հետ, պարզ է դառնում, որ ոչ թե մարզպետներն են ավելի որակով աշխատում, այլ ընտրություններից առաջ բարձր գնահատականներով նրանց սիրտն է շահում հայրենի կառավարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել