Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ագրեսիվ շները բազմանում են

Ապրիլ 13,2011 00:00

Երեւանի թափառող շներն ավելացել են եւ ագրեսիվացել։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Pro Paws» կենդանիների պաշտպանության կազմակերպության ղեկավար Նարե Արամյանը: Նրա խոսքերով՝ որպեսզի քաղաքը լինի շներից անվտանգ, քաղաքակիրթ երկրներում թափառող կենդանիների խնդիրը հետեւողականորեն լուծել են ոչ թե կենդանասերները, այլ՝ «կենդանա-չսերները»:

Tert.am-ի փոխանցմամբ, Ն. Արամյանը կարծիք է հայտնել, որ ամենափակ կառույցը Հայաստանում շներին զանգվածաբար ոչնչացնող կազմակերությունն է: Թափառող շների խնդիրը լուծելու համար պետական բյուջեից տրամադրվում է տարեկան շուրջ կես միլիոն դոլար։ Ըստ հ/կ-ի ներկայացուցչի՝ քաղաքապետարանի տվյալների համաձայն՝ շուրջ 70-հազար շուն ստերջացվել եւ վերադարձվել է բակեր, իսկ 30 հազարը՝ ոչնչացվել. «Նրանք ասում են ամորձատել եւ նույնիսկ չգիտեն՝ ամորձին ինչ է: Եթե մենք հաշվենք, որ այս պահին Երեւանում կա 70 հազար շուն, ապա այլեւս հնարավոր չէ, որ չստերջացված շուն լինի»։ Ն. Արամյանի խոսքերով՝ այսօր Երեւանում նույնիսկ հնարավոր չէ կիրառել քնեցում, ինչը վստահեցնում են քաղաքապետարանից. «Քնեցնող որեւէ միջոց մեզ մոտ չկա, բայց կա լիդոկաին, որը զարհուրելի տառապանք է կենդանիների համար: Ավելի լավ էր ասեին՝ երկաթե լինգերով սպանել, խեղդել, կենդանի թաղել»: Թափառող շների խնդիրը լուծելու առաջին կարեւորագույն հանգամանքը, ըստ հ/կ ղեկավարի, մարդկանց համար անվտանգ պայմաններ ստեղծելն է։ Շները սպառնում են երեխաների եւ ծերերի անվտանգությանը. հնարավոր չէ ոչնչացնել ագրեսիվ շներին, դրանք մնում են եւ բազմանում ավելի արագ։

Ասուլիսին ներկա «Փրկենք կենդանիներին» հ/կ-ի ղեկավար Նունե Մեհրաբյանի խոսքերով էլ՝ «Մարդիկ կան, որ շներին վերցնում են կացարանից եւ պահում, իսկ մյուսներին վերադարձնում ենք բակերը. պատվաստված շները շատ ավելի անվտանգ են մեր բակերի համար»:

Ն. Մեհրաբյանի վստահեցմամբ՝ այսօր իրենց ունեցած կացարանում, որը քաղաքում միակն է, կա 200-250 թափառող շուն. «Այն, ինչ կատարվում է՝ անհանդուրժելի է. մենք լսում ենք գումարների բացակայության մասին, բայց դուրս են գրվում ֆանտաստիկ գումարներ եւ թույլ չեն տալիս, որ կենդանիների պաշտպանները եւ մասնագետները զբաղվեն այս խնդիրներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել