Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԻՆՆ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԴՐՍՈՒՄ ԵՆ ՄՆԱՑԵԼ

Ապրիլ 13,2011 00:00

Արդեն 5 ամիս է, ինչ Սաթենիկ Ղանդիլյանն իր երեխաների հետ օթեւանում է բարեկամների ու հարեւանների տներում

\"\"
Տիկին Սաթենիկը վախենում է, որ մեր թերթին դիմելու համար ամուսինն իրենց վնաս կհասցնի:

Սաթենիկ Ղանդիլյանի ամուսինը՝ Միսակ Ղանդիլյանը, անցյալ տարվա դեկտեմբերի 13-ից տիկին Սաթենիկին իրենց 2 հաշմանդամ երեխաների հետ դուրս է հանել բնակարանից, իսկ 2 անչափահասներին պահել իր մոտ: Որոշ ժամանակ անց երեխաներից ամենափոքրը՝ 10-ամյա Արեգնազը, նույնպես միացել է մորն ու եղբայրներին, որոնք արդեն հասցրել էին մի քանի բարեկամների տներում հանգրվանել եւ օրվա սնունդ ստանալ:

Ամեն ինչ սկսվել է 3-4 տարի առաջ, երբ Միսակ Ղանդիլյանը արդեն առանց ընտանիքի անդամների է մեկնել Ռուսաստան՝ գումար աշխատելու: «Նա շատ լավ հայր էր, հոգատար, գումար էր ուղարկում պարբերաբար, որպեսզի մենք այստեղ ապրենք, սակայն հետզհետե ամեն ինչ խառնվեց իրար: Երբ գալիս էր՝ ամբողջ օրը ծեծ ու ջարդ էր մեր տանը, ուզում էր սպանել ինձ: Ամեն ինչում կասկածում էր, ասում էր, որ դավաճանում եմ իրեն: Նույնիսկ 2 տարի առաջ նա բռնի՝ մեքենայով տարավ Ամասիայի շրջանի դաշտերից մեկը եւ իր գոտիով ուզում էր խեղդամահ անել ինձ: Քանի անգամ խոհանոցային դանակով է փորձել սպանել: Մի կերպ եմ փրկվել: Ասում էր, որ «իրենք» ամեն ինչ գիտեն իմ մասին, գիտեն, որ ես դավաճան եմ ու պետք է մեռնեմ: Այս ամենը ես տարել եմ… Հասկանո՞ւմ եք: Ես ընտանիք սիրող մարդ եմ, հետո նա միշտ չի այդպես եղել: Մտածում էի, որ դեռ կուղղվի: Լավ է՝ երեխաներին որեւէ վնաս չի հասցրել»,- արցունքն աչքերին պատմում էր տիկին Սաթենիկը: 2 տարի առաջ էլ Միսակ Ղանդիլյանը կնոջից խլել է ոսկեղենն ու նորից մեկնել Մոսկվա: Ս. Ղանդիլյանն ասում է, որ քիչ բան չի տարել ամուսինը. «3-4 լավ մատանիներ ունեի, 3 օղեր, 1-ը ադամանդե քարերով էր, լավ վզնոցներ ունեի, ժամացույց, կուլոններ: Հաջորդ տարի եկավ եւ դատարան դիմեց՝ արդեն բաժանվելու համար: Մի քանի ամիս հետո էլ ոտքի հարվածներով ինձ հանեց տնից, հետո էլ հաշմանդամ երեխաներիս: Այդ տունը մենք ստացել էինք հաշմանդամ տղայիս անունով՝ Հարությունի, Գյումրիի Անի թաղամասում: Երբ դրսում մնացինք, տեղ չունեինք գնալու, ստիպված գնացինք Ամասիայի Բյուրակն գյուղ, որտեղ մայրս է բնակվում, բայց մորս տունն էլ մեկ սենյակ է, այդքանով չէինք տեղավորվում: 2 երեխաներիս հիմա թողել եմ այնտեղ, ծեր մորս խնամքին եւ եկել եմ Գյումրի, որ գոնե գումար աշխատեմ, ապրենք: Երեխաներս էին տարբեր բանվորական աշխատանքներ անում, փոքրիկ գումարներ վաստակում, որը չէր հերիքում: Եկել եմ, բայց տղայիս հետ մնում եմ հարեւաններիս տանը: Մի տղաս էլ՝ Արթուրիկը, որ մնացել էր ամուսնուս մոտ, հիմա հորաքրոջ տանն է, քանի որ ամուսինս արդեն 1 ամիս է՝ բացակայում է երկրից: Մեր տունն անտեր-անտիրական մնում է այդպես, իսկ մենք փողոցում ենք: Ես մտածում էի, որ գոնե նրա բացակայության ժամանակ մեր տանը մնանք, այն տանը, որ մենք ստացել ենք հաշմանդամ երեխայիս անունով, սակայն հարեւաններս վախեցան: Խորհուրդ տվեցին՝ զանգեմ ամուսնուս զգուշացնեմ, նոր մտնեմ բնակարան: Զանգեցի, բայց նա պատասխանեց, որ եթե բնակարանի դուռն անգամ փորձեմ խազել, կգա եւ կմորթի ինձ: Այսքան ժամանակ գոնե երեխաներին պահելու համար գումար չի տվել, մենք մի քանի ամիս բարեկամների ու հարեւանների հաշվին էինք ապրում: Հետո չգիտեմ ինչպես եղավ, որ զանգեց տղայիս, ասաց, որ գնա եւ իր ընկերոջ խանութից ինչ ուզի՝ վերցնի, ինքը գումարը հետո կտա: Արթուրիկս էլ չի գալիս մեզ մոտ, չգիտեմ ինչեր է նրան ասել հայրը»:

Տիկին Սաթենիկը հավաստիացնում է, որ իր ամուսինը ինչ որ սեւ ուժերի հետեւորդ է դարձել, դրա համար էլ այդքան ագրեսիվ է. «Մի 4 տարի առաջ էր, երբ եկավ եւ հայտնեց, որ Ռուսաստանում «չորնի մագիայով» զբաղվող ինչ-որ կնոջ հետ է ծանոթացել: Հետո սկսեցին նրա տարօրինակությունները՝ ամեն ինչ վերագրում էր «թուղթ ու գրին»: Տանը գործ էի անում՝ կավրալիտը կտրել էի, ասում էր, որ ինձ «թուղթ ու գիր» են արել, կավրալիտի տակն էլ իր գերեզմանն եմ փորում: Հետո ասում էր, որ ես մեկ ուրիշից եմ երեխաներ ունեցել, ոչ թե իրենից: Մի քանի անգամ հայտարարել է, որ ինքն էլ է «չորնի մագիայով» զբաղվում եւ ամեն ինչ իմ մասին պարզել է իր նմաններից: Ասում էր, որ բոլոր մարդիկ էլ իրենց ուղեղի մեջ ինչ-որ չիպ ունեն, որի միջոցով հեշտ է ամեն ինչ պարզել: Նա վերջին շրջանում շատ էր գանգատվում գլխի ուժեղ ցավերից, իմ մտքով չէր էլ անցնում, որ դա այդքան վատ հետեւանքներ կունենար»:

Բռնություններից առավել՝ կնոջն անհանգստացնում է իր եւ երեխաների գոյատեւման հարցը. «Մեր բնակարանը յուրացվել է, հաշմանդամ եւ անչափահաս երեխաներս հայտնվել են փողոցում, ի՞նչ է լինելու մեր վիճակը: Ոստիկանություն էի ուզում դիմել, սակայն չհամարձակվեցի, որովհետեւ ասում էր, որ բոլորին էլ պատրաստ է սպանելու»:

Ապրիլի 28-ին Ղանդիլյաններ ամուսինների ապահարզանի հարցով դատական լսումներն են: Կինը հույս ունի, որ գոնե այդպես տունն իրենց կհատկացվի եւ ինքն այլեւս մտերիմներին նեղություն չի տա. «Չգիտեմ էլ, ձեզ դիմելուց հետո մեր վերջն ինչ կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել