Լրահոս
Օրվա լրահոսը

Չինացիները մեզնից «Արարատ» են ուզում

Ապրիլ 13,2011 00:00

Երեկ Երեւանում բացվել է հայ-չինական գործարար համաժողովը, որին մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Չինաստանի Կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի անդամ Լի Չանչունը: Տ. Սարգսյանն ասել է. «Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ, առանց բացառության, բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմամբ: Վերջին տարիների ակտիվ շփումները բացահայտել են համագործակցության մի շարք առաջնային ուղղություններ՝ հանքարդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, որտեղ, ինչպես գիտեք, զգալի ձեռքբերումներ կան: Մենք հպարտանում ենք հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» ընկերությամբ, որը բացվել է անցած տարվա գարնանը՝ դառնալով համատեղ ծրագրերի իրականացման առաջամարտիկը: Առաջնային են համարվում տուրիզմը, ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները»: Իսկ Լի Չանչունը ասել է. «Հայաստանն ապացուցում է, որ ունի տնտեսական մեծ ներուժ արտահանման ծավալները մեծացնելու եւ նոր ծրագրեր իրականացնելու համար: Չինաստանն ունի մեծ շուկա, Հայաստանը՝ որակյալ արտադրանք: Չնայած դրան՝ Հայաստանից մեր երկիր արտահանման ծավալները շատ փոքր են: Երեկ ես համտեսեցի անկրկնելի համ ունեցող «Արարատ» կոնյակը, որը, ցավոք, Չինաստանում չկա: Հայ գործարարներին առաջարկում եմ պարբերաբար այցելել Չինաստան, գովազդել իրենց արտադրանքը, համագործակցել չին գործընկերների հետ եւ մուտք գործել չինական շուկա»:

Երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Զարգացման հայկական գործակալության կողմից կազմակերպված համաժողովին մասնակցում են չինաստանյան 22 ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են բանկային, մեքենաշինության, հեռահաղորդակցության, սարքաշինության, էներգետիկայի, հանքահումքային արդյունաբերության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներ: Հայաստանում գրանցված է չինական կապիտալի մասնակցությամբ 41 ընկերություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել