Լրահոս
Օրվա լրահոսը

Զատկի ձուն Նոր տարվա լիմոնադ չի՞ դառնա

Ապրիլ 13,2011 00:00

Մտավախությունը, որ տասը օրից, երբ Սուրբ Հարության տոնի առթիվ հայ կանայք առնվազն մի քանի տասնյակ ձու են գնելու՝ ներկելու նպատակով, հանրապետությունում ձվի դեֆիցիտ կգրանցվի, փորձել է ցրել «Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկայի համասեփականատեր, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, ով news.am-ին ասել է, որ դեֆիցիտը բացառելու համար Ուկրաինայից ձու է ներկրել: «Ներկրել ենք այն քանակությամբ, որ շուկայում ձվի պակասորդ չի առաջանա»,- ասել է պատգամավորը: Նա հավաստիացրել է, որ ձվի գինը նախորդ տարվա վերջին ամիսների պես չի թանկանա: «Այսօր ձուն արժե 50-52 դրամ: Ինձ թվում է՝ այս գինը կպահպանվի նաեւ մինչեւ Զատիկ՝ ապրիլի 24-ը, եւ դրանից հետո: Ես գրեթե վստահ եմ, որ որեւէ պրոբլեմ չի առաջանա»,- ասել է Մանուկյանը՝ չբացառելով, որ որոշ սպեկուլյանտներ մեծ քանակությամբ ձու կգնեն եւ թանկ գներով կվերավաճառեն: Ի դեպ, հենց այս ընկերությանը՝ հավի ձվի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկային» էր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի քանի օր առաջ տուգանել 100 միլիոն դրամով:

Երեկ ձվի հնարավոր դեֆիցիտին է անդրադարձել նաեւ ՏՄՊՊՀ-ն: Ըստ հանձնաժողովի տարածած հաղորդագրության՝ երեկ կայացած նիստում ՏՄՊՊՀ-ն որոշել է սահմանել ամենօրյա հսկողություն ձվի շուկայում գործող ընկերությունների գործունեության նկատմամբ: Հանձնաժողովն այս շուկայում գործող արտադրողներից օրական կտրվածքով կպահանջի տեղեկատվություն՝ արտադրության, իրացման ծավալների, մնացորդի, ինչպես նաեւ բացթողնման գների վերաբերյալ: Գների փոփոխության դեպքում տնտեսվարողները պետք է ներկայացնեն նաեւ համապատասխան հիմնավորումներ: Հանձնաժողովը տեղեկատվություն կպահանջի նաեւ առավել խոշոր սուպերմարկետներից՝ արտադրողների կողմից իրենց մատակարարված ձվի ծավալների վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել