Հրազդանի երկաթի հանքավայրի շահագործման արդյունքում ջրից կարող է զրկվել ոչ միայն Հրազդանը, այլ նաեւ Երեւանը: Այդ մասին հայտարարություն է տարածել «Էկոլուր» տեղեկատվական հ/կ-ն։ Ըստ նրանց՝ խմելու ջրի աղբյուրները գտնվում են Հրազդանի երկաթահանքից 600-700 մ հեռավորության վրա: «Կամ մենք կզրկվենք խմելու ջրից, կամ այն աղտոտված կլինի տոքսիկ մետաղներով»,- այս առնչությամբ news.am լրատվական կայքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
Հիշեցնենք, որ չինական «Fortune Oil» ընկերությունը ձեռք է բերել հայաստանյան երկաթահանքերը շահագործելու իրավունքը ու, ըստ նախնական տեղեկատվության, Հրազդանի հանքը մտադիր է շահագործել բաց եղանակով: Նշենք, որ չինական ընկերության ներկայացուցիչները Հայաստան այցելության ընթացքում վստահեցրել են, որ երկաթահանքերի շահագործումը կիրականացվի բնապահպանական բոլոր չափանիշներին համապատասխան։