Լրացավ քաղաքապետ Կարեն Կարապետյանի 100 օրը
Երեկ հրավիրած ասուլիսում Երեւանի քաղաքապետը լրագրողներին ներկայացրեց, թե ինչ է արել այս 100 օրերի ընթացքում, ինչ է անելու «Վերնիսաժի» հետ, ինչ է դարձնելու Հաղթանակ զբոսայգին եւ այլն: Նախ, այս քաղաքապետի պաշտոնավարումը, հայտնի դեպքերի հետ կապված շատ աղմկոտ եղավ, ուստի լրագրողներն առաջին հերթին պարոն Կարապետյանից հետաքրքրվեցին, թե այն քաղաքական թիմը, որը «համոզելով ու խնդրելով» բերել է իրեն, ի՞նչ խնդիր է դրել իր առջեւ, եւ որքանո՞վ է հավանական նրա հետագա մասնակցությունը քաղաքական դաշտում: Կ. Կարապետյանի խոսքերով՝ «Ես քաղաքական դեմք չեմ: Ես հաշվետու եմ Հանրապետական կուսակցությանը, որովհետեւ ինքն է ինձ առաջադրել, բայց որեւէ քաղաքական առաջադրանք ինձ չի տրվել, միայն պայման է դրվել, որ ես էֆեկտիվ կառավարեմ: Մեր քաղաքական թիմը գտնում է, որ մենք քաղաքային գույքի կառավարիչներ ենք պարզապես»:
Լուրեր էին շրջանառվում, որ այս 100 օրերի ընթացքում Կ. Կարապետյանը հասցրել է քաղաքապետարանի տարբեր պատասխանատու պաշտոններում տեղավորել իր ընկերներին ու բարեկամներին, ուստի այդ մասին հարցին ի պատասխան՝ նախ քաղաքապետը փորձեց ճշտել՝ «բարեկամ-հարազատներ ասելով՝ կոնկրետ ո՞ւմ նկատի ունեք»: Երբ հստակեցվեց, որ՝ Ձեր հորեղբոր աղջիկներին, նրանց ամուսիններին, քաղաքապետը պատասխանեց. «Իմ բարեկամների պռոշը չի ճաքել՝ գան էստեղ: Իրականում քաղաքական թիմի ձեւավորման համար կա պայման. ով էֆեկտիվ է այդ գործառույթը կատարում՝ աշխատելու է, ով ոչ՝ ոչ: Աշխատակիցների ընտրության հարցում անհատական, սուբյեկտիվ մոտեցում չի եղել: «ՀայՌուսգազարդից» իմ որոշ թիմակիցների ես եմ խնդրել, որ գան, բայց մի հատ իրենց հարցրեք՝ ուրա՞խ են, որ եկել են, մինչեւ ժամը 6-ը աշխատում են, երեկոյան ուշ տուն են գնում»: Հարցին՝ իսկ Դուք գո՞հ եք, որ եկել եք՝ քաղաքապետը պատասխանեց. «Ինձ ահավոր հետաքրքիր է այստեղ, ես երբեք չեմ մտածել, որ քաղաքապետ լինեմ, բայց ես մի բան կասեմ, սիրում եմ այդ բառը՝ ես դրայվ ունեմ այստեղ»: Լրագրողներից մեկը, որպես Շենգավիթ համայնքի բնակիչ, սկսեց դժգոհել, որ ինքը ամաչում է, քանի որ իր թաղապետը «Սերգեյ Հովհաննիսյանն է՝ Կադիլակ Սերոժը, որը համատիրությունից սկսած՝ իր կողքը հավաքել է իր նմաններին»: Կ. Կարապետյանն էլ վրա բերեց, թե՝ «Պիտակ կպցնելուց զերծ մնացեք, ինձ էլ «Գազի Կարեն» են ասում, հետո՞ ինչ: Եթե Սերգեյ Հովհաննիսյանն իր գործառույթները լավ չկատարի՝ Facebook-ով բողոքեք»: Ի դեպ, քաղաքապետարանի առաջիկա ծրագրերից է, որ բոլոր համայնքների ղեկավարներն անպայման Facebook-ում էջ ունենան եւ պատասխանեն քաղաքացիների հարցերին:
Այս 100 օրերի ընթացքում քաղաքապետի կատարած ամենամեծ քայլերն են՝ փողոցային առեւտրի դեմ կոշտ պայքարն ու մանկապարտեզներն անվճար դարձնելը: Առաջինի դեպքում գործը կատարված չի կարելի համարել, որովհետեւ մայրաքաղաքում դեռ փողոցային առեւտուր կա, իսկ մանկապարտեզներն անվճար դարձնելու առումով լուրջ մտահոգություններ կան՝ այդ տարիքի երեխաներին թերսնման դատապարտելու հետ կապված, քանի որ 1 օրվա սննդի համար ամեն երեխայի հաշվով հատկացվում է ընդամենը 350 դրամ: Հաշվի առնելով, որ ԿԳ նախարարությունը սահմանել է, որ երեխան մանկապարտեզում պետք է հստակ չափաբաժնով ուտի միս, հաց, բանջարեղեն, միրգ, ձու, կաթնամթերք, արդեն պարզ է, որ 350 դրամով այդ մենյուն հնարավոր չէ ապահովել: Այս առնչությամբ «Առավոտի» հարցին՝ ի՞նչ եք պատրաստվում տալ օրական մեր երեխաներին՝ 350 դրամով, քաղաքապետը սկսեց ներկայացնել, թե ինչ հսկայական բեռ են իրենց վրա վերցրել, որ հազիվ կարողացան մարզերում գրանցված երեխաների համար զիջումների գնալ եւ այլն. «Լավ չէ՞ր լինի, որ հատկացվեր ոչ թե 350 դրամ, այլ՝ ավելի, բայց այսօր մեր բյուջեն դա թույլ չի տալիս»: Նշենք, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում գրեթե բոլոր մանկապարտեզները սկսել էր հովանավորել պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Հիմա դա վերցրել են բյուջեի վրա, եւ պատգամավորն այլեւս չի հովանավորում: Պատգամավորի հովանավորած մանկապարտեզներում երեխաները հաստատ թերսնում չէին ստանա, որովհետեւ մրգից ու կոնֆետից սկսած՝ մինչեւ ամենաանհրաժեշտ սնունդը մատակարարվում էր: Ուստի հարց է առաջանում՝ եթե դա այդքան ծանր բեռ էր, ինչո՞ւ այն վերցրեցին պատգամավորի ուսերից:
Մի քանի օր առաջ քաղաքապետը հանդիպում է ունեցել բնապահպան Կարինե Դանիելյանի հետ: Վերջինս պատմել է, որ Կ. Կարապետյանի հետ զրույցի ժամանակ, երբ ինքն ասել է, որ սկզբում միշտ լավ է համագործակցում քաղաքապետների հետ, հետո հարաբերությունները վատանում են՝ Կ. Կարապետյանն ասել է՝ ես բացառություն եմ: Լրագրողների հարցին՝ ինչո՞վ եք տարբերվում նախկին քաղաքապետներից՝ Կ. Կարապետյանը պատասխանեց. «Ես նման բան չեմ ասել, իսկ մյուս քաղաքապետներից տարբերվում եմ արտաքինով: Ես ի՞նչ պիտի ասեի բնապահպանին: Սուտ կլինի, եթե ասեմ, որ առավոտը Երեւանի բնակիչներն արթնանալու են աքլորի կանչից կամ գետերի քչքչոցից»:
Քաղաքապետը գիտակցում էր, որ Երեւան քաղաքում շատ անելիքներ կան, որ մարդիկ չեն ուզում աղբի վարձ տալ, որովհետեւ աղբահանությունը նորմալ չի կատարվում, որ դպրոցներում դեռ դրամահավաք կա, փողոցային առեւտրականների հարցը լուծված չէ, երթուղայինները սպասարկում ու կայանում են երբ ուզում են, ոնց ուզում են: Բայց, ըստ նրա, երեւանցիներն էլ պիտի մի քիչ բարեխիղճ գտնվեն. «Բողոքում եք, որ ստորգետնյա անցումները դարձել են զուգարան, ընդունում եմ, բայց գիշերը մաքրում ենք՝ առավոտը էլի զուգարան է, մենք չենք կարող 1 մլն մարդու կողքին պահակ դնել, եթե դնենք էլ՝ կասեք՝ բա հասարակական զուգարան չկա, որտե՞ղ անենք»: Ինչ վերաբերում է «Վերնիսաժի» հետ կապված ծրագրին, այն չի փակվելու, ինչպես նշում են լրատվամիջոցները. «Այսօր «Վերնիսաժ» գնում ես՝ զզվանքդ գալիս է, այն քաղաքի դեմքն է, տուրիստի համար հետաքրքիր տեղ, բայց այդպես քաղաքի մշակույթին ծանոթանալը մեզ ձեռնտու չի, մենք ուզում ենք այն բարեկարգել ու կանաչապատել»: