Լրահոս
Օրվա լրահոսը

Միակն էր, որ հիշեց

Ապրիլ 13,2011 00:00

Խորհրդարանական հայտարարությունների ժամին անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց. «Այսօր ապրիլի 12-ն՝ է 2004-ին ժողովրդի նկատմամբ կատարված քոչարյանական հանցագործության օրը: Ընդհանրապես հայաստանյան նախագահական 5 ընտրություններից 3-ը ավարտվել են արյունահեղությամբ: 1996-ի բռնությունները եւ 2004-ի վայրագությունները ի վերջո 1996-ի եւ 2003-ի նախագահական ընտրությունների արդյունքն էին: 2008-ի մարտի 1-ի սպանդի տարբերությունը 1996-ի եւ 2004-ի դեպքերից այն էր, որ եթե 1996-ին պայքարն ընթանում էր ընդդիմության թեկնածու Մանուկյանի եւ գործող նախագահ Տեր-Պետրոսյանի, 2004-ին՝ մեկ տարի առաջ նախագահ ընտրված Դեմիրճյանի եւ Քոչարյանի, այսինքն՝ ընդդիմության եւ գործող նախագահների միջեւ, ապա 2008-ին իշխանության թեկնածուն Քոչարյանը չէր: Մասնակցելով 2008-ի ընտրություններին՝ Տեր-Պետրոսյանը ձգտում էր վերականգնել իր իշխանությունը՝ հույսը գերազանցապես դնելով պետական ապարատի կազմալուծման եւ դրա ներկայացուցիչների՝ իր կողմն անցնելու վրա, իսկ Քոչարյանը օգտագործելով ընտրական գործընթացները՝ փորձում էր լուծել հետագայում իր իշխանությունը ինչ-որ ձեւով պահպանելու խնդիրը: Նախագահի թեկնածու Սարգսյանը, Քոչարյանը եւ ընդդիմության թեկնածու Տեր-Պետրոսյանը 2008-ի ընտրություններում լուծում էին տարբեր խնդիրներ: Եթե Սարգսյանի նպատակը լեգիտիմ նախագահ ընտրվելն էր, Քոչարյանինը՝ ամեն ինչ անելը խոցելի իրավահաջորդ ունենալու համար, ապա Տեր-Պետրոսյանի մինիմում ծրագիրը Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ դնելն էր: Հրահանգավորելով մարտի 1-ը՝ Քոչարյանը փորձեց կատարել իր մինիմում ծրագիրը՝ ունենալ խոցելի իրավահաջորդ: Ստեղծված կացության մեջ Սերժ Սարգսյանը միակ գործիչն էր, որին բացարձակապես ձեռնտու չէր մարտի 1-ը, որովհետեւ արյան պատասխանատվությունն ի վերջո ընկնելու էր իր վրա: Մարտի 1-ը ոչ թե իշխանություն-ընդդիմություն պայքարի դրսեւորում էր՝ Սարգսյանի եւ Տեր-Պետրոսյանի միջեւ, այլ իշխանությունն ուժային եղանակով պահելու՝ 1996-ի եւ 2004-ի փորձը ունեցող երկու նախկին նախագահների գլխավորած քաղաքական ճամբարների բախում: 1996-ի եւ 2004-ի դեպքերից 2008-ի մարտի 1-ի էական տարբերությունն այն էր, որ այս դեպքում ընդդիմություն-իշխանություն կոնֆլիկտը մղվել էր երկրորդական պլան, եւ իրական պայքարն ընթանում էր առաջին եւ երկրորդ նախագահների միջեւ, ովքեր այս կամ այն չափով ունեին ուժային քայլերի դիմելու պատրաստ մարդկային ռեսուրսներ: Ուստի մարտի 1-ը ավարտվեց արյունահեղությամբ: Ապագայում 1996-ի, 2003-ի եւ 2008-ի հետընտրական էքսցեսների բացառումը Հայաստանի արժանապատվության խնդիրն է»:

Հ. Գ. «Առավոտի» հետ զրույցում պարոն Դալլաքյանն անդրադարձավ նաեւ «Տաշիրի» խնդրին. «Հազիվ թե հայկական իրականության կարեւորագույն իրադարձությունը «Տաշիր Գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանի հովանավորած միջոցառումն է:

Իմ տպավորությամբ՝ դրա վերաբերյալ քննադատական գնահատականներում հնչող հասկանալի մտահոգությունները զուգակցվում են Սամվել Կարապետյանի անձի թիրախավորված ու անհարկի քննադատությամբ, որը հասկանալի պատճառներով ունի քաղաքական ենթատեքստ եւ ուղղվածություն: Ես ունեմ իմ ուրույն մոտեցումները հայտնի մրցանակաբաշխության անցկացման նպատակահարմարության, անհրաժեշտության, ձեւի ու բովանդակության մասին: Ընդհանրապես այդօրինակ ակցիաները պետք է կրեն հումանիտար բնույթ, ծրագրավորվեն հայաստանյան մերօրյա իրականությունից ելնելով, նպաստեն Հայաստանում եւ Արցախում կուտակված բազմապիսի հիմնախնդիրների լուծմանը եւ վերջապես առավելագույնս ընկալելի լինեն հասարակության համար: Այսինքն՝ լինեն այնպիսին, ինչպիսին տարիներ շարունակ եղել են եւ ներկայումս էլ շարունակվում են Հայաստանում եւ Արցախում Սամվել Կարապետյանի իրականացրած ներդրումային եւ բարեգործական լուրջ ծրագրերը, որոնք ես բարձր եմ գնահատում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել