Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՖԻԼՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Ապրիլ 13,2011 00:00

«Որպես ընդդիմադիր ամենամեծ բեւեռի առաջնորդի ելույթ՝ այն գնահատում եմ որպես խիստ պարտվողական»,- երեկ այսպես է մեկնաբանել «Սարդարապատ» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը ապրիլի 8-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Իսկ ինչ վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանին եւ «Սարդարապատին» ուղղված հատվածին, նա ասել է. «Իմ վերջին՝ մարտի 30-ի ասուլիսի նախօրյակին Լեւոն Զուրաբյանը բարձրաձայնել էր, որ մինչեւ ապրիլի 8-ը իրենք պատրաստ են լսել ցանկացած առաջարկություն ՀԱԿ-ի գործունեության կամ գործողությունների վերաբերյալ: Իմ առաջարկության փաթեթը եղել է հենց այդ տրամաբանության համատեքստում, եւ Տեր-Պետրոսյանի հիշատակած միտքը եղել է ընդամենը մեկ առանձնացված կետ այդ փաթեթից: Մենք ականատեսն ենք եղել, թե ինչպես հանրահավաքների ժամանակ բեմահարթակից տարբեր գործիչներ, ներառյալ Տեր-Պետրոսյանը, ժողովրդի կողմից ինքնաբուխ հնչեցված «Հիմա» բացականչությունների նկատմամբ կիրառել են ճնշում եւ լռեցնելու փորձեր, որոնք պսակվել են հաջողությամբ: Կարծում եմ՝ «Լեւոն նախագահ» «ինքնաբուխ» բացականչությունը եւս հանգիստ կարելի էր լռեցնել հենց Տեր-Պետրոսյանի կողմից, խնդրելով ժողովրդին, որ մինչեւ այն ժամանակը, երբ չի վերացել բռնապետությունը՝ հանուն դիմադրական ընդհանուր գործին ավելի լայն զանգվածների ներգրավման, լավ կլինի չհնչեցնել այս կարգախոսը: Առավել եւս, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ի սկզբանե շարժմանն աջակցող ժողովրդի հետ ուներ պայմանավորվածություն, որ վերջինս իրեն օգտագործի որպես ավազակապետության կազմաքանդման «Գործիք»։ Եվ վերջապես, իշխող ռեժիմին ուղղված պարտվողական դիմումների փոխարեն՝ շատ ավելի լավ կլիներ, որ ենթատեքստ ունեցող ուղերձներ ուղղվեին, չգիտես ինչու, արդեն մոռացված «թաթար-մոնղոլական ավազակապետության» պարագլուխներին եւ ոչ թե գործընկերներին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել