Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ ԷՐ ԱՍԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Ապրիլ 13,2011 00:00

Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը վերահաստատել է «Ֆեյսբուքում» ավելի վաղ արած իր պնդումը, թե 2008-ի մարտի 1-ի առավոտյան Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատանն ասուլիսից հետո մոտեցել է նրան ու փոխանցել Ֆրանսիական դեսպանատան մոտ գտնվող Անահիտ Բախշյանից ստացած տեղեկությունը, որ «այնտեղ սկսվել է առճակատում, եւ ոստիկանները հարվածում են մարդկանց»: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն, ըստ նրա՝ ասել էր. «Ես չգիտեմ, թե ովքեր են հավաքված այնտեղ: Դա իմ ժողովուրդը չէ: Իմ շտաբը այնտեղ որեւէ հավաք չի պլանավորել: Միգուցե սադրիչնե՞ր են հավաքվել»: Ստեփան Սաֆարյանն ասուլիսում նշել է, թե իր ասածները փորձ արվեց հերքել, բայց՝ «Դուք տեսած կա՞ք, որ Բարաք Օբամայի թիկնապահը հերքի, որ Օբաման ինչ-որ մեկի հետ այս կամ այն բանը խոսել է, կամ, ասենք, Նիկոլա Սարկոզիի հարսն ասի, որ, օրինակ, իր սկեսրայրն այդպիսի բաներ չի խոսել»: Ըստ նրա՝ կամ էլ հերքել են մարդիկ, ովքեր այնտեղ չեն եղել:

Ես ներկա եմ եղել այդ ասուլիսին, եւ պահպանել եմ ձայնագրությունը, ըստ որի էլ մեջբերում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը. «Ժողովուրդը չի հաշտվելու այս իրականության հետ՝ ես չեմ կասկածում: Մենք արդեն ունենք նոր ժողովուրդ՝ վախը իր միջից հանած ժողովուրդ: Այս 5 ամսվա ընթացքում մենք ստեղծեցինք նոր հասարակություն՝ գիտակից, քաղաքացիական հասարակություն: Նույնիսկ չգիտեմ, եթե հրաշք պատահի՝ Սերժ Սարգսյանը մնա նախագահ՝ ես չեմ պատկերացնում, այդ նախագահն ինչպե՞ս է իշխելու այս ժողովրդին: Բացառվա՛ծ է: Անհնա՛ր է: Այս ժողովուրդն արդեն ազատության շունչը շնչել է՝ նա չի՛ ենթարկվի ուղղակի: Հիմա ինձ ասում են, որ ժողովուրդը չի հանգստանում՝ փողոցներում է: Եթե նրանց նկատմամբ որեւէ բռնություն կատարվի՝ դա միանգամայն անօրինական կլինի: Ինքնաբուխ բողոքի ցույցերը, երթերն օրենքով արգելված չեն: Արտակարգ դրություն հաստատված չէ Հայաստանում, պարետային ժամ չի հայտարարվել: Հետեւաբար այսօր փողոցներում հիմա, չգիտեմ՝ Ֆրանսիական դեսպանատան առջեւ եթե ցույց է՝ ինձ ասացին՝ կա, Ռուսական դեսպանատան առջեւ՝ իբրեւ թե, նույնիսկ Թումանյան-Մաշտոցի անկյունում են հավաքվել, ընդվզել: Ցանկացա՛ծ բռնություն այս մարդկանց հանդեպ ապօրինություն է, քանի դեռ արտակարգ դրություն չի հայտարարվել»:

Չենք կարող դատել, թե առանձնազրույցում ինչ է ասվել պրն Սաֆարյանին, սակայն ասուլիսում հնչածն իր տոնայնությամբ հակասում է փոխանցված «Միգուցե սադրիչնե՞ր են հավաքվել» պնդմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել