Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կուշտ պահել իր համար անհրաժեշտ պահին»

Ապրիլ 13,2011 00:00

Երեկ խորհրդարանը քննարկեց «Կենսաապահովման նվազագույն բյուջեի եւ կենսաապահովման նվազագույն զամբյուղի մասին» ՀՀ օրինագիծը:

Խորհրդարանը երեկ քննարկեց ՀՅԴ պատգամավորների ներկայացրած «Կենսաապահովման նվազագույն բյուջեի եւ կենսաապահովման նվազագույն զամբյուղի մասին» ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այս օրինագիծն օրակարգ մտցնելուն դրական եզրակացություն չի տվել, սակայն օգտվելով ԱԺ կանոնակարգ օրենքով ընձեռված հնարավորությունից՝ ՀՅԴ պատգամավորները հարցը համարել են արտահերթ, եւ խորհրդարանը ստիպված էր քննարկել այն:

«Դեռեւս 2008թ. մարտի 21-ին կնքված կոալիցիոն հուշագրում ամրագրված է սկզբունք, համաձայն որի՝ ՀՀ իշխանությունները պարտավորվում են աղքատության քաղաքականության հիմքում դնել կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը: Սակայն, ինչպես կոալիցիոն հուշագրում ամրագրված շատ սկզբունքներ, այդ սկզբունքն այս պահի դրությամբ նույնպես անտեսված է, եւ, փաստացի, մենք ստիպված էինք այդ նախագիծը ճանաչել արտահերթ, որովհետեւ մենք համարում ենք, որ պատասխանատու ուժը պետք է իր վրա բեռ վերցնի եւ տրված խոստումները կատարի»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Օրինագծում առաջարկվում է սահմանել կենսաապահովման նվազագույն կառուցվածք՝ հիմքում ունենալով 3 բաղադրիչ: Առաջին՝ պարենային զամբյուղը պետք է կառուցված լինի 2412կկ մեծությամբ՝ որպես ՀՀ քաղաքացիներին նվազագույն սնուցման լիարժեքության ապահովման սկզբունք: Երկրորդ՝ սահմանել այնպիսի ոչ պարենային ապրանքների կառուցվածք եւ կազմ, որը նվազագույնը գոյատեւման համար անհրաժեշտ հագուստների եւ պարագաների ձեռք բերման հնարավորություն կտա: Երրորդ՝ հնարավորություն տալ ՀՀ քաղաքացիներին իրացնել իրենց նվազագույն պահանջները ծառայություններից օգտվելու ժամանակ:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտնեց, որ օրինագծի քննարկումը կարելի էր հետաձգել հարցին համապարփակ լուծում տալու համար՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ, թե. «Կարելի՞ է ստեղծված իրավիճակի ձեր բնութագրումը լսել, եւ արդյոք դա ա՞յն իրավիճակն է, որում ՀՀ բնակիչը կարող է 32 հազ. դրամով ապահովել այն պահանջները, որոնք ցանկերի մեջ կան. 27 հազ.-ով ապահովել իրեն անհրաժեշտ կալորիականությունը, որ պարզապես չմեռնի, իսկ մնացած 5000-ով գնա թատրոն, գիրք կարդա եւ նաեւ կոշիկ ու շալվար առնի երբեմն։ Ճի՞շտ եմ հասկանում, որ իրավիճակն այս վիճակն է, եւ մենք այստեղից ենք գլոբալ լուծում որոնում»:

Սոցիալական այս օրինագծի քննարկմանը բավականին ակտիվորեն էին մասնակցում նաեւ կառավարության ներկայացուցիչները: Արտահերթ ելույթով հանդես եկան միանգամից երեք նախարար՝ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը։ Երեքն էլ հաստատեցին կառավարության բացասական եզրակացությունը։ Ըստ Վահան Հովհաննիսյանի. «Կառավարությունը գործուղել է 3 հարգելի նախարարների՝ ասելու համար մի պարզ բան, որ փող չկա, դրա համար չենք անում։ Ի վերջո՝ սա մենք լսեցինք, մնացած փաստարկները օպերայի բնագավառից են: Կա շատ պարզ պատասխան, թե ինչո՞ւ հիմա չէ։ Հարցը ոչ թե այն է, որ փող չկա, այլ այն, որ մի քանի ամիս հետո կմոտենան ընտրությունները, եւ ցավոք՝ իշխանությունը ոչ թե խնդիր է դնում կուշտ պահել ժողովրդին, այլ կուշտ պահել իր համար անհրաժեշտ պահին։ Ընտրություններից առաջ, վստահեցնում եմ ձեզ ու պատրաստ եմ գրազ գալ ներկաներից յուրաքանչյուրի հետ, մյուս 2 նախագծերը կմտնեն օրակարգի մեջ, ու կպարզվի, որ կառավարությունը կուտակել է գումարներ, ու հարցը հնարավոր է լուծել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել