Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ ԷՐ

Ապրիլ 13,2011 00:00

\"\"Իսկ ապրիլի 28-ը, իսկապես, ջրբաժանի օր է լինելու

Հայ ազգային կոնգրեսի ապրիլի 8-ի հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական ճամբարներում, ամեն մեկը յուրովի էր գնահատելու: Բայց նաեւ ներկոնգրեսական շրջանակներում կան այլախոհներ եւ Տեր-Պետրոսյանի որեւէ ելույթին համերաշխորեն հավանություն տվող շրջանակներ, որոնք, ի տարբերություն առաջինների, ապավինում են Կոնգրեսի առաջնորդի փորձառությանը՝ մատնանշելով նրա շրջահայաց ու իմաստուն քաղաքական գործիչ լինելու հանգամանքը:

ՀԱԿ առաջնորդի ելույթում արված շեշտադրումներն ու դիտարկումները լիովին կիսում էր, օրինակ, նաեւ՝ Կոնգրեսի շտաբի ներկայացուցիչ եւ ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: «Առավոտի» հետ զրույցում նա պնդեց, որ Տեր-Պետրոսյանի ելույթից բխում էր հետեւյալը՝ թեեւ ՀԱԿ-ը փորձում էր իրադարձությունները չարագացնել, գործել Սահմանադրության ու օրենքների շրջանակում եւ իր պահանջների իրականացմանը հասնել քայլ առ քայլ՝ երկիրը զերծ պահելով սոցիալական ընդվզումներից ու քաղաքական ցնցումներից, «ոչ ամենեւին պայքարի հեղափոխական մեթոդների օրինականությունը մերժելու, այլ բացառապես Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգը չմեծացնելու նկատառումով», բայց եթե իշխանությունն իրեն տրված այս մի հնարավորությունն էլ բաց թողնի, ապա պատասխանատվությունը կընկնի, առաջին հերթին, իշխանության վրա: «Այսինքն՝ նա ասում էր՝ ժողովրդի համբերության բաժակն արդեն լցվել է, եւ ապրիլի 28-ը կլինի վերջնաժամկետ, եւ մենք մեր մոտեցումները կփոխենք, եթե թվարկված երեք առանցքային պահանջները՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակը ընդդիմության համար բացելու եւ «Մարտի 1»-ի հետաքննության խոստում, մինչ այդ չկատարվեն: Եթե չկատարվեն՝ մենք ստիպված կլինենք փոխել մեր մոտեցումները»,- Տեր-Պետրոսյանի ելույթն այսպես մատուցեց ՀԺԿ ներկայացուցիչը՝ կարծիք հայտնելով, որ եթե իշխանություններն այդ պահանջների կատարման ուղղությամբ քայլ չանեն՝ «ժողովուրդն ուրիշ ընտրություն կկատարի»: Ո՞րն է լինելու ՀԱԿ-ի կամ, ինչպես ասում է Գ. Հարությունյանը՝ ժողովրդի ընտրությունը: «Երբ ժամանակը գա, ժողովուրդը հավաքվի՝ այն ժամանակ կճշտվի: Ասել է, չէ՞, ժողովուրդն ինքն է որոշելու»,- մեր հարցին ՀԱԿ ներկայացուցիչն այսպես արձագանքեց: Անձամբ ինքը դժվարացավ իր սցենարը ներկայացնել՝ «ճիշտն ասած՝ բարդ հարց է: Եկեք հետո անդրադառնանք դրան»:

ՀԱԿ-ի անդամ Կարապետ Ռուբինյանն, օրինակ, ցավալի էր համարել, որ Տեր-Պետրոսյանն իր ելույթի 43 տոկոսը նվիրել էր «երրորդուժականներին» կամ այլախոհ ընդդիմադիրներին՝ փոխանակ մեղմելու ընդդիմադիր դաշտում առկա ներքին հակամարտությունը: «Դրա պատասխանը առաջին նախագահի ելույթում եւս տրվեց: Ես միանշանակ կիսում եմ այդ առնչությամբ Տեր-Պետրոսյանի դիտարկումները: Խոսքը, այո, որոշ ուժերի մասին էր: Պետք չէ ընդդիմություն խաղալ: Անցած տարիների ընթացքում մենք նման բաներ այնքա՜ն ենք տեսել: Հետո՝ ժամանակը ցույց է տվել, թե ով՝ ով է: Համենայնդեպս, այս ամբողջ ժամանակահատվածում մենք մեր կուրսը չենք փոխել. ես նկատի ունեմ ՀԺԿ-ին, «Հանրապետություն» կուսակցությանը ու նաեւ ՀԱԿ-ում եղած մյուս ուժերին: Մենք մեր գույնը երբեք չենք փոխել. մեզ դավաճանել են, մեզ «քցել» են… Միշտ ու պարբերաբար, հատկապես ընտրություններից առաջ, այս կոմբինացիաները իշխանությունն օգտագործել է: Ու պիտի նայել, թե՝ ո՞ր ուժի ներկայացուցիչներն են հալածվել, ովքե՞ր են հիմա բանտերում, եւ նաեւ՝ ո՞ւմ հետեւից է ժողովուրդը գնում»,- ասաց Գ. Հարությունյանը: Շարունակելով ընդդիմադիր դաշտի ու ՀԱԿ-ի կողմից այդ դաշտը, իբր, գրաված լինելու թեման՝ Գ. Հարությունյանն ասաց, թե Տեր-Պետրոսյանն իր ելույթում ընդամենը հակադարձել է ՀԱԿ-ին ուղղված մեղադրանքներին, որոնք ՀԺԿ քարտուղարի գնահատմամբ՝ անհեթեթություն են: Նա այս համատեքստում մեջբերեց «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը, թե ՀԱԿ-ն ու իշխանությունները պայմանավորվել են արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ. «Այդ հայտարարությունը բացարձակապես համագործակցությանն ուղղված չէ, ավելին՝ անընդունելի գնահատականներ էր պարունակում: Ես միայն չհասկացա, թե դա «Ժառանգությա՞ն», թե՞ Ռ. Հակոբյանի անձնական գնահատականն էր: Նա ՀԱԿ-ին մեղադրում է իշխանությունների հետ որոշակի պայմանավորվածությունների համար, ընդ որում՝ դա ասվում է այն շեշտադրությամբ, որ արտահերթ ընտրություններ անցկացնելն անթույլատրելի է»:

Գ. Հարությունյանի համոզմամբ, սակայն, ՀԱԿ-ի ու իշխանությունների միջեւ որեւէ պայմանավորվածություն կամ համագործակցություն էլ չկա. «Ես ինքս նման շփումների մասին չգիտեմ: Այս իշխանությունների հետ ի՞նչ համագործակցես: Մենք ասել ենք, թե մեր համագործակցության պայմանները որոնք են: Եթե այսօր մեր տղաները բանտերում են, եթե «Մարտի 1»-ի վերաբերյալ նորմալ քննություն չի անցկացվում՝ ի՞նչ համագործակցության մասին է խոսքը: Եթե ես նույնիսկ մի փոքր կասկած ունենամ՝ բացառվում է, ես ՀԱԿ-ում չեմ լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել