Իսկ գրականությունը՝ արհամարհված
Երեկ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում Հայաստանի գրողների միության եւ Գրականության ինստիտուտի նախաձեռնությամբ մեկնարկեց երիտասարդ գրականագետների հանրապետական գիտական երկօրյա նստաշրջանը:
Արդեն երկրորդ անգամ անցկացվող նստաշրջանին մասնակցում են 26 երիտասարդ գրականագետներ Երեւանից եւ ՀՀ մարզերից: Նստաշրջանի կազմակերպիչները Գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատողներ Արքմենիկ Նիկողոսյանն ու Արմեն Ավանեսյանն են:
Ա. Ավանեսյանի փոխանցմամբ, ինչպես պետության, իշխանավորի, այնպես էլ հասարակության կողմից գրականության նկատմամբ կա արհամարհական վերաբերմունք. «Գրականությունը կարծես թե դուրս է մղվել առօրյայից: Ժամանակներ կային, երբ գրականությունը մարդու առօրյայի մի մասն էր՝ կապ չուներ՝ նա աշխատում էր երշիկի գործարանո՞ւմ, թե՞ շինարարության մեջ: Գրականության ծաղկումը բերում է ե՛ւ տնտեսական, ե՛ւ ռազմական առումով վերելքներ: Իսկ այսօր գրականությունը լիովին ստվերված է: Այդ իմաստով մենք՝ երիտասարդներս, որոշեցինք առաջ քաշել գրականության դերի վերականգնման խնդիրը, որն էլ դարձավ գիտաժողովի գերնպատակը: Թեմաների մեծ մասը արդի հայ գրողների շուրջ են»:
Ա. Նիկողոսյանի բնորոշմամբ էլ, նստաշրջանը լավագույն հնարավորությունն է երիտասարդին ինքնարտահայտվելու:
Գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանն ու ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը իրենց խոսքում նշեցին, որ երիտասարդ գիտնականների շրջանում շատ կան անբաններ, որոնք նույնիսկ ալարել են գալ նստաշրջանին եւ լսել իրենց կոլեգաների զեկույցները: Երիտասարդներն էլ իրենց հերթին ընդգծեցին իրենց խնդիրները, որոնց մասին խոսելիս անգամ չէին կարողանում զայրույթը թաքցնել: Արքմենիկը նշեց, որ իրենք ունեն նորմալ վարձատրության խնդիր Հայաստանում. «Միայն քիչ վարձատրությունն է պատճառը, որ երիտասարդ գիտնականը չի կարողանում իրացնել իր ամբողջ ներուժը, որովհետեւ ստանում են աղքատիկ աշխատավարձ նույն Գրականության ինստիտուտում եւ ստիպված են իրենց հացը վաստակել տարբեր մասնավոր բուհերում դասախոսելով, հեռավոր շրջաններ մեկնելով, լրագրողի աշխատանք կատարելով»: Արքմենիկից հետաքրքրվեցինք՝ որքա՞ն աշխատավարձ է ստանում Գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, նա առանց կաշկանդվելու պատասխանեց. «33500 դրամ՝ գումարած Գիտության կոմիտեի հատկացրած 10000 դրամը, նրա համար, որ ես գիտության թեկնածու եմ»:
Նա նկատեց, որ պետությունը երբեք ուսումնասիրություն չի անում՝ ով է գիտնական, ով՝ ոչ. «Հարկավոր է ընդամենը պարզ մոնիտորինգ անել, այսինքն՝ ո՞վ է ընդամենը հայցորդ, ո՞վ է գրել 3 հոդված, որպեսզի պաշտպանի թեկնածուականը եւ ո՞վ է, որ իրապես զբաղվում է իսկապես գիտությամբ: Արդյունքում պարզ կլինի՝ ում ֆինանսավորել»:
Ա. Ավանեսյանը խնդիրների մասին ընդգծեց. «Ավագ սերնդի նշած անբան լինելը կամ չլինելը անհատական գործոն է, որովհետեւ աշխատասեր մարդն անընդհատ աշխատում է: Այլ հարց է, որ աշխատանքի նկատմամբ մարդկանց հետաքրքրասիրությունը մի քիչ թուլացել է: Երիտասարդները մտածում են, եթե չաշխատելով կարող են հասնել ինչ-ինչ նյութական բարեկեցության, կարելի է եւ ընտրել այդ ճանապարհը: Սա գալիս է վերեւներից. ինչպես աշխատում է մեր իշխանությունը, այնպես էլ աշխատում է մեր երիտասարդությունը»: Նաեւ հավելեց. «Գիտական մտքի արտահոսք ունենք, որն իսկապես խնդիր է ոլորտի զարգացման համար: Լավ «ուղեղներին» բռնում եւ տանում են այլ երկիր եւ իրենց պետությունը զարգացնում: Եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ դրսում գիտաշխատողը դասվում է բարձր խավի շարքերում՝ իր եկամուտով եւ կեցությամբ, դուրս գնալը մերոնց ձգում է: Գոյատեւելու համար հայ երիտասարդը ամբողջ օրը հսկիչ է աշխատում խանութում եւ միայն մեկ-երկու ժամ գիշերը տրամադրում գիտությանը, դա նշանակում է նա օգտագործում է իր պոտենցիալի 10-15 տոկոսը: Հենց դա է պատճառը, որ Հայաստանում երիտասարդ գիտաշխատողի հեռանկարները մշուշոտ են»: