«ФСБ»-ի տեղեկատվության պաշտպանության եւ հատուկ կապի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Անդրեեչկինը հայտարարել է, որ «Gmail»-ի, «Hotmail»-ի եւ «Skype»-ի օգտագործումը սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը: Նրա խոսքով՝ այդ ծառայությունները խոչընդոտում են ԱԴԾ-ի աշխատանքներին: Սակայն այս տեսակետին արդեն դեմ են արտահայտվել «Минкомсвязи»-ն ու Մարդու իրավունքների խորհուրդը:
Հայտնի լրագրող ու բլոգեր Անտոն Նոսիկը BBC-ի հետ զրույցում ասել է, որ այս հայտարարությանը պետք չէ լուրջ վերաբերվել՝ «Gmail»-ն ու «Hotmail»-ն արգելված չեն նույնիսկ Չինաստանում, քանի որ այդ ծառայություններն ազգային անվտանգության համար սպառնալիք չեն հանդիսանում:
Նոսիկի խոսքով՝ «Skype»-ը նյարդայնացնում է ԱԴԾ-ին ապակոդավորման չենթարկվող իր ալգորիթմներով: Սա նշանակում է, որ վերծանել խոսակցությունները հնարավոր չէ: Իսկ ինչ վերաբերում է «Gmail»-ին ու «Hotmail»-ին, ապա ԱԴԾ-ն մուտք չունի դեպի այդ ծառայություններ ու չի կարող վերահսկել օգտագործողների նամակագրությունը:
«Минкомсвязи»-ն առաջարկում է օգտվել ռուսական ապակոդավորվող ծառայություններից, իսկ Կրեմլը հայտարարում է, որ ԱԴԾ-ի նման հայտարարությունը «չի արտացոլում Ռուսաստանի քաղաքականությունը»:
Այս խնդրի քննարկման համար կստեղծվի հատուկ խումբ, որը կառավարությանը կներկայացնի իր առաջարկները: