Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կապիկին էլ «գալստուկ» կապես, կասի՝ մտավորական եմ»

Ապրիլ 12,2011 00:00

Երգահանները մեր իրականության մասին

Երգահաններ Ռուբեն Հախվերդյանը եւ Դավիթ Ամալյանը, վերջերս մամուլում ամենից շատ արծարծվող «Տաշիր 2011» մրցանակաբաշխության նվիրատվությունների թեման փակելով, երեկ «Հայելի» ակումբում փորձում էին գտնել այն պատճառահետեւանքային կապը, թե ինչու է մեր իրականության մեջ համառորեն ներխուժում շոու աշխարհը: Դ. Ամալյանը կարծում է, որ նախ պետք է գտնել հարցի ակունքը, հասկանալ, թե որն է իրական մտավորականի չափանիշը:
«Հեռուստացույցը միացնում ես՝ բոլորը երգում են»,- նկատում է Ռ. Հախվերդյանը ու հավելում, որ շոու բիզնեսը գարշելի բան է, եւ ինքն իրեն համարում է արվեստի, ոչ թե շոու բիզնեսի ներկայացուցիչ: Նա անդրադարձավ բանակին վերաբերող գովազդային վահանակներին. «Էդ տխմար աֆիշները՝ մենք հայկական բանակ ենք, իմ դուդուկը իմ զենքն ա, ես սիրում եմ քեզ… Ով ում ա սիրում, էդ սերը խմբակայի՞ն ա, ոչ խմբակայի՞ն ա՝ չես հասկանում: Դրանց փոխարեն պիտի Լեոնիդ Ազգալդյանի, Մոնթեի, Դուշման Վարդանի նկարները տեսնեինք, որ մեր երեխաները ներշնչվեին այդ մարդկանցով: Պետք չի խոսել հայրենասիրությունից, ուղղակի նկարները կախել եւ ամեն ինչ պարզ է»: Հախվերդյանը պատահական չի համարում, որ պատերազմի ժամանակ առաջինը գաղափարական հերոսները զոհվեցին, կարծում է՝ եթե Լեոնիդը, Մոնթեն եւ մնացած իսկական մտավորականները լինեին, հանրապետությունում տիրող խայտառակ իրավիճակի դեմ կպայքարեին Ժիրայր Սեֆիլյանի պես: Մինչդեռ, ըստ Ռ. Հախվերդյանի, այսօր շատերին թվում է՝ եթե փողկապ են կապել, ուրեմն մտավորական են. «Կապիկի վրա էլ «գալստուկ» կապես, պիջակ հագցնես, խորհրդարանում նստի, կասի՝ մտավորական եմ, մեր ժողովրդի շահերն եմ պաշտպանում»: Ռ. Հախվերդյանը նկատում է. «Եթե ուզում ես վերջին լուրերը լսես, պետք ա նստես մի հատ տաքսի ու տաքսիստի հետ խոսես: Այն, ինչ որ քեզ կարող է ասի տաքսի քշող վարորդը, այսինքն՝ օբյեկտիվ ճշմարտությունը, չենք լսում, օրինակ, Հանրային հեռուստատեսությամբ…»: Դավիթ Ամալյանը կարծում է, որ մենք ինքնաճանաչման խնդիր ունենք եւ ստեղծված վիճակից ելքը տեսնում է մշակութային հեղափոխության մեջ: Ռ. Հախվերդյանը զարմանում է՝ ինչո՞ւ է հայկական սիրային երգերում միայն վիշտ ու տառապանք. «Սերը «վապշե» անկողնում ա լինում, ընչի՞ են տառապում՝ չեմ հասկանում……մազոխիզմ ա, սադիզմ ա, լացկան երգեր են, հայ երգին բնորոշ չի լալկանությունը: Կոմիտաս լսեք՝ լաց ըլնելու ոչ մի բան չկա…»:
Ինչ վերաբերում է շոու բիզնեսին, նա գտնում է. «Եթե մշակույթի նախարարը Հասմիկ Պողոսյանն ա, շոու բիզնեսը սենց կծաղկի կամ եթե կրթության նախարարը, որին ժողովուրդը Ֆանտոմաս է ասում…»: Ռ. Հախվերդյանը գտնում է, որ ամեն ինչի մեղավորը տգիտությունն է, խնդիրը նախագահի մեջ է, որը պետք է այնպիսի մարդկանց հավաքի իր շուրջ, որ գոնե իրենից խելոք լինեն: Վստահ է, որ ինքն էլ կարող է նախագահ լինել, թեպետ գիտի, որ չի ընտրվի, որովհետեւ հաշվողներն իրեն չեն հաշվի. «Ինձ թվում է, որ պատերազմը չի վերջացել, մեր մեջի թշնամին ավելի սարսափելի է, քան թուրքը: Մեզ թիկունքից են խփում, դեռ Լեւոնի ժամանակից վախացնում, որ քաղաքացիական պատերազմ եղավ, հանկարծ ընդվզեցիք, պահանջեցինք պրեզիդենտի հրաժարական եւ այլն, այդ ժամանակ ադրբեջանցիները կարող ա պատերազմ սկսեն, դրանից ելնելով՝ մեր իշխանավորները լավ էլ կլպում են ժողովրդին եւ ավելի շատացնում իրենց գերշահույթները… Մեր երկիրը վերածվել է ֆեոդալական ահռելի, գարշելի զուգարանի…»:
Լրագրողները խնդրեցին «Նաիրի» կինոթատրոնի փակման վերաբերյալ կարծիք հայտնել: Ռ. Հախվերդյանը պատասխանեց. «Կինո «Նաիրիում» ինձ նշանակել էին գործադիր տնօրեն, հետո տեսան, որ ընտեղից փող դուրս չի գալի, աճուրդի դրեցին, ծախեցին: Աբո Բազեյանը վկա, որ էն ժամանակ քաղաքապետ էր՝ ուզում էի, որ էն ժամանակ դա լիներ պետական սեփականություն, որ վրես հաչացողներ քիչ ըլնեին, հիմա տեսա՞ք ինչ եղավ…»:

Հ. Գ. Ռուբեն Հախվերդյանը երեկվա ասուլիսում հայհոյանքներ տեղաց որոշ կին լրագրողների հասցեին, ինչը, կարծում ենք, պատիվ չի բերում հայ տղամարդուն ու արվեստագետին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել