Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՆՈՋ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 12,2011 00:00

Կամ «Կարմենի» հետքերով

«Արմմոնո» միջազգային 9-րդ փառատոնի շրջանակներում օրերս Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ցուցադրվեց Սամաա Իբրահիմի «Կարմեն» մոնոներկայացումը, հենց իր՝ եգիպտուհու դերակատարմամբ:
25 րոպե տեւողությամբ մոնոներկայացումը թատրոնում աշխատող հավաքարարուհու երազանքների, խոհերի եւ մտածումների առարկայացում է, սիրելու կարելիության ու առօրյայի հրամայականի բախման մի հուզիչ օրինակ: Երբ Բիզեի հայտնի «Կարմեն» օպերայի բեմադրումից առաջ հավաքարարուհին անցնում է իր գործին, փորձելով առավելապես անթերի մաքրել բեմը, որպեսզի հանկարծ տնօրենը իր վրա չբարկանա ու «չկրճատի իր աշխատավարձի տասը կամ հարյուր տոկոսը», միաժամանակ հոգսերով բեռնավորված այդ կնոջ ներսում արթնանում է «ներսի» կինը: Նա՝ ում համար կյանքը իմաստավորված է այնչափ, որչափ նա ունակ է իր մեջ սրբագործել սիրելու կերպը:
Երբ արթնանում է այդ ներքին կինը, բեմը կարծես խորտակվում է, թատրոնը՝ վերանում: «Բայց ի՜նչ նման է ինձ Կարմենը», – մտածում է ինքն իրեն հերոսուհին: Հավաքարարուհին կարծես նույնպես անհետանում է եւ նրա փոխարեն ծնունդ է առնում յուրաքանչյուր կնոջ մեջ ապրող Կարմենը, որը իր կանացի թուլությամբ հաստատում է մի ուժական իշխանություն՝ ենթարկելով իրեն տղամարդկանց բազմությունը:
Գայթակղության այդ նորահայտ ոգին, սակայն, մի պահ բարձրացնելով իր գլուխը, նորից թաքնվում է հավաքարարուհու ներսում, որպես յուրաքանչյուր կնոջ համար նմանակման իդեալ, եւ նորից այդ բացարձակ կինը ընկղմվում է առօրյա կյանքի թելադրանքի մեջ, շարունակելով մտածել միայն. «հանկարծ տնօրենը չկրճատի՞ աշխատավարձիս տասը կամ հարյուր տոկոսը»:
Տպավորություն կարող էր ստեղծվել, որ նման ներկայացումը նախեւառաջ այն կնոջ մասին է, ով ապրում է մահմեդական կրոնով եւ բարոյականությամբ շնչավորված միջավայրում, սակայն ինչպես հավաստիացնում է ներկայացման բեմադրիչ Այման Իբրահիմը. «Սա յուրաքանչյուր կնոջ ներքին կյանքն է, եւ յուրաքանչյուր կին, ով ապրում է մեր մոլորակի վրա, կհասկանա այս ներկայացման հերոսուհուն»:
Մոնոներկայացումը բողոք չէ մահմեդական բարոյական պատկերացումների հանդեպ, ոչ էլ գիտակցական ընդվզում հասարակական կյանքի պայմանականությունների դիմաց: Այն սոսկ կնոջ անկեղծություն է, ով հայացքը ուղղած դեպի ֆրանսիացի կոմպոզիտոր Բիզեն, գտել է վերջինիս հերոսուհու մեջ իր սիրելու ներուժի արտապատկերումը ու փորձել հակադրել այն առօրյայի՝ հոգեկանը մտրակող տիրապետությանը:
Ֆեմինիզացված մեր հասարակությունում, ուր տղաները էգանում են, իսկ աղջիկներն ու կանայք որձանում ու իրենց կանացիությունը փոխակերպում կարիերիստական մեխանիզմների, նման անկեղծությունը արդեն իսկ արվեստ լինելու հավակնություն է ստանում:
Մի խոսքով, շատ սովորական մի մոնոներկայացում էր, որը եթե ստեղծվեր հարյուր տարի առաջ, հազիվ թե հավակնություն ունենար բեմական կյանքում ուշադրություն գրավելու, բայց որը այսօր նշանակալից է այնչափ, որչափ հազվադեպ է 21-րդ դարի կնոջ մեջ սիրելու ու գայթակղելու շնորհը եւ, որչափ արթուն է դեռ մեր՝ ունկնդիրներիս մեջ կնոջ անկեղծությունը ունկնդրելու քաջությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել