Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եգիպտոսում անցել են «նախկինների» հանցանքների քննությանը

Ապրիլ 12,2011 00:00

\"\"Եգիպտոսի դատախազությունը հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը հարցաքննվելու է հակակառավարական ցույցերի մասնակիցների սպանությունների, ինչպես նաեւ բյուջետային միջոցները վատնելու, յուրացնելու գործերով: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:
Հիշեցնենք, որ մինչեւ Մուբարաքի հրաժարականը, Եգիպտոսում տեղի ունեցած անկարգությունների, ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով մոտավորապես 1000 մարդ է սպանվել:
Դատախազությունը հայտնել է, որ հարցաքննելու է նաեւ Մուբարաքի երկու որդիներին: Դատախազությունն իր հայտարարությունում նաեւ նշել է, որ Մուբարաքի՝ կիրակի օրն արած հայտարարությունը չի կարող որեւէ ազդեցություն ունենալ հետաքննության վրա: Իսկ կիրակի օրը նախկին նախագահը փետրվարի 11-ին հրաժարական տալուց հետո առաջին անգամ հրապարակային իր ելույթում հերքել էր իր դեմ ուղղված մեղադրանքները:
Կարմիր ծովի ափին՝ Շարմ էլ-Շեյխ քաղաքի իր նստավայրում տնային կալանքի տակ գտնվող Հոսնի Մուբարաքը ապրիլի 11-ին «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության տարածած ելույթում հերքել է արտասահմանյան բանկերում հաշիվներ ունենալու, խոշոր գումարներ պահելու մեղադրանքները: Նա ասել է, թե բանկային հաշիվ ունի միայն մեկ եգիպտական բանկում: Անհիմն որակելով մեղադրանքները՝ Մուբարաքն ասել է, թե մտադիր է պաշտպանել իր եւ իր ընտանիքի արժանապատվությունը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ ավելի քան 30 տարի երկիրը կառավարած Մուբարաքը 40 միլիարդ դոլար ունի Լոնդոնի, Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի բանկերում։ 82-ամյա Մուբարաքը հայտարարել է, որ իրեն զրպարտելու արշավ է սկսվել, եւ խոստացել է համագործակցել իր եւ իր ընտանիքի ֆինանսական միջոցները ուսումնասիրող ցանկացած հետաքննության հետ:
Կահիրեի Թահրիր հրապարակում վերջին օրերին վերսկսված ցույցերի մասնակիցները պահանջում են նաեւ դատական պատասխանատվության կանչել երկրի նախկին նախագահին: Կիրակի օրը կոռուպցիայի մեղադրանքով կալանավորվել է Եգիպտոսի նախկին վարչապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել