Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ ՊԵՏԴԵՊԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Ապրիլ 12,2011 00:00

Միացյալ Նահանգները գտնում է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ավելի լիբերալ ու արեւմտամետ քաղաքական գործիչ է, քան իշխող տանդեմի նրա ավագ գործընկեր, վարչապետ Վլադիմիր Պուտինը: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին վկայում է ԱՄՆ Պետդեպի հրապարակած ու մասնավորապես Ռուսաստանում մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցը: ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության զեկույցում Պուտինը հիշատակվում է որպես մարդու իրավունքների ոտնահարման ցուցադրություն, իսկ Մեդվեդեւը՝ որպես իշխանության ներկայացուցիչ, որը հասարակությանն ընդառաջ քայլեր է ձեռնարկում:
Փաստաթղթում մեջբերվել են Պուտինի հայտարարությունները, որտեղ նա չարտոնված հանրահավաքները որակում է որպես սադրանքներ ու պնդում, թե նրանք, ովքեր մասնակցում են դրանց, պետք է պատրաստ լինեն մահակով իրենց գլխին հարված ստանալուն: Ինչ վերաբերում է Մեդվեդեւին, ապա Պետդեպը նկարագ րում է նրա հանդիպումն իրավապաշտպանների հետ ու շեշտում բանտում փաստաբան Սերգեյ Մագնիտսկու մահից հետո պատիժների կատարման ծառայությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները՝ միաժամանակ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ փաստաբանի մահվան համար մեղավորներն այդպես էլ ի հայտ չեն բերվել:
Պետդեպը աննկատ չի թողել նաեւ ՌԴ նախագահի կողմից ընդդիմությանն ընդառաջ արված քայլերը, որոնք ընդդիմությունը քննադատում է՝ որպես օրենսդրության ազատականացման ուղղությամբ արված կոսմետիկ քայլեր եւ խորը բարեփոխումներ կատարելու ձգտման բացակայության դրսեւորում: «Մարդու իրավունքների պաշտպանները ողջունել են նախագահ Մեդվեդեւի վետոն, որը դրվել է վարչական պատիժ կրած անձանց կողմից նախաձեռնած հանրահավաքներն արգելելու առաջարկի վրա»,- ասված է Պետդեպի զեկույցում՝ ճիշտ այն պարբերությունում, որտեղ խոսվում է Պուտինի «մահակների» վերաբերյալ արած հայտարարության մասին:
ՌԴ նախագահին եւ վարչապետին ԱՄՆ Պետդեպի զեկույցում միավորում է նրանց վերաբերմունքը պետական հեռուստաալիքների ու մամուլի հանդեպ: «Կառավարության կողմից վերահսկվող ԶԼՄ-ներում մշտապես ապահովվում է նախագահ Մեդվեդեւի եւ վարչապետ Պուտինի աշխատանքների լուսաբանման միակողմանիությունը»,- ասված է զեկույցում: Ինչ վերաբերում է ՌԴ-ում մարդու իրավունքների վիճակին, ապա պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ռուսաստանը թվարկել է այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Վենեսուելան ու Չինաստանը, որտեղ նոր թափ են ստանում քաղաքացիական ակտիվիստների հետապնդումները:
«Ռուսաստանում մենք տեսնում ենք քաղաքացիական հասարակության խմբերի նկատմամբ հետապնդումներ, որոնք ուղեկցվում են բռնությամբ եւ բազմաթիվ հարձակումներով ու լրագրողների, նաեւ ակտիվիստների սպանություններով»,- ասել է Քլինթոնը՝ հավելելով, թե Ռուսաստանի իշխանությունները ոտնահարում են կարծիքի արտահայտման, հավաքների իրավունքը՝ ձերբակալելով որոշ ցուցարարների եւ շարունակելով ճնշումներ գործադրել առանձին ոչ առեւտրային կազմակերպությունների, անկախ մամուլի, կրոնական փոքրամասնությունների, անկախ արհմիությունների ու քաղաքական ընդդիմության նկատմամբ, եղել են հաղորդումներ նաեւ օրենքի չարաշահման, բանակում սպանությունների եւ կալանքի տակ պահման դաժան պայմանների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել