Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՍՄՈԼԵՆՍԿՈՒՄ

Ապրիլ 12,2011 00:00

\"\"ՌԴ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սմոլենսկի Հյուսիսային օդանավակայանում: Լեհաստանի նախկին առաջնորդ Լեհ Կաչինսկիի «Տու-154» ինքնաթիռի կործանումից մեկ տարի անց Ռուսաստանի եւ Լեհաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Բրոնիսլավ Կոմորովսկին հանդիպում են Սմոլենսկում՝ հարգանքի տուրք մատուցելու համար զոհերի հիշատակին ու այցելելու Կատինի զոհերի հուշարձանին:
BBC-ի մատուցմամբ, լեհական պաշտոնական պատվիրակությունը որոշել է գնալ Մոսկվա, իսկ Սմոլենսկ հասնել՝ ավտոշարասյունով: Երկու երկրների առաջնորդների հանդիպումը կայանում է մեկ տարի առաջ տեղի ունեցած ավիավթարի ու ողբերգության վայրում տեղադրված հուշատախտակի բովանդակության շուրջ շարունակվող վեճերի ֆոնին:
Բանն այն է, որ Լեհաստանի նախկին նախագահի ինքնաթիռի կործանման վայրում, զոհերի հարազատների նախաձեռնությամբ, տեղադրվել էր հուշատախտակ, որի վրա լեհերեն գրված էր՝ «Ի հիշատակ 96 լեհերի՝ Լեհաստանի Հանրապետության նախագահ Լեհ Կաչինսկիի գլխավորությամբ, որոնք զոհվել են 1940թ.-ին Լեհաստանի բանակի ռազմագերի սպաների նկատմամբ իրականացված սովետական ցեղասպանության 70-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցելու ճանապարհին»:
Ռուսները փոխարինել են սա նոր՝ ռուսերեն եւ լեհերեն գրված հուշատախտակով, որում արդեն վերը մեջբերված հատվածը չկա: Այդ փաստը Լեհաստանում վրդովմունքի ալիք է բարձրացրել:
Մարտի 11-ին Մեդվեդեւն ու Կոմորովսկին կհանդիպեն վերջին մեկ տարվա ընթացքում արդեն որերորդ անգամ: Ավելի վաղ նրանք հանդիպել էին Լեհ Կաչինսկիի հուղարկավորության ժամանակ՝ Կրակովում, եւ Վարշավայում՝ 2010թ. դեկտեմբերին: Այս վերջին հանդիպման արդյունքում երկու նախագահները հայտարարել էին, թե երկու երկրների միջեւ վերջին մի երկարատեւ շրջանում առկա լարված հարաբերություններում նկատելի են մերձեցման միտումներ:
Այդուհանդերձ, Ռուսաստանն ու Լեհաստանը չեն հաղթահարել այն տարաձայնությունները, որոնք կային ոչ միայն Կատինի թեմայի, այլ հիմա արդեն նաեւ Սմոլենսկում տեղի ունեցած ավիավթարի շուրջ: Դրանք երկուսն էլ լրջորեն խոչընդոտում են Մոսկվայի ու Վարշավայի միջեւ հարաբերությունների զարգացմանը, ինչը երկու կողմերն էլ, ի դեպ, ընդունում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել