Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ապրիլ 12,2011 00:00

Ապրիլի 12-ի կապակցությամբ, որը ՄԱԿ-ի կողմից պաշտոնապես հայտարարվել էր Տիեզերագնացության միջազգային օր, Պուշկինի անվան դպրոցի ուսուցիչների նախաձեռնությամբ Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվել էր դեպի տիեզերք Գագարինի թռիչքի մասին պատմող ֆիլմի դիտում:  Աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը ողջունեց ներկա աշակերտներին՝ նշելով, որ այդ իրադարձությունը ոչ թե մի մարդու արարք էր, այլեւ մեծ առաջընթաց ողջ մարդկության համար. «Այդ օրը առաջին անգամ մարդը կարողացավ դուրս գալ մթնոլորտի սահմաններից եւ Երկիը տեսնել դրսից»: Նա մաղթեց աշակերտներին կյանքում միշտ գտնել զարմանալու եւ հետաքրքրվելու առիթներ՝ շեշտելով, որ հենց դրանք են հայտնագործությունների ու գիտության զարգացման համար նախադրյալներ ստեղծում:
Ֆիլմի դիտմանը ներկա էր նաեւ ԱՄՆ Կորնելիի համալսարանի պրոֆեսոր, աստղագետ Դանիել Վիտմանը, ով հայ աստղագետների հետ աշխատում է մոտ 40 տարի: Նրա խոսքերով, Հայաստանում գիտական մեծ ներուժ կա եւ շատ տաղանդավոր աստղագետներ, սակայն, քիչ ֆինանսավորման պատճառով չեն կարողանում մեծ հաջողությունների հասնել: Ըստ ամերիկացի պրոֆեսորի՝ այժմյան եւ սովետական ժամանակաշրջանի Հայաստանի աստղագիտության միջեւ տարբերությունը ֆինանսական ներդրումներն են: Նա ասաց, որ այժմ Հայաստանում է գտնվում, որովհետեւ ցանկանում է օգնել հայ երիտասարդ աստղագետներին միջազգային աստղագիտությանը ինտեգրվելու գործում:
Դ. Վիտմանը նշեց, որ իր դասախոսություններում հաճախ հիշատակում է Բյուրականի աստղադիտարանում կատարված հետազոտություններն ու հայտնագործությունները՝ այդպիսով ծանոթացնելով ամերիկացի ուսանողներին մեր նվաճումներին: Նա ԿԳՆ կողմից պարգեւատրվեց շնորհակալագրով՝ Բյուրականի աստղադիտարանում անցկացված Յու. Գագարինի տիեզերական թռիչքին նվիրված երիտասարդական սեմինարի աշխատանքներին աջակցելու համար:
Աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի ձեւակերպմամբ՝ աստղադիտարանի առօրյա խնդիրները դրված են իրենց ուսերին. «Համաշխարհային փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետական հոգածության առարկա են: Իսկ մեզ մոտ նույնիսկ տարածքի պետական սեփականություն հանդիսացող շինությունների պահպանումը  դրված է աստղադիտարանի գիտական կազմի ուսերին: Պետությունը գոնե պետք է պահպանի այն ամենը, ինչն իր սեփականությունն է, որը գիտաշխատողին է տրվել պարզապես աշխատանք կատարելու համար»: Գիտաշխատող Արթուր Կարապետյանի խոսքերով էլ՝ անհրաժեշտ է նոր դիտակներ գնել կամ գոնե վերանորոգել ունեցածը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել