Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ»

Ապրիլ 12,2011 00:00

Դպրոցի տնօրենների ընտրության մեխանիզմը

Երեկ Կրթության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի արժանացած շուրջ 50 երեւանաբնակ մանկավարժների հավաստագրերի հանձնման արարողությունը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հավաստագրերն անձամբ հանձնեց հավաստագրի արժանացած անձանց: Խոսելով գործընթացի օբյեկտիվության մասին՝ նախարարը հայտարարեց. «Ձեզնից 90 տոկոսին դեմքով չգիտեմ, ձեզ համար ոչ ոք չի զանգել, խնդրել, պրոտեկցիոնիզմ չի արել: Դուք հասարակության մեջ անհայտ եք, բայց ձեր շրջապատում ձեզ արդեն գիտեն: Ձեր օրինակով մեր քաղաքացիները տեսնելու են, որ իշխանությունը ոչ միայն խոսք է տալիս, այլեւ հետեւողականորեն իրականացնում է համակարգային բարեփոխումներ»:
Պարոն Աշոտյանը նաեւ հավելեց. «Սա նախարարության համար PR չէր: Մյուս կողմից էլ այն մարդիկ, որոնք առաջին փուլին չեն մասնակցել՝ մտածելով, որ խիստ է լինելու՝ որոշել են մասնակցել երկրորդ կամ երրորդ փուլին, սխալվել են եւ իրենց ժամանակը կորցրել, քանի որ մենք պրոցեսը պահելու ենք նույնքան օբյեկտիվ եւ արդար, որքան առաջին փուլում»: Նախարարը նաեւ շնորհակալագրեր հանձնեց ԿԳ նախարարության աշխատակիցներին, որոնք մասնակցել են հավաստագրման գործընթացի կազմակերպմանը:
ԿԳ նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց նաեւ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանին՝ գործընթացին սկզբից մինչեւ վերջ հետեւելու համար եւ նկատեց. «Մեր համագործակցությունը եզակի դեպք է, երբ ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները փորձում ենք ապաքաղաքականացնել»: Պատգամավորը նկատեց. «Բոլոր այս անձանց շնորհակալություն հայտնել պետք չէ, քանի որ նրանք բոլորն էլ կատարել են իրենց պարտականությունը, որն ամրագրված է օրենքով: Պարզապես արձանագրենք, որ նրանք պատվախնդիր եւ արժանապատիվ գտնվեցին՝ կազմակերպելով գործընթացը: Մյուս կողմից էլ ամեն ինչ դեռ առջեւում է, քանի որ հավաստագրի արժանացած անձինք դեռ խորհուրդներում պետք է մասնակցեն տնօրենի ընտրության մրցույթին: Ուստի պարոն նախարարին պիտի խնդրեմ, որ խորհուրդները ծառայեն նպատակին, դրանց գործունեությունը բխի կրթության որակի շահերից, ոչ թե քաղաքական շահերից: Այժմ ես քաղաքապետարանից խնդրել եմ ներկայացնել բոլոր դպրոցների խորհուրդների կազմը: Եթե պարզվի, որ խորհրդի նախագահները մարզպետարանների կամ քաղաքապետարանի ներկայացուցիչներ են, ուրեմն դա կասկածի տեղիք կտա»: Այս կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հայտարարեց, որ «Օգնիր դպրոցին» կայքում տեղադրվելու է դպրոցների կոլեգիալ կառավարման խորհրդի կազմը: Ելույթ ունեցան նաեւ հավաստագրի արժանացած անձինք:
Թոշակառու ուսուցիչ Համլետ Սարգսյանը եւս խոսեց խորհուրդների թերություններից. «Ժամանակին Լենինը մի աշխատություն ուներ «Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ», ուստի հիշատակելով այս աշխատությունը, ուզում եմ նշել, թե չստացվի այնպես, որ դպրոցի անգրագետ տնօրենների վերարտադրության համար ծառայած խորհուրդների գործունեության պատճառով ունենանք այս իրավիճակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել