Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱՆՔ ԽՈՏԱՆ ԱՍԵԼՈՒՑ»

Ապրիլ 12,2011 00:00

Ըստ «Զանգակ-97» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանի, դասագրքերին տրվող նմանօրինակ որակումները ազդում են դպրոցականների հոգեբանության վրա:

Դպրոցական դասագրքերի խնդիրը շարունակում է մեծ հնչեղություն ունենալ հասարակության շրջանում: «Առավոտը» այս թեմայով զրուցեց «Զանգակ-97» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանի հետ, ով որոշ «փակագծեր բացեց»: Ըստ մեր զրուցակցի, անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ Հայաստանում դասագրքաստեղծման ոլորտին առնչվող մասնագիտական շրջանակներն այնքան էլ լայն չեն, մարդիկ միմյանց ճանաչում են, միմյանց հետ տարբեր հարաբերությունների մեջ են: Նրա համոզմամբ, նման իրադրությունում՝ դասագրքերի փորձաքննության հանձնաժողովի անկողմնակալ կազմ ընտրելը խիստ բարդ է. «Հասարակական վերահսկողությունն էապես կնվազեցնի անցանկալի ազդեցությունները փորձաքննության արդյունքների վրա: Այն մասնագետը, ում վստահված է ընտրել ներկայացված դասագրքերից լավագույնը, պետք է կարողանա կշռադատել վերանձնային մակարդակում: Եթե նույնիսկ նրա համար «ազգի ապագան» վերացական հասկացություն է, իսկ «գործընկերոջ դասագիրք» հասկացությունը՝ կոնկրետ, ապա պետք է հասկանա, որ փորձաքննության է ենթարկում ոչ միայն սրա կամ նրա ստեղծագործությունը, այլ այն, ինչով ձեւավորվելու է իր երեխայի, թոռան, հարազատի աշխարհայացքն ու մտածողությունը»,- ասում է պարոն Մկրտչյանը: Նա փաստում է, որ նախորդ մրցույթի շրջանակներում ԿԳ նախարարությունը ընտրված դասագրքերի էլեկտրոնային տարբերակները փորձաքննության արդյունքների ամփոփումից հետո տեղադրել էր համացանցում, եւ շահագրգիռ հանրությունը կարող էր տեսնել, թե ինչ դասագրքեր են ընտրվել. «Ես կառաջարկեի ոչ միայն մրցույթին ներկայացված բոլոր դասագրքերը, այլեւ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից տրված գնահատականը տեղադրել համացանցում: Այդպես հասարակական վերահսկողությունն ավելի կուժեղանար, պրոցեսն էլ ավելի թափանցիկ կլիներ, եւ հանձնաժողովի ոչ մի անդամ չէր կարողանա իր ծանոթի դասագիրքն անցկացնել»:
Ըստ Ս. Մկրտչյանի. «Դասագրքաստեղծման տարբեր փուլերում պատասխանատվությունը համարժեք բաշխելու խնդիր կա: Օրինակ, այս փուլում հասարակության ուշադրությունն անհրաժեշտ է սեւեռել առարկայական հանձնաժողովների աշխատանքի վրա, սակայն բովանդակային առումով հիմնական պատասխանատուն, իհարկե, հրատարակչությունն է»:
 Նա նաեւ առաջարկում է ձեռնպահ մնալ «խոտան դասագիրք» արտահայտությունից, գտնում է, որ դասագրքերի նկատմամբ ծայրահեղ մերժողական վերաբերմունքը բերում է նրան, որ աշակերտը չի վստահում դասագրքին.…«Վարկաբեկելով դասագիրքը՝ վարկաբեկում ենք ուսուցչին, դպրոցը: Կան թույլ դասագրքեր, բայց դա չի նշանակում, որ դրանց մեծ մասն անորակ է»:
Ս. Մկրտչյանը մեկ այլ նահանջ էլ է տեսնում. այլընտրանքային դասագրքերից հրաժարվելը եւ այն, որ այս մրցույթի արդյունքում հայտահրավերում ներառված առարկաներից յուրաքանչյուրի համար ընտրվելու է միայն մեկ դասագիրք: Իսկ մյուս «բացը» ըստ նրա այն է, որ լավագույն դասագրքերի ստեղծմանը մասնակցած անձանց ու կազմակերպություններին երբեք չեն խրախուսում:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ հրատարակչություններին ուղղված սանիտարահիգիենիկ նորմի պահանջին ու այն խնդրին, որ ուսումնական տարվա սկզբին նորատիպ դասագրքերը անմիջապես վաճառասեղաններին են հայտնվում: Ս. Մկրտչյանը նշեց, որ եթե նախկինում դասագրքերը վարձակալական հիմունքներով 4 տարի պիտի օգտագործեին աշակերտները, ապա այս մրցույթից հետո՝ 5: Նա փաստում է, որ նույնիսկ 2 տարի օգտագործելուց հետո դասագրքերը դառնում են «թքած-մրած», հնամաշ, կարող են ինչ-ինչ բացիլներ փոխանցել երեխային, եւ իզուր չէ, որ շատ ծնողներ գերադասում են նոր դասագիրք գնել, քան վարձակալել: Բայց այս դեպքում էլ չի վերականգնվում այն գումարը, որով պետք է դասագիրքը վերահրատարակվի: «Այդ դեպքում ինչու սանիտարահիգիենիկ պահանջ չներկայացնել 5 տարով վարձակալությամբ տրվող գրքերի համար»,- ասում է նա: Ինչ վերաբերում է դասագրքերի՝ դպրոցներ ժամանակին չհասնելուն, ըստ Ս. Մկրտչյանի, դա հրատարակչի մեղքը չէ, իրենք «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» հետ կնքած պայմանագրով նախատեսված ժամկետները պահում են, որովհետեւ, հակառակ դեպքում, յուրաքանչյուր օրվա համար ստիպված կլինեն տուգանք վճարել: Ձգձգումները, նրա կարծիքով, պայմանավորված են մարզկենտրոններում բաշխմամբ եւ որոշ տնօրենների ալարկոտությամբ:
Սանիտարահիգիենիկ նորմի մասին խոսելիս հրատարակչության տնօրենը նշեց, որ պահանջների մեջ բազմաթիվ անհեթեթություններ կան, որոնք «ջրի երես» են դուրս գալիս աշխատանքի ընթացքում: Օրինակ, հրատարակչից պահանջվում է անցյալ դարի 60-ականների տառատեսակ կամ այն կարգի թուղթ, որ այլեւս գոյություն չունի: Այս թերությունների մասին քանիցս բարձրաձայնվել է՝ ուր որ հարկն է: Ըստ Ս. Մկրտչյանի, եւ դասագրքերի որակի հետ կապված դժգոհությունները կպակասեն, եւ դասագրքերի ինքնարժեքը կիջնի, եթե դրանք վերահրատարակվեն ամեն տարի, ինչը լրիվ իրատեսական է եւ հնարավոր:
Ուսուցչական եւ ակադեմիական հանձնաժողովների մասին խոսելիս էլ նա հիշեցրեց. մեկը՝ մեթոդական, մյուսը՝ գիտական տեսանկյունից է նայում գիրքը: Մասնագետները համապատասխան աղյուսակով ու չափանիշներով պիտի «շարժվեն», մինչդեռ պատահում է, որ զուտ աչքաչափով են առաջնորդվում, ու կարիք կա, որ գնահատում իրականացնելուց առաջ այդ մարդիկ վերապատրաստված լինեն, անգամ քննություն հանձնեն. «Մեր փորձը ցույց է տալիս, որ հատկապես ակադեմիական հանձնաժողովի անդամները, թեկուզ եւ լինելով անվանի գիտնականներ, ծանոթացած չեն լինում ոչ առարկայական չափորոշիչներին, ոչ էլ ծրագրին: Շատերը դասախոսներ են, ակադեմիկոսներ եւ իրենց երբեք պետք չի եղել դպրոցական ծրագրին ծանոթանալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել