Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուղերձ

Ապրիլ 12,2011 00:00

Աշխարհի Քրիստոնյա Եկեղեցիներին

Հռոմի Պապ Նորին Սրբություն Բենեդիկտոս XVI-ին, Տիեզերական Պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս I-ին, Ղպտի Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Շենուդա III-ին, Ասորի Ուղղափառ Պատրիարք Նորին Սրբություն Զաքքա I Իվասին, Հնդիկ Մալանկարա Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Վասիլիոս Դիդիմոս I-ին, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ I-ին, Կաթողիկոս – Պատրիարք Համայն Վրաստանի Նորին Սրբություն Իլյա II-ին, Եթովպիական Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Աբունա Պաուլոսին, Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Դանիելին, Աթենքի եւ Հունաստանի Արքեպիսկոպոս Նորին Ամենապատվություն Հերոնիմոս II-ին, Անգլիական Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու Արքեպիսկոպոս Նորին Ամենապատվություն Քրիսոստոմոս II-ին , Եկեղեցու Առաջնորդ Քենթերբերիի Արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն Ռովան Վիլյամսին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար դոկտոր Օլաֆ Ֆյուսկե Թվեյթին, Լեհաստանի Ուղղափառ Եկեղեցու Պետ Վարշավայի Մետրոպոլիտ Նորին Ամենապատվություն Սավային,
Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու Բելգրադի Մետրոպոլիտ Պատրիարք Սրբություն Իրինիոսին, Ալբանիայի Ուղղափառ Եկեղեցու Պետ Արքեպիսկոպոս Նորին Ամենապատվություն Անաստասիոսին, Երուսաղեմի եւ Համայն Պաղեստինի Պատրիարք Նորին Ամենապատվություն Թեոֆիլոս III-ին
Ողջ քրիստոնյա աշխարհը շուտով տոնելու է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությունը: Հայտնի է, որ քրիստոնյա քույր եկեղեցիների տոները, իրենց հիմքում որքան էլ նույնական, բայց ունեն տոմարական որոշ տարբերություն: Այս տարի խորհրդանշական մի զուգադիպությամբ քրիստոնեական հաղթական տոնը` Քրիստոսի Հարությունը, ողջ խաչապաշտ աշխարհը տոնելու է նույն օրը` ապրիլի 24-ին: Մեզ` Քրիստոսի առաքյալներ Սուրբ Թադեոսի եւ Բարդուղիմեոսի աստվածաշնորհ քարոզչությամբ քրիստոնեացած հայերիս համար Հրաշափառ Հարությունը համընկնում է եւս մի կարեւոր օրվա հետ, որը, սակայն, ի տարբերություն կրոնական տոնի, մեր ազգային ցավի ու վշտի օրն է` հայ ժողովրդի ամենամեծ կորստի` մեկուկես միլիոն հայերի եղեռնման եւ հիշատակի օրը: 1915 թվականին Թուրքական կառավարության կողմից սանձազերծված այդ ցեղասպանությունը շարունակությունն ու գագաթնակետն էր Հայաստանի նկատմամբ դարեր շարունակ վարած հակաքրիստոնեական քաղաքականության: Հայոց զոհերից շատերին թուրք զինվորները խաչել են տեղահանության երկար ճանապարհին` Դեր-Զորի անապատում: Մեր խաչված ժողովուրդը, սակայն, կորստյան չմատնվեց, այլ Քրիստոսի պես հարություն առավ ու ապրեց:
Ներկայիս Թուրքական կառավարությունը, չընդունելով 96 տարի առաջ իր նախնիների կատարած դատապարտելի արարքը, մասնակիցն է դառնում հայ ժողովրդի ցեղասպանության:
Բազմաթիվ երկրների աշխարհիկ իշխանություններն իրենց աստվածահաճո վերաբերմունքն արդեն դրսեւորել են` ընդունելով հայոց ցեղասպանությունը, որի ականատեսներից ոմանք դեռեւս ողջ են: Ժամանակն է, որ աշխարհի հոգեւոր իշխանությունները եւս ասեն իրենց խոսքը ապրիլի 24-ին` Քրիստոսի Սուրբ Հարության պատարագի ժամանակ, հիշատակելով Քրիստոսի խաչի հավատարմության համար խաչված մեկուկես միլիոն հայերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել