Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՊԱՔՐԵԱԿԱՆԱՑՐԻՆ, ՀԵՏՈ՞

Ապրիլ 12,2011 00:00

\"\"Անպարկեշտ արտահայտությունները եւ խուլիգանական հայհոյանքները արտաբերել է բանավոր՝ ականջի մեջ

Վիրավորանքը եւ զրպարտությունը՝ արարքները ապաքրեականացվել են եւ ներկայումս այդ հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ՝ վնաս պատճառելու հետեւանքով ծագած պարտավորությունների հենքով: Ըստ այդմ, անձը, որի պատիվը եւ արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորվել է, կարող է դիմել դատարան, վիրավորանքի կամ զրպարտություն կատարող անձի դեմ (Քաղաքացիական օրենսգրքի 1087 պրիմ հոդվածի 1-ին մաս): Նորմը կիրարկվում է, իսկ 2011թ. տարեսկզբին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, որի վարչական տարածքում հիմնականում տեղակայված են ԶԼՄ-ները, այդ բնույթի բազմաթիվ քաղաքացիական գործեր է հարուցել, որոնցում պատասխանող կողմը լրատվության միջոցներն են՝ «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Ժամանակ» օրաթերթերը, «Refort.am» էլեկտրոնային թերթը եւ այլն:
«Հայկական ժամանակ» օրաթերթին առնչվող գործն ավարտվել է, դատարանը ապացուցված է համարել, որ Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանի, Լեւոն Սարգսյանի եւ Սամվել Ալեքսանյանի մասին օրաթերթը հրապարակել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որով արատավորվել է նրանց պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը եւ պատասխանողը պարտավոր է յուրաքանչյուրին փոխհատուցել 2 մլն 44 հազար դրամ՝ տպագրելով հերքում:
Նորմի փոփոխությունը դժգոհություն է առաջացրել, ուստի դիտարկենք նրա քաղաքացիաիրավական էությունը:
Օրենսդրի ամրագրմամբ, վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցներով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է (Քաղօրի 1087 հոդվածի պրիմ 2-րդ մաս):
Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են նրանց պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Նկատենք, որ պատիվը եւ արժանապատվությունը բարոյագիտական կատեգորիաներ են, սերտ փոխկապված միմյանց: Պատիվ հասկացությունը բացահայտում է մարդու վերաբերմունքն ինքն իր հանդեպ եւ նրա հանդեպ հասարակության վերաբերմունքը, իսկ արժանապատվությունը նշանակում է մարդու հատուկ բարոյական եւ ինտելեկտուալ վերաբերմունքը ինքն իր հանդեպ եւ նրա հանդեպ հասարակության վերաբերմունքը, որտեղ ընդունվում է նրա արժեքը:
Բարի համբավը ներկա շուկայական տնտեսավարման պայմաններում կարեւոր գործոն է եւ նրա արատավորումը կարող է գործարարին զգալի վնաս հասցնել:
Իմ պատկերացմամբ, նորմի նկարագրականում օրենսդիրը շեշտադրել է այնպիսի հասկացություններ, որոնց պարագայում պատասխանատվությունը ամբողջի վրա չի տարածվում:
Ա. «Փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է»: Այս հասկացությունից նկատվում է, որ զրպարտության պարագայում քաղաքացիաիրավական պատասխանատվությունը վրա է հասնում, երբ իրականությանը չհամապատասխանող ակնհայտ սուտ տեղեկությունները զետեղվում են զանգվածային տեղեկատվության միջոցներում (լրատվամիջոցներ, հեռուստատեսություն, ռադիո) կամ բովանդակել են անձի հրապարակային ելույթում (հավաք, ցույց, երթ, միտինգ) եւ հեղինակային ստեղծագործությունում:
Բ. «Կատարված հրապարակային արտահայտություն է»: Այս հասկացությունից էլ կարելի է մտահանգել, որ վիրավորանքի համար պատասխանատվությունն առաջանում է, երբ խոսքի, պատկերի, նշանի ձեւով անպարկեշտ բառերը կամ գործողություններն արտահայտվել են նույնպես հրապարակային՝ զանգվածային լրատվական միջոցներով կամ արտաբերվել են անձի հրապարակային ելույթում:
Ամբողջ խնդիրն այն է, որ զրպարտությունը եւ վիրավորանքը, բացի հրապարակային եղանակից, հաճախ կատարվում են բանավոր, գրավոր եւ այլ գործողությամբ, ինչը փոփոխված նորմի իմաստով պատասխանատվություն չեն առաջացնում, այսինքն, պատժելի չեն: Օրինակ, երբ անձը տուժողին ավանակ է անվանում եւ հետն էլ թքում երեսին, այս արարքները պատժելի չեն, մինչդեռ եթե անձը զանգվածային լրատվամիջոցներում զետեղում կամ հրապարակային ելույթում արտաբերում է «ավանակ, թքեմ երեսիդ», վրա է հասնում վիրավորանքի պատասխանատվությունը եւ ենթակա է փոխհատուցման՝ միջին աշխատավարձի 100-ապատիկի չափով:
Նույնը զրպարտության պարագայում է: Եթե անձը տուժողի մասին բանավոր ակնհայտ սուտ տեղեկություններ է տարածել մեկ ուրիշ անձի կամ անձանց, թե նա մարմնավաճառ է եւ մի նամակ է գրել ամուսնուն, արարքը պատասխանատվություն չի առաջացնում, իսկ եթե նույն տեղեկությունը տարածել է հրապարակային՝ զանգվածային լրատվամիջոցներով կամ բովանդակել է հրապարակային ելույթում, վրա է հասնում զրպարտության պատասխանատվությունը եւ ենթակա է փոխհատուցման՝ միջին աշխատավարձի 200-ապատիկի չափով:
Հեռու չգնանք, վերցնենք պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ այժմ դատարան ներկայացված վիրավորանքի առնչությամբ հայցը:
Այդ նյութերով ՀՔԾ քննիչը իրավացի մերժել է քրեական գործի հարուցումը, քանզի վիրավորանքը ապաքրեականացվել է եւ կարգավորվում է քաղաքացիական օրենսդրությամբ: Կարծում եմ, դատարանը հիշյալ հայցը չի կարող բավարարել, քանզի օլիգարխ պատգամավորը անպարկեշտ արտահայտությունները եւ խուլիգանական հայհոյանքները արտաբերել է բանավոր՝ հեռախոսով, այն էլ՝ տուժողի ականջին, այլ ոչ թե հրապարակային:
Ռուսաստանի Դաշնությունում վիրավորանքը եւ զրպարտությունը քրեական օրենքով արգելված արարքներ են, պատժելի են ամեն ձեւով կատարվածը (բանավոր, գրավոր, այլ գործողությամբ, հրապարակային), սակայն զանգվածային լրատվամիջոցներում կամ հրապարակային ելույթներում զետեղելու դեպքում նախատեսված է ավելի խիստ պատիժ (ՌԴ քրեական օրենսգրքի 129, 130 հոդված): Բացի այդ, հիշյալ նորմերի դիսպոզիցիայում հստակ նկարագրված են հրապարակային արարքները, օրինակ, «զրպարտությունը հրապարակային ելույթում, զանգվածային լրատվության միջոցներում կամ ցուցադրական ստեղծագործությունում զետեղելը): ՀՀ վերոհիշյալ փոփոխված նորմում հրապարակային արարքները նկարագրված չեն, անորոշ են, ինչը գործնականում բարդույթ է առաջացնում:
Նկատվում է, որ օրենսդիրը արտագրել է այդ նորմերից, սակայն հրապարակային արարքների մոդելը նկարագրել է նորմի 6-րդ մասում՝ պատասխանատվությունից ազատվելու հիմքերում:
Իմ կարծիքով, միեւնույն արարքի դեպքում պատասխանատվությունը երկփեղկելը, այսինքն՝ բանավոր, գրավոր եւ այլ գործողությամբ վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանատվություն չսահմանելը կատարյալ անհեթեթություն եւ իրավական անգրագիտություն է, ինչը մարդուն ներհատուկ արժանապատվության նկատմամբ արհամարհանքի դրսեւորում է:
Արտաքուստ թվում է նորմի փոփոխությունը բխում է ժողովրդավարությունից եւ պետությունը հարգում ու պաշտպանում է մարդու արժանապատվությունը, մինչդեռ դա արտաքին տեսքն ու գծագրությունն է: Իրականում փոփոխված նորմը ուղղված է ազատ արտահայտվելու իրավունքի, տեղեկատվության միջոցներով տեղեկությունների տարածման սահմանափակմանը եւ լրատվության միջոցների գործունեության ճնշմանը, ինչը հակասում է ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածին եւ «Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին» 1966թ. միջազգային կոնվենցիայի 19-րդ հոդվածին:
Ուշագրավ է նաեւ վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանատվությունից ազատվելու հիմքերը: Ըստ նորմի 6-րդ մասի, վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանատվությունից ազատվում են, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստական տվյալները.
1. լրատվության գործակալության տարածած տեղեկատվության
2. այլ անձի հրապարակային ելույթի
3. պաշտոնական փաստաթղթերի
4. հեղինակային որեւէ ստեղծագործության
5. լրատվության այլ միջոցի բովանդակած բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են
6. եւ դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին: Եթե նյութը տպագրելիս լրատվամիջոցը զբաղվի տեղեկության հեղինակի ինքնությունը, պաշտոնական փաստաթղթերի, ստեղծագործական-հեղինակային իրավունքի եւ այլ հիմքերի հավաստող տվյալների որոնմամբ, կվերաճի բնակբաժնի կամ նոտարական գրասենյակի):
Նկատենք որ, անկատար նորմը, ներառյալ 6-րդ մասը, բաղկացած լինելով ավելի քան 600 բառից, որեւէ շեշտադրում չկա մեղքի մասին, երբ զրպարտության պարագայում դրա ապացուցումը կարեւոր պայման է՝ տեղեկությունը տարածողը պետք է գիտենա նրա ակնհայտ սուտ, իրականությանը չհամապատասխանելու հանգամանքի մասին:
Իմ համոզմունքով, «Հայկական ժամանակ» օրաթերթին առնչվող գործով վճիռը կայացվել է առանց պատասխանողի մեղքը ապացուցելու.
1. լրատվամիջոցը բարեխիղճ կարգով հղում է կատարել տեղեկատվության հեղինակին՝ Սմբատ Կարախանյանին,
2. լրատվամիջոցը եւ նրա հրատարակիչը (պատասխանող կողմ) չեն իմացել հեղինակի հաղորդած տեղեկության (առարկայի)՝ իրականությանը չհամապատասխանելու հանգամանքների մասին,
3. առարկայի վերաբերյալ պատասխանողի ներկայացրած տեղեկությունները (ապացույցները) դատարանում չեն հետազոտվել:

Ապրիլի 26-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կլսվի «Հետքի» հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի: Լրատվամիջոցը պահանջում է վիրավորանքի դիմաց 1 մլն դրամ փոխհատուցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել