Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆրանսահայը կօգնի Կապանին

Ապրիլ 12,2011 00:00

Մարսելից Հայաստան ժամանած հայազգի բարերար, վիրաբույժ Զավեն Գաբրիելյանը սեփական նախաձեռնությամբ այցելել է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաք եւ ցանկություն հայտնել համեստ ներդրումով աջակցել Կապանին: Կապանի մասին նա տեղեկացել է «Գլենդել-Կապան քույր քաղաքների միությունից»: Զավեն Գաբրիելյանը Կապանի քաղաքապետի եւ բժշկական կենտրոնի տնօրենի հետ եղել է բժշկական կենտրոնում, տեսել պայմաններն ու պարզել, թե առաջնահերթ ինչի կարիք ունի հիվանդանոցը: Իսկ որ այս հիվանդանոցը բազում կարիքներ ունի, «Առավոտը» գրել է 2009 թվականի դեկտեմբերի 3-ին, 2010թ. մարտի 30-ին եւ հոկտեմբերի 9-ին:
Հիվանդանոցի ղեկավարությունը Զավեն Գաբրիելյանին տեղեկացրել է, որ Կապանի հիվանդանոցը չի հիմնանորոգվել արդեն 30 տարի, պատերազմական տարիների հրետակոծության հետքերը դեռ մնում են մասնաշենքերի պատերին: 2010-ին որոշ բաժանմունքներ բարեկարգվել են, իսկ այս տարի Համաշխարհային բանկի միջոցներով Կապանի բժշկական կենտրոնում կսկսվի նորոգումը: Բուժսարքավորումներով հագեցման հարցը դեռ լուրջ է: Ներկա վիճակով կենտրոնը երկրորդ կարգի՝ ոչ լիարժեք բուժօգնություն է իրականացնում:
«Կապանի հիվանդանոցը շատ բանի պետք ունի, դիագնոստիկ ռենտգենի պետք ունի, որ ամենակարեւոր բանն է, մահճակալ-անկողնային պարագաների կարիք ունի եւ մի շարք այլ կարեւոր բուժսարքավորումների: Մեր ջանքը պիտի թափենք, որ օգնենք այս քաղաքին համեստ, բայց հստակ կերպով: Ես բան չեմ խոստանալ, բայց հնարավորության սահմաններում կաջակցեմ: Հայաստան 12-րդ անգամ եմ այցելում, բայց առաջին անգամ է, որ Հայաստանի հարավում եմ, եւ միշտ փափագած եմ լինել հարավային Հայաստանում: Հայաստանում առաջին անգամ եղել եմ Գյումրիի երկրաշարժի երրորդ օրը: Մարսելից 150 հոգով շտապ եկանք եւ դժվար պայմաններում մեր ուժերով կարողացանք օգնել մարդկանց, ես ոսկորի վիրաբույժ եմ մասնագիտությամբ»,- հիվանդանոցում շրջելուց հետո ասաց Զավեն Գաբրիելյանը եւ հավելեց, որ պատրաստ է ընդունելություն կազմակերպել կապանցիների համար եւ օգտակար լինել նաեւ՝ մասնագիտական հմտություններով:
Կապանի բժշկական կենտրոնից հետո վիրաբույժ Զավեն Գաբրիելյանը այցելեց Կապանի թիվ 9 մանկապարտեզ, ուր եւս խնդիրները շատ են: Մանկապարտեզը մինչեւ օրս ջեռուցվում է փայտով եւ նորոգման կարիք ունի: 175 երեխա ունեցող նախակրթարանում, տարածքի փոքր լինելու պատճառով, մահճակալներ ավելացնելու տեղ չկա, ուստի եւ որոշ երեխաներ ցերեկային քնի ժամերին ծնողների համաձայնությամբ արթուն են մնում: Այս նախակրթարան հաճախել ցանկացողները շատ են, բայց տեղը փոքր է ու ավելացնելու փող չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել