Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կիլինկարովի գործը վերաքննիչ դատարանում է

Ապրիլ 12,2011 00:00

10 տարի առաջ Ալավերդի քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ մեդադրվող, ազգությամբ հույն Արմեն Կիլինկարովի գործը ՀՀ վերաքննիչ դատարանում է:
Ապրիլի 13-ին ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը, նախագահող դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ, կքննի Կիլինկարովի պաշտպան Ռուբեն Հակոբյանի բողոքը, որով պաշտպանը պահանջում է ամբողջությամբ բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ի դեմս դատավոր Մարինե Մելքոնյանի, 39-ամյա ալավերդցուն դատապարտեց 5 տարվա ազատազրկման՝ նախկինում ՌԴ-ում կրած պատժին գումարելով եւս 6 ամիս:
«Արմենը նախկին պատիժը ամբողջությամբ կրել է: Եթե չկրած մաս ունենար ու դրան գումարվեր, մենք առարկություն չէինք ունենա այդ հարցի շուրջ»,- ասում է պաշտպան Հակոբյանը: Պաշտպանը հավելում է, որ դատավճռի հիմքում դրված են ապացույցներ, որոնք ձեռք են բերվել անթույլատրելի ճանապարհներով: «Չկան թույլատրելի ապացույցներ, որոնք հիմնավորում են, թե իմ պաշտպանյալն է կատարել այդ հանցագործությունը: Իսկ եթե վերաքննիչ դատարանը գտնի, որ այդ ապացույցները թույլատրելի են եւ բավարար՝ մեղքը հիմնավորելու համար, ապա գոնե նման դեպքում պատժաչափը վերանայեն, եւ պատիժը համակցելու 6 ամիսը հանեն»,- բացատրում է Հակոբյանը:
Հիշեցնենք, որ սրանից 10 տարի առաջ Արսեն Շաքարյանի եղբայրը դիտավորությամբ հրազենային վնասվածք էր պատճառել ամբաստանյալի եղբորը՝ Գագիկ Կիլինկարովին: Արմեն Կիլինկարովն էլ պարզաբանումներ ստանալու նպատակով մորեղբոր տղայի հետ մեքենայով գնացել է փնտրելու Ա. Շաքարյանի եղբորը: Սակայն ճանապարհին հանդիպել է հենց Արսենին ու նստեցրել մեքենան:
Մեքենայում վիճաբանության թեժ պահին իր մոտ գտնվող հրազենից ավտոմեքենայի մեջ կրակել է Արսեն Շաքարյանի որովայնին, սպանել, ապա վերջինիս դիակը գցել Շեստակովի փողոցի երթեւեկելի մասում եւ դիմել փախուստի: Վանաձորում կայացած դատական նիստերից մեկի ժամանակ ամբաստանյալ Կիլինկարովը ցուցմունք էր տվել, որ իրական հանցագործը Նորիկ Ղազարյանն է, ով այժմ մահացած է:
«Ես Վանաձորում էի, բանկի մոտ պատահմամբ հանդիպեցի ծանոթ ոստիկանի, իրենից իմացա, որ սպանություն է եղել քաղաքում»,- ասում էր նա:
Արմենը հետագայում իմացել է, որ սպանողը իր մտերիմ ծանոթ Նորիկ Ղազարյանն է, ով այն ժամանակ մահացու հիվանդ է եղել. «Իրավապահները խորհուրդ տվեցին, որ մեղքը վերցնեմ ինձ վրա: Հիվանդ տղա էր, մտածեցի՝ չգնա 15 տարի նստի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել