Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ՕԲՅԵԿՏ՝ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՇՎԻՆ

Ապրիլ 12,2011 00:00

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 131, 131/1, 131/2 շենքերի բակում՝ կանաչապատ տարածքում արդեն 10 օր շինարարություն է կատարվում: Այստեղ շինարարություն իրականացնողը ոչ մի ցուցանակ չի փակցրել, որով տարածքի բնակիչներին տեղեկացնի, թե ինչ է այդ վայրում կառուցելու եւ ունի՞, արդյոք, շինաշխատանքներ կատարելու թույլտվություն: Կանաչապատ տարածքը փորելու համար այստեղ օգտագործվում է ծանր տեխնիկա, որի պատճառով աղմուկ է առաջանում եւ խաթարվում բնակիչների անդորրը: Սակայն միայն դա չէ, որ առաջացրել է բնակիչների դժգոհությունը. նշված շենքերը 3-րդ կարգի վթարային են եւ այդ շինաշխատանքների պատճառով շենքերը անգամ դղրդում են ու հասցրել են ճաքճքել: Բացի այդ, բակ մտնող ճանապարհն էլ կիսով չափ փակվել է: Բնակիչները բողոքում են, որ իրենց մեքենաները դժվարությամբ են մտնում բակի տարածք եւ կայանում ավտոտնակներում:
Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության ու հողի վերահսկողության վարչությունից տեղեկացրին, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 131/5 հասցեում կառուցվում է հասարակական նշանակության օբյեկտ՝ 1 նկուղային եւ 2 վերգետնյա հարկերով. «Հիշյալ հասցեի 218.3 քմ մակերեսով հողամասի սեփականատեր (սեփականության իրավունքի գրանցման վկայական հ.2486208) Արման Ավետիքյանին Երեւանի քաղաքապետարանի կողմից 03.04.2008թ. տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք եւ 06.03.2009թ. համաձայնեցվել ճարտարապետաշինարարական նախագիծը: Այնուհետեւ վերոնշյալ հողամասը 02.11.2010թ. անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերել Ռաֆայել Մելքոնյանը (սեփականության իրավունքի գրանցման վկայական հ.2788896) եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից 03.03.2011թ. տրվել է շինարարության թույտվությունը, որի համաձայն 31.03.2011թ. սկսվել են հողամասի հարթեցման եւ շինարարական հրապարակի կազմակերպման աշխատանքները: Ներկայում վերոնշյալ հասցեի շինարարական հրապարակը կազմակերպված է` հողամասը սահմանազատված է մետաղական եւ թիթեղյա ցանկապատով, ցուցատախտակը փակցված է»: Հարցերին՝ հաշվի առնվե՞լ է արդյոք այս շենքերի վթարային լինելը եւ ինչո՞ւ է բակ մտնող ճանապարհի մի մասը դարձել շինհրապարակ, պատասխան չեղավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել