Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թամամյանի գործով եւս մի ձերբակալված ոստիկան

Ապրիլ 12,2011 00:00

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ են տեղափոխել մի անձի: Ապրիլի 11-ին Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել է նշված դատարանին, որ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառվի ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ, ոստիկանության մայոր Վահան Խանզադյանի նկատմամբ: Վերջինս կասկածվում է ՀՀ քրօրի 308 հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով: Խանզադյանը որպես կասկածյալ անցնում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործով: Նրա փաստաբանն է մարտի 1-ի եւ քաղբանտարկյալների գործերով հայտնի փաստաբան Երվանդ Վարոսյանը: Խանզադյանը մեղադրվում է նաեւ մեկ այլ քրեական գործով՝ կատարած չարաշահումների համար: Ինչպես հայտնեց ֆոտոլրագրողը, 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառ քաղաքում մի քաղաքացու նկատմամբ սպանության փորձ էր կատարվել: Արամ եւ Արթուր Մարտիրոսյան եղբայրները եւ Հրաչյա Պետրոսյանը ձեռք էին բերել ապօրինի հրազեններ եւ կատարել էին սպանության փորձ, իսկ նախաքննության ընթացքում՝ ոստիկանության առանձին պաշտոնատար անձինք կատարել էին չարաշահումներ: Դռնփակ դատական նիստը վարել է դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ով բավարարել է ՀՔԾ-ի միջնորդությունը: Ի դեպ, դատարանի բակում հավաքված էին մեծ թվով ոստիկանության համակարգի քննիչներ: Դատարանի շենքը վերցվել է ուժեղացված հսկողության տակ դատական կարգադրիչների ստորաբաժանման կողմից, որի աշխատանքները ղեկավարում էր Կենտրոնի դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Ոստիկանապետի հրամանով նա ազատվել էր պաշտոնից եւ ձերբակալվել: Դատարանի բակում հավաքված մարդիկ միմյանց ասում էին, որ Արամ եւ Արթուր Մարտիրոսյան եղբայրները Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Մնացական Մարտիրոսյանի բարեկամներն են, ինչպես նաեւ են Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի բարեկամի որդիներն են, իսկ նրանց կողմից կատարված բազմաթիվ հանցագործություններ ժամանակին կոծկվել են Գավառի դատախազ Յուրա Մարտիրոսյանի կողմից, որը Գավառի քաղաքապետի հայրն է։ Մարդիկ ձերբակալված քննիչին համարում էին թամամյանական կլանի զոհ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել