Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

Ապրիլ 12,2011 00:00

\"\" Վստահեցնում է Հարկատուների եւ վարորդների պաշտպանը

Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների մաքսազերծման համար անտոկոս վարկերի տրամադրման գործընթացն արդեն ավարտվել է: Կառավարության տրամադրած վարկերից ընդհանուր առմամբ օգտվել է 1516 վարորդ:
Ֆինանսների նախարարության տվյալներով, վարկային ծրագրից միայն Լոռիում օգտվել է 606, Շիրակում՝ 304 եւ Տավուշում՝ 375 վարորդ: Երեւանում վարկի շահառուները 150-ն են: Լոռեցի Արարատ Ծատուրյանը մեկն է այն վարորդներից, ով օգտվել է վարկային այդ ծրագրից, բայց մինչեւ հիմա չի կարողանում հաշտվել կառավարության այդ որոշման հետ. «Կառավարությունն օգտվեց, մենք էլ մինչեւ հիմա վնասներն ենք քաշում: Իրենց օգտին որոշումները շատ արագ ընդունում ու իրագործում են, իսկ ինչո՞ւ որոշում չեն ընդունում, որ մաքսակետերում վերացնեն կաշառակերությունը: Տամոժնյայում մեզ քրքրում են, ամեն քայլափոխի կաշառք պահանջում: Մեզ ձեռ առնելիք են սարքել՝ մեզնից անամոթաբար 2000 դրամ են ուզում ու ասում՝ վճարեք մեր սիրուն աչքերի համար: $2000 իմ գնած մեքենան նույնիսկ իր գնով չկարողացա վաճառել ու իմ ծախսերն էլ չհանեցի, ջրի գնով վաճառել եմ»: Շիրակի վարորդներից Սեյրան Հովհաննիսյանն էլ $6600 է ծախսել մեքենան մաքսազերծելու համար ու հրաժարվել մեքենա ներկրելու բիզնեսից. «Անտոկոս վարկը թող տրամադրեին՝ մեր բիզնեսը զարգացնեինք, ոչ թե մաքսազերծեինք: Թանկարժեք մեքենա վաճառելը բարդ գործ է, Հայաստանի տնտեսական ու սոցիալական այս պայմաններում էլ գրեթե անհնար: Մեծ վնասներ եմ կրել, որովհետեւ իմ ծախսերը չկարողացա հանել: Ժամանակ է պետք, որ վերականգնվեմ ու կորուստներից խելքի գամ: Անտոկոս վարկի անվան տակ տոկոսով վարկ տրամադրեցին, ժամանակն էլ կարճ էր, նորմալ չհասկացանք՝ ինչն ինչոց է, գնացինք ու սուսուփուս ընկանք թակարդը»:
Հարկատուների եւ վարորդների պաշտպանության հասարակական կազմակերպությունում դժգոհող վարորդների հեռախոսազանգերից չեն հասցնում հանգստանալ: Հ/կ նախագահ Արտակ Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ վրացական պետհամարանիշով մեքենաների վարորդներից օգտվեցին նրանք, ովքեր հրաժարվեցին կառավարության տրամադրած վարկերից ու չմաքսազերծված մեքենան վաճառեցին ու ավելի էժանը գնեցին. «Վարկ վերցնողներն էլ ճարահատյալ են վերցրել, որովհետեւ վերցնելը մի խնդիր է, վարկի տոկոսները վճարելը՝ մեկ այլ: Պարզապես սուտ հայտարարություն էր, թե անտոկոս վարկ են տալիս, իրականում լավ էլ տոկոսով էր, էլ չեմ խոսում վարկ ստանալու համար պահանջվող թղթաբանության ու գնալ-գալու ծախսերի մասին: Ձեռնտու պայմաններ չառաջարկեցին վարորդներին: Իմ կարծիքով՝ ոչ թե վարկի, այլ սուբսիդիայի տեսքով պետք է լիներ, որ մեր վարորդներն էլ մի բան գոնե հասկանային»: Մեր այն հարցին, թե ինչ տոկոսադրույքով են կառավարության վարկերը տրամադրվել քաղաքացիներին, պարոն Խաչատրյանն ասաց, որ տոկոսադրույքներից գլուխ չեն հանում նույնիսկ քաղաքացիները: Մեր զրուցակցի խոսքով, նրանք էլ, ովքեր համաձայնեցին վարկերը վերցնել, իրենց վերցրածից բան չհասկացան. «Էդ վարկերն էլ հարամ արեցին: Փուլ առ փուլ էին տրամադրում, մեծ մեքենաների վարորդները պետք է հերթեր պահեին, բայց քանի որ լրանում էր մաքսազերծման համար սահմանված թույլատրելի ժամանակը, շատ վարորդներ երկընտրանքի առաջ հայտնվեցին՝ կամ մեքենան պետք է տանեին Վրաստան, կամ հանձնեին մաքսային մարմնին, որ չտուգանվեն: Արդյունքում շատերը հիասթափված փախան Վրաստան»: Պարոն Խաչատրյանն ասաց, որ իրականում վրացական համարանիշով մեքենան Հայաստանում վարելն օրինական թույլատրվում էր, բայց Պետեկամուտների կոմիտեն իր իսկ նախաձեռնած փոփոխություններով իսկական խառնաշփոթ ստեղծեց՝ քաղաքացիների համար անբարենպաստ պայմաններ ու խոչընդոտներ առաջացնելով. «Մաքսային օրենսգրքի վերջին փոփոխություններով հստակ չի նշվում, թե տարեկան երկու անգամ վրացական համարանիշով մեքենան թույլատրվում է մաքսազերծել յուրաքանչյուրը 15 օրվա ընթացքո՞ւմ, թե՞ երկուսը միասին: Մենք հարցում ենք ուղարկել Պետեկամուտների կոմիտե, բայց մինչեւ հիմա չեն պատասխանել»: Պարոն Խաչատրյանը վստահ է՝ պատասխանը ստանալու է մի քանի ամսից, երբ բոլոր հարցերը լուծված կլինեն. «Ու եթե նույնիսկ պարզվի, որ մաքսազերծման թույլատրելի ժամկետը իրականում յուրաքանչյուր մեքենայի համար 15 օր է, էլ օգտվելու կարիք էլ չի լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել