Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԶ ՀԱՅՏՆԻ ԱՐԱՏՆԵՐԸ

Ապրիլ 12,2011 00:00

2011թ. ապրիլի 8-ին ԱՄՆ Պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրոն հրապարակել է 2010թ.-ի Մարդու իրավունքների մասին զեկույցը: Զեկույցում՝ Հայաստանի վերաբերյալ հատվածում, մասնավորապես նշվում են հետեւյալ կետերը:
Խաղաղ ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու քաղաքացիների իրավունքը սահմանափակվել է ընտրությունների անցկացման ընթացքում տեղ գտած կրկնվող, նշանակալի բացթողումների պատճառով, այդ թվում նաեւ հունվարին խորհրդարանական մեկ տեղի համար կայացած լրացուցիչ ընտրությունների ընթացքում:
Տարվա ընթացքում զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցվել են կասկածելի մահվան դեպքեր, եւ շարունակվել են կանոնակարգային հարաբերությունների խախտումները եւ վատ վերաբերմունքը զորակոչիկների հանդեպ սպաների եւ ծառայակից զինվորների կողմից, ինչպես նաեւ շարունակվել է պատասխանատվության բացակայությունն այդպիսի արարքների համար: 
Ըստ հաղորդումների՝ ոստիկանությունը ձերբակալելիս եւ հարցաքննությունների ժամանակ ծեծի է ենթարկել քաղաքացիներին: Գերբնակեցվածության պատճառով զգալիորեն վատացել են բանտային պայմանները: 
Իշխանությունները շարունակել են քրեական հանցանքների մեջ կասկածվողներին ձերբակալել եւ բերման ենթարկել առանց ողջամիտ կասկածի եւ կամայականորեն բերման ենթարկել անձանց իրենց ընդդիմադիր քաղաքական պատկանելության կամ քաղաքական գործունեության համար: 
Դատարանները շարունակել են ենթարկվել քաղաքական ճնշման գործադիր ճյուղի կողմից, եւ դատավորներն էլ գործել են դատական այն մշակույթի միջավայրում, երբ ակնկալվում է գրեթե բոլոր գործերով մեղադրյալի հանդեպ կայացնել մեղադրական դատավճիռ: 
Զանգվածային լրատվամիջոցներում, մասնավորապես՝ հեռուստաեթերում շարունակում են բացակայել բազմակարծությունն ու օբյեկտիվ լրատվությունը. բռնության, ահաբեկման միջադեպերը եւ ինքնագրաքննությունը լրատվամիջոցներում եւ նրանց դեմ շարունակվել են: 
Իշխանությունները շարունակել են մերժել ընդդիմադիր կուսակցությունների եւ այլ խմբերի որոշակի վայրերում հավաքներ ու հանրահավաքներ անցկացնելու խնդրանքները՝ երբեմն տրամադրելով այլ վայր, եւ երբեմն էլ կանխել են մարդկանց մասնակցությունը հանրահավաքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել