Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՇՏ ԲԱՐԻՇԵՑԻՆ

Ապրիլ 12,2011 00:00

ՀՅԴ խմբակցությունն առաջարկել էր գազի գնի հարցերը ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որի վերաբերյալ երեկ իր եզրակացությունը ներկայացրեց ԱԺ տնտեսական զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Եզրակացությունն այն էր, որ ժամանակավոր հանձնաժողովի փոխարեն նպատակահարմար է ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննի նույն հարցերը: Եթե անցած շաբաթ տեղի ունեցած լսումների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը իր դժգոհությունն էր հայտնել, որ հարցը ոչ համարժեք մակարդակով է ներկայացվում, ապա երեկ մեղմեց իր դիրքորոշումը. «Իսկապես, լսումները բավականին բուռն մթնոլորտում անցան, ներկայացված էր թե՛ պետությունը՝ ի դեմս նախարար-փոխնախարարների, թե՛ անկախ հանձնաժողովը, պատգամավորների բավականին մեծ ներկայություն կար, եւ պարզվեց, որ խնդիրներ կան: Գործիքը, որ մենք առաջարկում էինք, մեծամասնությունը առաջարկեց այլ գործիքով փոխարինել, եւ մենք սա ընդունելի ենք գտնում, իհարկե, կոչ կանենք հարգելի պարոն Այվազյանին՝ մեզ վստահել այդ աշխատանքային խմբի ղեկավարությունը»: Դրան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղից արձագանքեց, թե՝ «ամենուր խնդիրներ կան»: Այս «հաշտ ու համերաշխ» մթնոլորտից դուրս «Առավոտը» հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության ղեկավարին. այդ ինչպե՞ս եղավ, որ այսքան հեշտ բարիշեցին, ի՞նչը փոխվեց. «Դուք ճիշտ եք նկատել, մենք դժգոհ էինք ընթացքից, որովհետեւ ի վերջո՝ մեր պահանջը չիրականացավ, բայց մենք նաեւ չենք համարում, որ պարտվել ենք, որովհետեւ պարզվեց, եւ այստեղ հստակ հնչեց, որ խնդիրները, որ մենք բարձրացնում էինք՝ գոյություն ունեն: Իհարկե, մենք դժգոհ էինք, որ փորձ էր կատարվում ասել, որ մեր կողմից դրված խնդիրները գոյություն չունեն կամ լուծված են: Սա էր, որ մենք դժգոհ էինք, բայց դրանից հետո մենք աշխատեցինք եւ կառավարության հետ, եւ հանձնաժողովի հետ, եւ մեր գործընկերների հետ, ինչպես դուք արդեն լսեցիք իրենցից, իրենք ընդունեցին, որ այդ պրոբլեմները կան, առաջացան նաեւ նոր պրոբլեմներ: Եվ այն, որ այս հարցը պետք է քննվի, կոալիցիան ընդունեց, պարզապես, չընդունեց մեր առաջարկած ձեւը՝ առանձին հանձնաժողով ստեղծել, բայց որոշակի միավոր ստեղծելու գաղափարին համաձայնեց: Հիմա ի՞նչ եք կարծում, մենք պետք է դրանից հրաժարվեի՞նք. մենք ի վերջո հասանք մեր նպատակին՝ այն առումով, որ հարցի քննությունը շարունակվելու է: Եվ եթե դուք կասկածներ ունեք, մի ունեցեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել