Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՈՐԱՏՈՐԻՈՒՄԸ ԴԵՌԵՎՍ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ՝ ԽԱԽՏՎԵՑ

Ապրիլ 12,2011 00:00

\"\"ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակները երեկ Ստրասբուրգում հերթական անգամ հանդես եկան Հայաստանին մեղադրող հայտարարություններով:

Երեկ իր աշխատանքները սկսեց ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին համընթաց՝ ոչ միայն Մոնիթորինգի հանձնաժողովն է քննարկելու Հայաստանի հարցը, այլ նաեւ նախատեսվում է գումարել ԼՂ հարցով հատուկ հանձնաժողովի առաջին նիստը: Վերջին հանգամանքը նկատի առնելով՝ Հայաստանի պատվիրակության երկու անդամներ երեկ, երբ քննարկվում էր Վեհաժողովի բյուրոյի զեկույցը՝ անդրադարձան այդ հատուկ հանձնաժողովին: Առաջինն Արմեն Ռուստամյանն էր, որը հայտարարեց, թե քիչ հավանական է, որ այդ կառույցը հաջողի, քանի դեռ Ադրբեջանը մերժում է համագործակցության բոլոր ձեւերը: Նաեւ հիշեցրեց, որ Եվրոպայի խորհուրդը պրակտիկա ունի հանդիպումների հրավիրել բոլոր կողմերի ներկայացուցիչներին, եւ առաջարկեց, որ այդ հանձնաժողովում ներգրավված լինեն նաեւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները: Այլապես, ըստ նրա՝ Հայաստանը չի կարող մասնակցել այդ հանձնաժողովի նիստերին:
Հաջորդ ելույթը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանինն էր, որը հիշեցրեց, թե հունվարի 28-ին կայացնելով ԼՂ հարցով հատուկ հանձնաժողովը վերստեղծելու մասին որոշումը՝ «Բյուրոն խորհրդավորությամբ կորցրեց հայկական պատվիրակության նամակի հետքերը եւ աչք ծակող գործելաոճով անտեսեց ուղղակիորեն ներգրավված կողմի դիրքորոշումը եւ առարկությունները: Չի կարելի լուրջ դրական արդյունքներ ակնկալել ստիպողաբար առաջադրված գործընթացից: Քանի որ Վեհաժողովի նախագահը որոշել է հայկական պատվիրակության դիրքորոշումը պահել իր գորգի տակ՝ ես բոլոր ներկայացուցիչների առջեւ կկրկնեմ մեր դիրքորոշումը»: Եվ հրապարակեց վերոհիշյալ նամակում («Առավոտ», 28-ը հունվարի) առկա փաստարկները՝ մասնավորապես. «Մենք հարցականի տակ ենք դնում այս հատուկ հանձնաժողովի վերակազմակերպման անկեղծ, անկողմնակալ եւ ազնիվ մղումները»: Դավիթ Հարությունյանը եւս մեկ անգամ նշեց, թե երկու պատվիրակությունների միջեւ հարաբերությունների առկա լարվածության թուլացումը պետք է լինի առաջին նվազագույն քայլը, որ հնարավորություն ունենան իրական ներդրում ունենալ հաշտեցման գործընթացում. «Ներկայումս առկա անհանդուրժողության եւ Վեհաժողովը սադրիչ քարոզչության համար օգտագործելու մթնոլորտում հատուկ հանձնաժողովը բաց հրավեր է լուրջ վնաս հասցնելու բանակցային գործընթացին եւ ձախողելու հակամարտության խաղաղ ու բանակցված կարգավորման ջանքերը: Հայկական պատվիրակությունը ոչ մի պայմանով չի կարող հանձն առնել նման անպատասխանատվություն»: Ելույթի վերջում կրկնեց ՀՀ պատվիրակության առաջարկը. «Մենք առաջարկում ենք լիակատար մորատորիում հայտարարել ցանկացած փոխադարձ մեղադրական հայտարարության նկատմամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների յուրաքանչյուր անդամի կողմից՝ հակամարտությանն առնչվող ցանկացած հարցի կապակցությամբ»: Դավիթ Հարությունյանը նաեւ առաջարկեց զուգահեռ շարունակել երկկողմ խորհրդակցությունները պատվիրակությունների միջեւ՝ «Միջնորդությամբ այլ երրորդ կողմի, քան ԵԽԽՎ նախագահն է, Բյուրոն կամ հանձնաժողովի ձեր նորանշանակ նախագահը»:
Քիչ անց ելույթ ունեցավ Ադրբեջանի պատվիրակ Գանիրա Փաշաեւան, որն ի դերեւ հանեց «խոսքային հրադադարի» հաստատման հույսերը: Նա մասնավորապես հայտարարեց, թե հայկական զինված ուժերը Ադրբեջանի «գրավյալ տարածքներում վերջերս սպանել են 9-ամյա գյուղացի տղայի»: Եվ պահանջեց, որ ԵԽԽՎ պատվիրակները դատապարտեն Հայաստանի գործողությունները՝ ստորագրելով գրավոր հռչակագիր. «Հայ պատվիրակները պետք է ներողություն խնդրեն Վեհաժողովից այս սպանության համար»: Հիշատակեց նաեւ Ստեփանակերտում օդանավակայանի կառուցումը եւ այն, որ ՀՀ նախագահն ասել է, թե ինքը լինելու է առաջին չվերթի ուղեւորը. «Հայկական իշխանությունները պետք է ձեռնպահ մնան նման հռետորաբանությունից»: Օրվա երկրորդ կեսին, երբ ԵԽԽՎ պատվիրակների առջեւ ելույթ էր ունենում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը՝ Գանիրա Փաշաեւան փորձեց պարզել «9-ամյա տղայի սպանության» նկատմամբ նրա վերաբերմունքը, սակայն նա ասաց. «Ես չեմ արձագանքի այդ առանձնահատուկ հարցին»:
Իսկ հետո էլ Ռաֆայել Հուսեյնովը հարց ուղղեց, թե ինչու ԵԽ-ն չի պատժում Հայաստանին «Ադրբեջանի տարածքի 20%-ը բռնազավթելու, ահաբեկչական ճամբարներ ստեղծելու եւ այնտեղ թմրանյութեր աճեցնելու» համար: Թորբյորն Յագլանդը պատասխանեց, թե այդ հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի գործն է, որի անդամը երբեք չի եղել Եվրոպայի խորհուրդը: Եվ ընդգծեց, թե ավելի շատ ուշադրություն պետք է դարձվի «սառեցված հակամարտությունների» գոտիներում մարդու իրավունքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել