Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Ապրիլ 09,2011 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ վեցերորդ

ԵՐՎԱՆԴԻ ՍՆԿԵՐԸ

Ռոբի անձնուրաց ու անշահախնդիր սիրո վերաբերյալ էլ նույնը կարող եմ ասել՝ ավելացնելով, որ Պատրիցիա-Նազենիի առողջական խնդիրների մասին տեղեկանալով՝ Ռոբը ոչ միայն չդադարեց սիրել աղջկան, այլեւ իր հոգում ծագած սերն առավել սաստկանալով՝ անձնազոհության երանգներ ստացավ, եւ մինչ էս բաներն եմ գրում, Ռոբն ու բժիշկը Պատրիցիա-Նազենիի բուժման հարցերն են քննարկում, ավելի ճիշտ՝ երեկ էդ հարցերը քննարկեցին ու որոշեցին, որ Պատրիցիա-Նազենին պիտի շուտափույթ հիվանդանոց տեղափոխվի, ու էսօր իրիկուն անալիզները կհանձնեն, եւ շուտով ամեն ինչ պարզ կդառնա, իսկ էս պահի դրությամբ արդեն պարզից էլ պարզ է, որ Ռոբն ու Պատրիցիա-Նազենին ինքնամոռաց ու փոխադարձ սիրով են սիրում իրար. այսինքն, սա հենց էն սերն է, որին ձգտում ու որի մասին փափագում է ցանկացած երիտասարդ, ու մենք էլ մե՛ր ջահելության տարիներին էինք էս տեսակ սեր ու մանավանդ Նազենիի պես սիրուն զուգընկեր պատկերացնելով փափագում, եւ ահա կինոյի Ռոբն իրականացած է գտել մեր ջահելության երազանքն ու իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի հանկարծ չկորցնի իր էդ անզուգական գտածոն, բայց, ինչպես կյանքում, կինոյում էլ է շատ հեշտ գտածը կորցնելը, մանավանդ որ՝ չկորցնելը ոչ էնքան Պատրիցիա-Նազենիից ու Ռոբից է կախված, ինչքան՝ Ռեմարկից ու Ռեմարկին հայացրած երիտասարդ սցենարիստից, բայց, բարեբախտաբար, Ռեմարկի էս վեպի սյուժեի մանրամասները չեմ հիշում եւ երիտասարդի հայացրած տարբերակից էլ որեւէ տեղեկություն չունեմ եւ հիմա ինքս էլ Ռոբի պես հույսեր եմ փայփայում, որ շուտով Նազենի-Պատրիցիան կբուժվի, ու երկուսով երջանիկ կլինեն, ավելի ճիշտ՝ երկուսով կշարունակեն երջանիկ լինել՝ շարունակելով ապրել Ռոբի էդ վարձով բնակարանում. այսինքն, ուզում եմ ասել, որ իրենք արդեն իսկ երջանիկ են՝ անկախ էս ֆիլմի ընթացքից ու շարունակությունից, եւ ոչ ոք չի կարող պնդել թե՝ կինեմատոգրաֆիական ու խաղարկային սերերը կեղծ ու սուտ սերեր են, եւ նմանապես որեւէ մեկը չի կարող պնդել թե՝ անկեղծ ու ճշմարիտ են բոլոր էն սերերը, որոնք պատահել ու պատահում են իրական կյանքում՝ կինեմատոգրաֆիայից ու դերասանությունից անդին, մանավանդ որ՝ մեր ջահելության տարիներին ու երեւի հիմի էլ երիտասարդ սիրահար զույգերն իրար սիրելիս հիմնականում կինոդերասաններին եւ հատկապես համաշխարհային կինոյի աստղերին են նմանակել ու նմանակում. էնպես որ, ոչ ոք չի կարող հաստատ ասել՝ սիրո հարցում դերասաննե՞րն են իրենց զգացմունքներն ավելի կեղծում, թե՝ սովորական մահկանացուները, եւ եթե էս ընթացիկ ֆիլմում Ռոբն ու Պատրիցիա-Նազենին իրենց էս փոխադարձ սիրո ընթացքում իրենց որոշ չափով կեղծում էլ են, ապա կեղծում են ոչ ավելի, քան կկեղծեին իրական կյանքում իրար սիրելիս, եւ էս ասածս հատկապես Նազենիին է վերաբերում, որովհետեւ Նազենիին նախ կյանքում ու իրականության մեջ եմ տեսել, հետո նոր՝ եթերում ու էկրաններին, եւ Նազենիին կյանքում, եթերում ու էկրաններին բազմիցս տեսնելով՝ կարող եմ ասել, որ Նազենին եթերում ու էկրաններին իրեն ավելի չի կեղծում, քան՝ կյանքում, եւ չնայած իր խաղընկեր Ռոբին կյանքում տեսած չկամ, իր մասին էլ նույնը կարող եմ ասել՝ որոշ վերապահումներով իհարկե, եւ չնայած Նազենիին որոշ չափով ճանաչում եմ, իր մասին էլ եմ էս բոլոր ասածներս որոշակի վերապահումներով ասում, եւ մանավանդ իրենց ու բոլորիս երջանկության մասին խոսելիս եմ վերապահումներով խոսում, որովհետեւ երջանկությունը նույնքան անիմանալի ու անճանաչելի է՝ որքան մարդը, եւ, ինչպես մարդը, երջանկությունն էլ է ավարտվելուց ու վերջանալուց հետո միայն իմացվում, ճանաչվում ու հասկացվում. այսինքն, քանի դեռ էս «Երեք ընկերը» շարունակվում է, ես երեւի Պատրիցիա-Նազենիի ու Ռոբի երջանկության մասին խոսելու ու ենթադրություններ անելու իրավունք չունեի էլ, բայց քանի որ Ռեմարկին հայացրած երիտասարդ սցենարիստն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի էս երկու սիրող սրտերին հնարավորինս շուտ բաժանի իրարից, ես էլ իմ հերթին շտապելով՝ շտապում եմ արձանագրել, որ Ռոբն ու Պատրիցիա-Նազենին արդեն իսկ երջանիկ են՝ անկախ էս ֆիլմի շարունակությունից ու ավարտից, որովհետեւ երջանկությունը, ինչպես դժբախտությունը, մշտական ու հավերժական չի լինում. ավելին. երջանկությունն անհամեմատ կարճ է տեւում, քան՝ դժբախտությունը, եւ եթե նույնիսկ էդպես էլ չի, էդպես է թվում, որովհետեւ երջանկությունը, ի տարբերություն դժբախտության, բացառապես հաճելի ու երանելի պահերից է բաղկացած եւ, անկախ տեւողությունից, չափազանց արագ է անցնում ու ավարտվում. էնքան արագ, որ երջանիկ լինելդ չես էլ հասցնում կռահել ու հասկանալ, եւ, ցավոք սրտի, երջանիկ լինելդ կռահում ես չափազանց հետին թվով՝ երբ երջանկությունդ արդեն անցած ու ավարտված է լինում, եւ երբ անցած ու ավարտված է լինում, արդեն էս կյանքում լուրջ անելիք չես ունենում եւ պարապությունից սկսում ես հիշել ու հասկանալ, որ ուրիշների պես ինքդ էլ ես էս կյանքում երանելի պահեր ապրել ու երջանկության տեր եղել, եւ երբ երանության ու երջանկության անցողիկությունն ընկալում ու հասկանում ես, սկսում ես հասկանալ նաեւ, որ եթե երջանկության էդ բոլոր պահերդ վայրկյան առ վայրկյան հիշելով իրար գումարես, ժամանակի ու տեւողության առումով հազիվ էլ Նազենիի ու Ռոբի էս կինոերջանկության չափ ստացվի, ու երիտասարդ սցենարիստն ինչքան էլ փորձի հարամել ու փչացնել էս երկուսի երջանկությունը, արդեն չի կարող էդ անել, որովհետեւ էս երկուսն արդեն երջանիկ եղել են, ընդ որում՝ բոլորիս աչքի առաջ, ընդ որում՝ նաեւ սցենարիստի՛ շնորհիվ են երջանիկ եղել, եւ Ռոբն ու Նազենին հիմա՝ հենց էս պահին էլ են երջանիկ լինելու ուղղությամբ մեծ ջանքեր գործադրում, եւ դա արդեն նշանակում է, որ նրանք հետայսու դժվար թե երջանիկ լինեն՝ եթե նույնիսկ սցենարիստը շատ ուզենա. այսինքն, իրենք երջանիկ էին՝ անկախ սցենարիստի ցանկությունից, եւ հետայսու երջանիկ չեն լինի՝ վերստին սցենարիստի ցանկությունից անկախ, որովհետեւ ինչքան էլ սցենարիստն անփորձ ու սկսնակ լինի, պրոֆեսիոնալների ու փորձառուների պես ինքն էլ է բնության օրենքներին հլու-հնազանդ ենթարկվում, իսկ բնության օրենքները պահանջում են, որ երջանկությունը որեւէ պահից սկսվելով՝ որեւէ պահի ընդհատվի ու ավարտվի, որովհետեւ եթե երջանկությունն անվերջ է շարունակվում ու տեւում, դադարում է երջանկություն լինել եւ ինչ-որ պահից սկսած՝ վերածվում է սովորական եւ նույնիսկ միօրինակ առօրյայի. ավելին. երբ երջանկությունը չափից ավելի երկար շարունակվելով՝ վերածվում է սովորական ու միօրինակ առօրյայի, կնշանակի՝ կոնկրետ էդ երջանկությունը երբեւէ գոյություն չի էլ ունեցել, որովհետեւ երբ երջանկությունն ինչ-որ պահից սկսած՝ վերածվում է սովորական ու շարունակական առօրյայի, ոչ միայն ներկան ու ապագան է անհետաքրքիր դարձնում, այլեւ՝ անցյալը. այսինքն, եթե Ռոբն ու Նազենին իրենց սցենարիստի կամքով ու առաջնորդությամբ շարունակեն երջանիկ լինել, ոչ միայն հեռուստադիտողներիս են ձանձրույթ պատճառելու, այլեւ՝ իրենք իրենց, այսինքն՝ իրենք էլ են հոգնելու ու ձանձրանալու իրենց իսկ երջանկությունից, եւ որեւէ սերիայից սկսած՝ դադարելու են իրենց երջանիկ զգալ՝ էն պարզ պատճառով, որ երջանկությունը հավերժական չի կարող լինել. ավելին. երջանկությունը նույնիսկ տեւական չի կարող լինել, բայց քանի որ Ռոբն ու Պատրիցիա-Նազենին չափազանց երիտասարդ են ու էս ասածներիս մասին երբեւէ չեն մտածել, շարունակում են իրենցից կախված ամեն ջանք գործադրել, որպեսզի իրենց էդ կինոերջանկությունը հնարավորինս երկարաձգվի, ու էդ ուղղությամբ հնարավոր ամեն ջանք գործադրելով՝ մոռանում են, որ իրենք երջանիկ լինելու ուղղությամբ ի սկզբանե ու նախապես որեւէ ջանք չէին գործադրել եւ նախապես ու ի սկզբանե որեւէ ջանք չգործադրելով՝ ահագին ժամանակ երջանիկ էին. այսինքն, ուզում եմ ասել, որ երջանկությունն առանձնապես ջանքեր չի պահանջում. ավելին. որտեղ ջանքերն սկսվում են, հենց էդտեղ էլ երջանկությունն ընդհատվում ու ավարտվում է, եւ երջանկության հենց էդ ավարտից սկսած՝ սկսվում ու շարունակվում է երջանկության փնտրտուքը, ընդ որում՝ անխտիր բոլորի մոտ է սկսվում ու շարունակվում՝ անկախ էն հանգամանքից՝ տվյալ անձնավորությունը երբեւէ երջանիկ եղել է, թե՝ ոչ, որովհետեւ մարդ արարածն Աստծուց ու բնությունից ստեղծված է ագահ ու անհագ՝ էն աստիճանի ագահ ու անհագ, որ նույնիսկ մի անգամ արդեն երջանիկ եղածներն են տենչում երջանիկ լինել՝ առանց մտածելու, որ իրենց կողքին իրենց պես եւ նույնիսկ իրենցից արժանավոր ուրիշներ էլ կան, որոնք կյանքում նույնիսկ մի ակնթարթ երջանիկ չեն եղել, բայց, այդուհանդերձ, մեր՝ երջանիկներիս ու ապերջանիկներիս շարքերում առանձնապես մեծ թիվ են կազմում նրանք՝ ովքեր երբեւէ երջանիկ լինելով՝ երբեւէ չեն զգացել ու չեն գիտակցել իրենց իսկ երջանկությունը, եւ որեւէ մեկս չի կարող պնդել ու ապացուցել, որ ինքն էդ չզգացածներից ու չգիտակցածներից մեկը չի, ու մանավանդ ե՛ս չեմ կարող իմ առումով էդ բանը պնդել, որովհետեւ երջանկության մասին էսքան ճամարտակելուց հետո եմ միայն հասկանում, որ երջանկությունն էնքան պարզ բան է, որ իմաստ էլ չունի այն բացատրել ու վերծանել, եւ հատկապես երջանիկները չեն կարող էդ անել, չնայած, այդուհանդերձ, երջանիկներից մեկին հաջողվել է էդ անել, ու էդ մեկը մեր հայրենակից Մարտիրոս Սարյանն է, որ մի անգամ չափազանց հասկանալի լեզվով ասել է. «Երջանկությունը ապրելն է»։
Երջանկության մասին էս կեսգիշերային ճամարտակություններս դեռեւս առավոտյան էի սկսել, ընդ որում՝ ոչ թե Ռեմարկի էս հայացված սերիալի առիթով սկսեցի, այլ՝ Նազենիի էդ «Երջանկության մեխանիկայի» առիթով, եւ եթե առավոտյան բոլորիս ու անձամբ Նազենիի երջանկության մասին որոշ հոդաբաշխ մտքեր արտահայտեցի, էդ նրանից է, որ առավոտներն ուղեղս անհամեմատ լավ է աշխատում, եւ եթե երջանկության մասին էս ամենավերջին դատողություններս անհեթեթ ու ցաքուցրիվ են, դրա պատճառն էլ էն է, որ հիմա կեսգիշեր է, եւ ուղեղս էլ, բնականաբար, շատ վատ է գործում, որովհետեւ ես նույնիսկ Ծաղկաձորի մեր էս հարմարավետ ստեղծագործական տանը գիշերները գրելու սովորություն չունեմ, եւ եթե հիմա՝ էս պահին գրում եմ, դրա պատճառն էն է, որ մեծական ու մանկական բանաստեղծ Պետրոսյան Երվանդն էսօր Ծաղկաձորի մեր էս ստեղծագործական տանը հայտնվելով՝ բոլորիս ու ամեն ինչ իրենով է արել, եւ չնայած էս տարվա կարկուտների պատճառով էս տարի Ծաղկաձորում տանձուխնձոր համարյա չկա, Երվանդը Ծաղկաձորում հայտնվելուն պես համարժեք զբաղմունք գտավ, քանի որ էս տարվա կարկուտը Ծաղկաձորի տանձերի ու խնձորների հախից գալով՝ սնկերի հանդեպ միանգամայն անզոր է գտնվել, եւ էսօր Երվանդը ճաշից հետո շրջակայքում դեգերելով ու տանձուխնձոր փնտրելով՝ էնքան սունկ էր հայտնաբերել ու հավաքել, որ ճաշարանի աշխատողների ու անձամբ ճաշարանի վարիչ Նունեի ջանքերով էսօրվա մեր ընթրիքը բացառապես Երվանդի հավաքած էդ երկու տեսակի սնկերից էր բաղկացած, եւ խոհարարները Նունեի ղեկավարությամբ էնքան համեղ էին էդ երկու տեսակի սնկերը պատրաստել, որ ընթրիքին մասնակից գրողներս էնպիսի հաճույքով ու ախորժակով ըմբոշխնեցինք դրանք, որ ընթրիքից ուշացած թարգմանչուհի ու բանաստեղծուհի Կարինե Խալաթովային մի հատիկ սունկ չհասավ, եւ հատկապես Երվանդն էր էդ հանգամանքից վրդովված, որովհետեւ ամբողջ սրտով էր ցանկանում, որ իր հավաքած էդ սնկերն անխտիր բոլորին բաժին հասնեն, եւ Երվանդը հատկապես ինձ էր թարս նայում, որովհետեւ ես մյուսներից զգալիորեն շատ էի կերել. այսինքն, եթե ես մյուսների չափ կերած լինեի, Երվանդի հավաքած եւ Նունեի ղեկավարությամբ պատրաստված էդ սնկերը ո՛չ միայն թարգմանչուհի ու բանաստեղծուհի Խալաթովա Կարինեին բաժին կհասնեին, այլեւ՝ Ծաղկաձորի մեր էս ստեղծագործական տանը վարձով հանգստացող ու չստեղծագործող մի քանի երիտասարդ զույգերին, բայց էդ հանգամանքից ոչ թե Խալաթովա Կարինեն ու չստեղծագործող երիտասարդ զույգերն էին վրդովվել, այլ միայն ու միայն՝ Երվանդը. ավելին. էդ հանգամանքից հատկապես Խալաթովա Կարինեն էր շատ ուրախ, եւ Երվանդից թաքուն ականջիս շշնջաց՝ «դիտմամբ ուժինից ուշացա, որ Երվանդի էդ սնկերը չուտեմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Երվանդի հավաքած սունկն ի՞նչ պիտի լինի», եւ երբ իրեն ասացի՝ «չտեսնված սունկ էր», թարգմանչուհի ու բանաստեղծուհի Խալաթովա Կարինեն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «մի քանի ժամից կերեւա», եւ ահա՝ էդ մի քանի ժամն արդեն անցել է, եւ չնայած ջերմաչափ չունեմ, առանց ջերմաչափի էլ հստակ զգում եմ, որ տաքությունս առնվազն երեսունութ կլինի, եւ սիրտս էլ ահավոր է խառնում, եւ գլուխս էլ ահա-ահա պայթում է, ու էս վիճակում արդեն մի քանի ժամ նստած՝ Նազենիի ու բոլորիս երջանկությունից եմ ճամարտակում, ու էս ճամարտակություններիս պատճառը հիմնականում անքնությունս է, եւ անքնությանս պատճառն էլ հիմնականում Երվանդի հավաքած եւ Նունեի ղեկավարությամբ պատրաստված էդ, ուրեմն, սնկերն են, որովհետեւ եթե դուք էլ ձեր կյանքում առաջին անգամ ճաշակեիք Երվանդի հավաքած եւ Նունեի ղեկավարությամբ պատրաստված էդ սնկերը, եւ եթե էդ խորհրդավոր ընթրիքից ընդամենը մի քանի ժամ անց ձեր սիրտն էլ իմինի պես խառներ, եւ ձեր գլուխն էլ իմինի պես պայթեր, եւ եթե էդ սնկերից հետո ձեր ջերմությունն էլ երեսունութին մոտենար, հաստատ համոզված եղեք, որ ինձ պես դուք էլ չէիք կարողանա քնել, որովհետեւ ինձ պես դուք էլ երեւի գիտեք, որ մարդկության պատմության մեջ սնկից թունավորման դեպքերն անթիվ ու անհամար են, ընդ որում՝ էդ թունավորումների հետեւանքով մահացության դեպքերն էլ են անթիվ ու անհամար, եւ որպեսզի էս մտքերն ինձանից հեռացնեմ, ժամանակ առ ժամանակ մոտենում եմ Ծաղկաձորի իմ էս ժամանակավոր տան ժամանակավոր գրասեղանիս եւ էս տհաճ մտորումներն ինձանից վանելու նպատակով Նազենի-Պատրիցիայի, Ռոբի ու բոլորիս երջանկության մասին եմ ճամարտակում, բայց հիմա՝ էս պահին արդեն ի վիճակի չեմ էդ իմաստակությունս շարունակել, որովհետեւ Սարյանի ասածը հիշելով՝ հիմա արդեն միայն ու միայն ապրելու մասին եմ մտածում, ինչպես նաեւ՝ չապրելու մասին, բայց ապրելուս ու չապրելուս մասին միաժամանակ մտածելով՝ միաժամանակ նաեւ Երեւանում թողած ընտանիքիս՝ կնոջս ու աղջկերքիս մասին եմ մտածում. մտածում եմ՝ առանց ինձ ո՞նց պիտի ապրեն, բայց հիմա վերստին Սարյանի ասածը հիշելով՝ համեմատաբար հանգստանում ու վերջնականապես հասկանում եմ, որ երջանկությունը ոչ թե լավ ապրելն է, այլ պարզապես ու ընդամենը՝ ապրելը, մանավանդ որ՝ լավ ապրելը մեկի համար մի բան է, մյուսի համար՝ բոլորովին այլ բան, եւ նմանապես երջանկությունն է հարաբերական, եւ միայն Սարյանն է հասկացել, որ երջանկությունը պարզապես ապրելն է, բայց արտառոցն ու տարօրինակն էն է, որ Սարյանի էդ պարզ ու հասկանալի ասածը գրեթե չենք հիշում, եւ եթե երբեմն հիշում ենք էլ, ապա միայն էն ժամանակ, երբ Պետրոսյան Երվանդի սնկերն արդեն ագահաբար ճաշակած ենք լինում, ընդ որում՝ եթե էս պահի սրտխառնուքս, գլխացավս ու տաքությունս չլինեին, էլի Սարյանի էդ ասածը չէի հիշի, եւ հիմա, երբ Սարյանի ասածն արդեն հիշել ու ձեզ էլ եմ հիշեցրել, առավոտվա յոթն արդեն անց է, եւ դիմացի սարի հետեւից լույսն ահա ծիկրակում է, եւ կոպերս արդեն ծանրացել են, եւ հաճելիորեն զգում եմ, որ ուր-որ է՝ քունն ինձ կհաղթի, եւ հիմա արդեն հաստատ գիտեմ, որ հաղթել է, որովհետեւ արդեն զարթնել, լվացվել, սուրճս եփել ու վերստին հարմարավետ տեղավորվել եմ էս թղթերիս դեմ, եւ արդեն չորսն է դառնում. այսինքն, ես ոչ միայն նախաճաշն եմ բաց թողել, այլեւ՝ ճաշը, եւ շատ էլ գոհ եմ, որ բաց եմ թողել, որովհետեւ Երվանդի հավաքած ու Նունեի ղեկավարությամբ պատրաստված էդ լիքը սնկերն ուտելուց հետո էսքան հաջող զարթնելն ավելի քան ուրախալի ու իմաստավոր է, մանավանդ որ՝ ջերմությունս, սրտխառնոցս ու գլխացավս էլ արդեն ոչ եւս են, եւ չնայած հիմա՝ էս պահին լավ էլ տաք եմ, էս արդեն ոչ թե հիվանդության տաքությունն է, այլ՝ կյանքինը, եւ էս պահին էս թղթերս մի կողմ չթողնելն ու պատշգամբ դուրս չգալն իմ կողմից պարզապես անշնորհքություն կլինի, ու էդպես էլ արեցի, եւ պատշգամբ դուրս գալով ու դիմացի սարի դոշին սպիտակ քարերով պատկերված մեծ խաչին նայելով՝ «Հայր մերը» դնդնացի, եւ շուրջս ամեն ինչ հրաշալի է, ավելի ճիշտ՝ ամեն ինչ առաջվանն է, եւ առաջվա պես դիմացի սարի դոշին սպիտակ քարերով գրված է՝ ԳՈԳՈ, եւ աջ կողմում՝ ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ, ու ձախից վերստին Կեչառիսն է, ու աջից՝ Ծաղկաձորի սարերից մինչեւ Ախտա հանապազօրյա լույսն է, եւ չնայած պատշգամբիցս էդքանն է երեւում, համոզված եմ, որ լույսը շարունակվելով հասնում է Երեւան ու Երեւանից էլ անդին, եւ հիմա էս թափթփված թղթերիս նայելով՝ Սարյանի ասածն եմ տեսնում, եւ Սարյանի ասածը տեսնելով, կարդալով, իմաստավորելով ու վերաիմաստավորելով՝ վերջնականապես ու հիմնավորապես եմ հասկանում, որ երջանիկ եմ, որովհետեւ, ամեն ինչից բացի, նաեւ սկսում եմ հասկանալ, որ Երվանդի հավաքած եւ Նունեի ղեկավարությամբ պատրաստված էդ սնկերից հետո ո՛չ միայն ես եմ էսպես հաջողությամբ զարթնել, այլեւ էդ սնկերն ախորժակով ճաշակած մյուսներն ու անձամբ Երվանդն էլ, եւ չնայած իրենք ու մանավանդ Երվանդն, ըստ ամենայնի, իրենց երջանիկ լինելու մասին էս պահի դրությամբ ոչինչ չգիտեն, ես ոչ միայն ի՛մ երջանիկ լինելն եմ էս պահին հասկանում, այլեւ իրենցն էլ, որովհետեւ հասկանում եմ ու գիտեմ, որ ինձ պես իրենք էլ էս կյանքում դեռեւս լիքը անելիքներ ունեն, եւ հատկապես ու առանձնապես Երվանդը լիքը անելիքներ ունի, ընդ որում՝ հենց էսօր ունի, ու էդ մասին ինքն ինձ երեկ՝ դեռեւս իր հավաքած սնկերն ուտելուց առաջ ասաց, ու Երվանդի էսօրվա էդ անելիքն անձամբ Ծաղկաձորի քաղաքապետի հետ է կապված. բանն այն է, որ տարիների ընթացքում Երվանդը Ծաղկաձորի մասին ահագին բանաստեղծություններ է գրել՝ մեծական ու մանկական, եւ իմ ու մանավանդ Երվանդի կարծիքով՝ ժամանակն արդեն հասունացել է, որպեսզի Ծաղկաձորի ֆաունային ու ֆլորային նվիրված էդ մեծական ու մանկական բանաստեղծություններն առանձին գրքով տպագրվեն, մանավանդ որ, ֆլորայից ու ֆաունայից բացի, Երվանդը նաեւ մի պոեմ ունի, ուր հանգավոր ու բավական մանրակրկիտ անդրադարձել է Ծաղկաձորի պատմությանը՝ զանազան ավանդույթների ու զանազան պատմիչների վկայությունների վրա հիմնվելով, եւ չնայած Երվանդին դեռեւս անցյալ տարի էի խորհուրդ տվել, որ իր էդ գրքի տպագրության հարցով անձամբ Ծաղկաձորի քաղաքապետին դիմի, ինքը միայն հիմա՝ մի տարի անց է վճռականությամբ լցվել, որովհետեւ ինքը վերջերս է էդ ավանդապատում-պոեմն ավարտել ու ավելացրել Ծաղկաձորի մասին իր մյուս գրածներին, եւ հիմա, երբ իր էդ առայժմ անտիպ գրքի մասին ձեզ տեղեկացնում եմ, էդ գրքի հետագա ճակատագիրը պիտի որ արդեն հայտնի լինի, որովհետեւ դեռեւս երեկ մեր էս ստեղծագործական տան տնօրեն Մովսեսը Երվանդի խնդրանքով զանգել է Ծաղկաձորի քաղաքապետին ու խնդրել, որ Երվանդին ընդունի, եւ Ծաղկաձորի քաղաքապետը համաձայնվելով՝ էսօր երեքին ընդունելություն է նշանակել. այսինքն, էս պահի դրությամբ, Երվանդն ու քաղաքապետը պիտի որ արդեն հանդիպած ու պայմանավորված լինեն, որովհետեւ էս պահին արդեն ժամը յոթն է, եւ չնայած ահավոր քաղցած եմ, ընթրիքի չեմ շտապում, ու քանի գրվում է՝ գրում եմ, որովհետեւ համոզված եմ, որ ընթրիքից հետո Երվանդն իր ու Ծաղկաձորի քաղաքապետի էդ հանդիպման մասին էնքան դանդաղ ու էնքան մանրամասն է պատմելու, որ էսօր դժվար թե գրելու ժամանակ ունենամ։
Էդպես էլ եղավ, եւ երեկ երեկոյան ու մինչեւ ուշ գիշեր Երվանդն իր ու Ծաղկաձորի քաղաքապետի հանդիպումն էնքան երկար ու էնքան մանրամասն նկարագրեց, որ հիմա զարթնելով՝ դեռեւս իր պատմածի տպավորության տակ եմ, եւ ամբողջ տպավորությունս վերաբերում է Երվանդի ու քաղաքապետի էդ հանդիպմանն ու Երվանդի էդ դեռեւս անտիպ գրքի հետագա ճակատագրին, բայց քանի որ իրենց էդ հանդիպումը Երվանդի պես մանրակրկիտ ու հետաքրքիր չեմ կարող վերապատմել, ընդամենն էն կասեմ, որ Երվանդն էդ քաղաքապետի մասին ոչ միայն ընդգծված հիացմունքով, այլեւ չափազանց ընդգծված կարեկցանքով էր խոսում, որովհետեւ միանգամայն սրտանց ցանկանալով Երվանդի գրած էդ գիրքը հովանավորել ու ֆինանսավորել՝ Ծաղկաձորի քաղաքապետը Երվանդին թախանձագին խնդրել է մի տարի սպասել՝ մինչեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամն անցնի, եւ Երվանդը քաղաքապետի ընդունելությունից ու սրտացավությունից էնքան տպավորված ու շոյված է, որ պատրաստ է նույնիսկ մի քանի տարի սպասել, եւ երբ Երվանդին հուսադրելով ասացի, որ միգուցե այլ հովանավոր ճարի, Երվանդը որոշ ժամանակ լռելուց ու մի քիչ մտածելուց հետո ասաց՝ «ուրիշ հովանավոր պետք չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ ուրիշ հովանավոր ճարեմ, կարող ա քաղաքապետը նեղանա», եւ ես չգիտեի ինչ ասեմ եւ մի քիչ մտածելուց հետո ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ հիմա արթնանալով ու Երվանդի էդ վերջին ասածը հիշելով՝ արդեն իսկապես մտածում եմ, որ ճիշտը Երվանդն է, որովհետեւ Երվանդն առաջիկա տարին հույսով ու հավատով սպասելով՝ ոչ միայն նորանոր մեծական ու մանկական բանաստեղծություններ կգրի, այլեւ Ծաղկաձորի մասին գրած իր էս ժողովածուն էլ նորանոր բանաստեղծություններով կհամեմի ու կհարստացնի:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել