Տարիքով եւ միայնակ մարդկանց համար խանութ գնալն ավելի օգտակար է, քան առավոտյան վարժությունը: Սրա մասին պնդում են Թայվանի առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտողները:
Գիտնականները հարցում են անցկացրել 65 տարեկանից բարձր 1850 բնակիչների շրջանում, որոնք միայնակ են ապրում: Գլխավոր հարցը եղել է այն, թե որքան հաճախ են նրանք խանութ գնում: Այնուհետեւ 1999-2008-ի ընթացքում գիտնականները ուսումնասիրել են հարցվածների վիճակը՝ հիմնվելով մահվան գրանցման ազգային տվյալների վրա: Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք խանութներից գնումներ են անում ամեն օր, ավելի երկար են ապրում: Ընդ որում, այս կարգը պահպահվել է անգամ նրանց մոտ, ում առողջական վիճակը վատ է եղել: Գնումների գնալը մահվան ռիսկը պակասեցնում է մեկ քառորդով: Տղամարդկանց մահվան վտանգը կրճատվել է 28, իսկ կանանցը՝ 23 տոկոսով: Մասնագետների կարծիքով՝ հիմնական պատճառն ակտիվ կյանքն է, որը դրական ազդեցություն է թողնում առողջության վրա: Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ սպորտաձեւով զբաղվելու համեմատությամբ՝ խանութ գնալն ավելի քիչ ջանք է պահանջում: